HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Նախընտրական խոստովանություն. «Ես այդքան բառապաշար չունեմ, համ էլ մյուս թեկնածուն ավելի մեծ ծրագրեր ունի, ավելի գրագետ է»

Հունվարի 16-ին Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղում համայնքապետի հերթական ընտրություններ են: Թեկնածուները երկուսն են` գործող գյուղապետ ՀՀԿ-ական Ալբերտ Խաչատրյանը եւ անկուսակցական Գեւորգ Զաքարյանը: Ալբերտ Խաչատրյանը «Հետքի» հետ զրույցում անկեղծացավ, թե ինքը գրագետ չէ, չունի լավ բառապաշար եւ չի կարող մեր հարցերին պատասխանել: «Մյուս թեկնածուի հետ խոսեք, ես այդքան բառապաշար չունեմ, համ էլ ինքն ավելի մեծ ծրագրեր ունի, ավելի գրագետ է»,- ասաց «Հանրապետականի» թեկնածուն: «Եթե գրագետ չեք եւ լավ ծրագրեր չունեք, ինչու՞ եք առաջադրել ձեր թեկնածությունը» հարցին էլ Ա. Խաչատրյանը հետեւյալ պատասխանը տվեց. «Շնորհակալություն ուշադրության համար, գլուխս խառն է, ցտեսություն»: Տարոնիկի գործող գյուղապետը փորձում է համայնքապետի պաշտոնում ընտրվել երրորդ անգամ: Նրա միակ հակառակորդ թեկնածուն` Գեւորգ Զաքարյանը, մինչ այս պահը գոհ է նախընտրական քարոզչությունից, առայժմ խոչընդոտների չի հանդիպել: Գ. Զաքարյանի ասելով` իրեն որեւէ քաղաքական ուժ չի սատարում, սակայն հավանում է ՀՀԿ-ին: «Հնարավո՞ր է առանց որեւէ քաղաքական ուժի աջակցության հաղթել ընտրություններում» հարցին ի պատասխան` Գ. Զաքարյանն ասաց, թե ամեն ինչ էլ հնարավոր է, քանի որ Հայաստանում ենք ապրում: Նա չկարողացավ ասել, թե ինչու մինչ այս պահը ՀՀԿ անդամ չէ, սակայն չբացառեց, որ ընտրություններից հետո կանդամակցի կուսակցությանը: «Եթե համակրում եմ, ինչո՞ւ ոչ,- ասում է համայնքապետի թեկնածուն եւ ավելացնում: -Ինձ որեւէ քաղաքական ուժ այս պահին չի սատարում, հույսս իմ համագյուղացիների վրա եմ դրել, որովհետեւ ուզում եմ գյուղի համար շատ լավ բաներ անեմ»: Գեւորգ Զաքարյանին առաջին հերթին մտահոգում են Տարոնիկի սանիտարահիգիենիկ պայմանները: «Գյուղում որ կողմը ման ես գալիս, գետնի տակից ցայտաղբյուրներ են դուրս գալիս: Ախր ոչ մի բանը լավ չի, նայում ենք կողքի գյուղերին, վատ ենք զգում, որ այդ գյուղում ենք ապրում»,- ասում է նա: Տարոնիկի համար լուրջ խնդիր է խմելաջրի եւ ջրահեռացման հարցը: Գյուղն ունի ոռոգման ջրի խնդիր, այդ իսկ պատճառով շուրջ 70 հեկտար հողատարածք չի մշակվում: Ջուրը հոսում է գետնի վրայով, չկան կիսախողովակներ եւ այն գյուղացիներին չի հասնում: Վթարային վիճակում է նաեւ խմելաջրի ցանցը: Գ. Զաքարյանն ասում է, որ ընտրվելու դեպքում կաշխատի փոխել ներքին ցանցը: «Եթե չկարողանամ ամբողջությամբ փոխել ցանցը, գոնե վթարները համայնքի բյուջեով հանգիստ կկարողանամ վերացնել: Շատ ծախսատար չէ: Գյուղացիները, որ իմանան իրենց համար է արվում, առանց որեւէ գումարի կգան կօգնեն: Ջրահեռացումը նույնպես անմխիթար վիճակում է, էլ ո՞րը ասեմ»,- ավելացնում է գյուղապետի թեկնածուն: Տարոնիկն ունի 1600-ից ավելի ընտրող: Թիվ 20 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Գոռ Հովհաննիսյանն ասաց, որ մինչ այս պահը թեկնածուներից որեւէ դժգոհություն եւ բողոք չի ստացել: «Դե մեծ գյուղ է, ընտրական պայքար է, բայց ամեն դեպքում լարվածություն չկա»,- ավելացրեց հանձնաժողովի նախագահը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter