HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Ութ երեխաները մնացել են առանց տան

Ութ երեխա ունեցող, արցախյան պատերազմի 2-րդ կարգի հաշմանդամ Միքայել Առուշանյանի ընտանիքն առանց տան է մնացել: Ընտանիքը հայտնվել է ծանր կացության մեջ, որից դուրս գալու համար տարիներ շարունակ տարբեր ուղիներ է փնտրել, բազմաթիվ քայլեր ձեռնարկել, սակայն ապարդյուն:

Առուշանյանների ընտանիքը մինչեւ 1990 թվականն ապրում էր Ստեփանակերտ քաղաքում: Միքայելը եւ կինը, որոնք Ստավրոպոլ քաղաքից 1979 թվականին տեղափոխվել էին հայրենիք, աշխատում էին Ստեփանակերտի «Ղարմետաքսկոմբինատում» եւ ապրում էին կոմբինատի` այժմ Տիգրան Մեծ 42 հասցեում գտնվող հանրակացարանի 46-րդ սենյակում, որն ընդամենը 36 քառ. մետր տարածք ուներ:

1990 թվականին, ինչպես պատմում է Միքայել Առուշանյանը, կառավարության ինչ-որ ծրագրի շրջանակներում Ստեփանակերտի քաղաքապետարանի հետ պայմանագիր է կնքվում, որ 5 տարով ընտանիքը պետք է ապրի Ասկերանի շրջանի Խաչեն գյուղում:

«Չգիտեմ, ասում էին, որ գյուղերը պետք է պաշտպանենք ու շենացնենք, դրա համար ուղարկեցին մեզ այստեղ, բայց պայմանն այնպիսին էր, որ մենք 5 տարուց հետո պետք է վերադառնայինք Ստեփանակերտ, որտեղ կպահպանվեր ինչպես հանրակացարանի մեր սենյակում գրանցումը, այնպես էլ 1984 թվականից բնակարանային պայմանները բարելավելու կարիք ունեցողների հերթացուցակում մեր գրանցված լինելը: Իսկ արդյունքում հայտնվեցինք հակառակ վիճակում` մեզանից վերցրեցին մեր սենյակը, որտեղ մինչեւ հիմա դեռ գրանցված ենք»,- ափսոսանքով նշում է արցախյան պատերազմի նախկին ազատամարտիկը եւ իր ասածն ապացուցելու համար ցույց տալիս խոնավությունից գույնը փոխած եւ հնացած աշխատանքային գրքույկի այն մասը, որտեղ նշված է այդ ամենի մասին:

Խաչեն գյուղում գտնվող տունը, որտեղ հիմա ապրում են, բայց որն իրենցը չի, բնակարանային տարրական պայմաններ չունի: Գյուղի ամենահին տներից է, որն ավելի շատ գետնափոր խրճիթի է նմանվում: Մտնելիս անմիջապես աչքի են զարնում պատերի խոնավության հետքերը: Բազմազավակ ընտանիքն ապրում է երկու փոքր սենյակներում, որտեղ կա ընդամենը 4 մահճակալ: Հատակին հնարավոր չէ քնել, քանի որ շատ խոնավ է, իսկ սենյակներից մեկի հատակը պարզապես հող է: Կուչ եկած եւ նիհար երեխաները բարի հայացքով անընդհատ ինձ էին նայում եւ հարցերիս պատասխանում կարմրելով:

Փոքրիկ Գոհարը, որն արդեն 7 տարեկան է, դպրոց ընդհանրապես չի հաճախել: Դպրոց չեն գնում նաեւ մյուս դպրոցահասակ երեխաները: Իսկ պատճառները, ըստ մոր` Ռիտա Դանիելյանի, տարբեր են: «Երեխաները հագուստ, կոշիկ չունեն, որ հագնեն գնան, ու հետո էլ` այնպիսի պայմաններում ենք ապրում, որ տեղ չկա երեխեքը քնեն, հանգստանան, կանոնավոր դպրոց հաճախեն, դպրոցից գալիս են՝ տեղ չկա, որ դաս սովորեն»,- ասում է տիկին Ռիտան եւ շարունակում տան պայմանների թեման` նշելով, որ երեխաներն անընդհատ հիվանդանում են, եւ փող չկա, որ հիվանդանոց տանեն:

Ֆինանսական միջոցների բացակայության պատճառով էլ նա տղաներից մեկին` Գրիգորիին, որը նույնպես երկրորդ կարգի հաշմանդամ է (բանակում մինինգիտ էր ստացել ու զորացրվել), չի կարողանում ստուգման տանել Երեւան: Սոցիալական նման ծանր դրությունը Ռիտա Դանիելյանը պայմանավորում է նրանով, որ ամուսինը 2005-ից, իսկ տղան` 2007 թվականից հաշմանդամ են դարձել, բայց մինչեւ հիմա թոշակ չեն ստացել, քանի որ նրանց անձնագրերը հին նմուշի են, իսկ նորը ստանալու համար Ստեփանակերտի բնակարանային շահագործման տնտեսությունից տեղեկանք չեն տալիս: Նույն պատճառով երեխաների նպաստն էլ չեն ստանում այս տարվա սկզբից, իսկ մինչ այդ ինչ-որ բարի մարդկանց միջնորդությամբ նպաստների համար տեղեկանք են տվել` Ստեփանակերտի հանրակացարանի նույն սենյակի գրանցումով: 

Ստեղծված խառնաշփոթը կապված է նույն սենյակի հետ, որտեղ գրանցում ունեն Ռիտան, ամուսինը եւ չափահաս երեխաները: «1995 թվականին, երբ արդեն պետք է վերադառնայինք Ստեփանակերտ, հանրակացարանի մեր սենյակում, որտեղ պատերազմի ժամանակ «Ալազան»-ի հրթիռ էր ընկել եւ ավերել, հնարավոր չէր ապրել: Այդ օրվանից սկսեցի դիմել տարբեր համապատասխան մարմինների` խնդրելով օգնել բնակարանային պայմանները բարելավելու համար, սակայն անընդհատ ձգձգում էին, բայց միաժամանակ հավաստիացնում, որ սենյակը մեզ է մնալու, ուղղակի հնարավոր չէ դեռ բարելավել: Արդյունքում 1999 թվականին, երբ հերթական անգամ գյուղից եկա հանրակացարան, տեսա, որ սենյակի դռան կողպեքն արդեն փոխած է: Հետաքրքրվեցի, թե ինչ է կատարվել, ինձ հայտնեցին, որ սենյակը տրամադրվել է Կամելա Գասպարյան անունով մի կնոջ, որը երեք երեխա ունի»,- պատմում է Միքայելի կինը, ով արդեն չգիտի` ում դիմել իրենց իրավունքները վերականգնելու համար: 

1999-ից մինչեւ 2003 թվականը, Ռիտայի խոսքերով, այդ կինն այնտեղ չի բնակվել, մինչեւ չեն վերանորոգել հանրակացարանի տանիքը: Այդ տարիներին նա շարունակ դիմել է տարբեր ատյաններ` սենյակը վերադարձնելու համար, սակայն հարցը լուծում չի ստացել, ավելին` մի քանի տարի առաջ դիմել է դատարան, սակայն 1-ին ատյանի դատարանը որոշել է հանրակացարանի սենյակը տալ Կամելա Գասպարյանին: Գերագույն դատարան չեն դիմել` դարձյալ ֆինանսական միջոցների բացակայության պատճառով:

Առուշանյանները մի քանի անգամ դիմել են Ստեփանակերտի քաղաքապետին եւ ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանին` բազմազավակ ընտանիքին բնակարանով ապահովելու համար, սակայն մինչեւ հիմա սայլը տեղից չի շարժվել: Հիմա էլ հույս ունեն, որ նոր իշխանությունները գոնե կարձագանքեն եւ իրենց բնակարան կտրամադրեն հանրակացարանում բնակվողների համար կառուցվող շենքում, ինչը կլուծի նաեւ թոշակների եւ նպաստների հետ կապված խնդիրները:

«Գյուղի խանութներում այնքան պարտք ունենք, որ արդեն ամաչում ենք գոնե ալյուր գնենք, որ երեխաները սոված չմնան: Որ նպաստները եւ թոշակը տան, յոլա կգնանք: Ի՞նչ է, որ խեղճ ենք, դրա՞ համար չեն տալիս: Մի տեղեկանքն ինչ է, որ այսքան պրոբլեմներ է առաջացնում, բա դրա համա՞ր ենք կռվել,- հուսալքված հարցնում է նախկին ազատամարտիկը:- Մեր ալյուրն արդեն վերջացել է, բայց չգիտենք էլ` ի՞նչ պետք է անենք, որտեղի՞ց գնենք»:

Հարցի առնչությամբ փորձեցինք պարզաբանումներ ստանալ ԼՂՀ սոցիալական ապահովության նախարար Նարինե Ազատյանից, որը նաեւ բնակարանային ծրագրերի համակարգման պետական հանձնաժողովի անդամ է: Նա հայտնեց, որ ծանոթ չէ գործի մանրամասներին, բայց խոստացավ ուսումնասիրել եւ հստակ պատասխան տալ: «Նման դեպքերի ուսումնասիրման նպատակով է հենց ստեղծվել բնակարանային ծրագրերի համակարգման կենտրոնը, որը ուսումնասիրություններից հետո համապատասխան փաստաթղթերը ներկայացնում է հանձնաժողովին, այն էլ` արագ կերպով»,- ասաց նախարարը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter