
Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը կադրային ջարդ է սկսել քաղաքապետարանում: Կարապետյանի նորանշանակ մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը երեկ մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկությունը, որ աշխատանքից ազատվել է քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Գրիգոր Մելքումյանը:
Ըստ Շ. Սարդարյանի` երեկ իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է նաեւ Երեւանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանը: Այդ պաշտոններում նոր նշանակումներ դեռ չկան, եւ թեկնածուների անուններ էլ դեռ չեն շրջանառվում:
Երեկ աշխատանքից ազատվել է նաեւ Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Համլետ Մարգարյանը: Նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակվել է քաղաքապետի մերձավոր Էդիկ Մուշեղյանը: Վերջինիս Կարապետյանը երեկ ներկայացրել է Արաբկիրի թաղապետարանի աշխատակիցներին:
Մեր տեղեկություններով` արդեն աշխատանքից ազատվելու դիմում է գրել նաեւ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Մելիք Գասպարյանը: Աշխատանքից ազատվելու են Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Գագիկ Գյանջումյանը եւ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Սարգիս Հովհաննիսյանը:
Վերոնշյալ անձինք համարվում են Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի մարդիկ: Այս ամենի կապակցությամբ, սակայն, մամուլի քարտուղարն ասաց. «Նման բան այս պահի դրությամբ դեռ չկա»:
Մենք տեղեկություններ ունենք նաեւ, որ առաջիկայում պաշտոնանկ են արվելու քաղաքապետարանի մի շարք վարչությունների պետեր` սկսած կրթության վարչությունից, վերջացրած կոմունալով: Այս կապակցությամբ Շուշան Սարդարյանն ասաց. «Ինչ վերաբերում է աշխատակազմին, ապա ներկայումս մշակվում է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի նոր կառուցվածք, որը կներկայացվի Երեւանի ավագանուն, եւ համապատասխանաբար կլինեն որոշ փոփոխություններ»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել