Շտապում եմ ծիծաղել, այլապես պետք է լաց լինեմ
Այն, որ ղարաբաղցիները տաղանդավոր ժողովուրդ են, թվում էր, թե կասկած չկա, բայց վերջին ժամանակներս, դատելով երկրի մշակութային կյանքից, ոչ միայն կասկածում եմ, այլեւ համոզվում, որ այդ դաշտում ամլացել ենք, քանզի բանիմաց ու շնորհալի ուժերը ստիպված լքում են ոլորտը (Տիգրան Մկրտչյան, Գենադի Բադալյան...): Տուրք տալով քանակին` իսպառ որակազրկվել է մշակութային համակարգը: Մինչդեռ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Ն. Աղաբալյանը ամեն պատեհ առիթով խոսում է ինչ-որ առաջընթացի մասին` մատնանշելով առանձին տաղանդավոր անհատների (Ա. Առուշանյան, Վ. Արզումանյան) նշանակալի ձեռքբերումները: Բայց չէ որ հարգելիս, առանց քեզ էլ նրանք իրենց տաղանդի շնորհիվ հասնելու են հաջողության, քո առաջընթացը պետք է տեսանելի լինի ընդհանուր մշակութային քաղաքականության մեջ:
Համակարգին մոտ կանգնած մեկը վերջերս զրույցի մեջ պատահաբար նշեց, որ ամանորյա տոներից հետո նախարարության կողմից ենթակա հիմնարկներից պահանջվել է 2011 թվականի աշխատանքային պլանն ու 2010 թվականի հաշվետվությունը: Հիմա կասեք` շատ ճիշտ է արվել: Այո, միանշանակ համաձայն եմ, բայց խնդիրը ամենեւին դա չէ, այլ այն, որ 2010 թ. աշխատանքային պլանը դեռեւս գտնվում էր տիկին նախարարի մոտ, այն էլ չհաստատված վիճակում: Երբ որոշ հիմնարկներ բարձրաձայնեցին, թե իմաստ չունի նորը ներկայացնել, քանզի առանց պլանի էլ են կարողանում «աշխատել», Աղաբալյանը ձեռնամուխ եղավ դրանց մանրակրկիտ ուսումնասիրմանը, որից հետո միայն 2011 թվականի սկզբին նոր հաստատեց նախորդ տարվա աշխատանքային պլանը: Ահա թե ինչու դաշտը դարձել է խոտան, քանի որ գտնվում է բարձիթողի վիճակում: Ի՞նչ կարող ես պահանջել հիմնարկներից, համույթներից, երբ նրանց առջեւ հստակ պահանջներ չես դրել ու առաջնորդող փաստաթուղթ չես հղել, նկատի ունեմ աշխատանքային պլանը:
Արդյունքում ունենք այն, ինչ ունենք, ասել է թե` ոչինչ էլ չունենք: Մեր երիտասարդ նախարարը կարող էր լավ լրագրող լինել, բայց կառավարման համակարգը նրա համար չէ, քանզի կառավարման ոլորտի համար պրիմիտիվ գիտելիքների չի տիրապետում: Ցավալին այն է, որ օգնող ու խորհուրդ տվող էլ չունի, նա իրեն շրջապատել է նստարանից նոր հելած տիկնիկներով:
Սեդրակ Գրիգորյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել