HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երեւանի ու ֆրանսիական քաղաքների համագործակցությունը նոր թափ կստանա

Այսօր Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյին: Դեսպանը նախ շնորհավորեց Կարեն Կարապետյանին Երևանի քաղաքապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ` մաղթելով նրան գործնական հաջողություններ ստանձնած կարևոր առաքելության մեջ: Ողջունելով հյուրերին` Երևանի քաղաքապետը նշեց, որ Երևանի և ֆրանսիական քաղաքների միջև հարաբերություններն այսուհետ զարգացման նոր ընթացք պետք է ստանան: Քաղաքապետի խոսքով` մի շարք ծրագրեր և համագործակցության համաձայնագրեր կան Երևանի և Լիոնի, Մարսելի, Փարիզի, Նիցի միջև, որոնք պետք է գործնական հիմքերի վրա դրվեն: «Ես շատ եմ կարևորում միջազգային համագործակցությունը և հետևողական եմ լինելու բոլոր այդ ծրագրերի իրականացմանը»,- ընդգծեց Երևանի քաղաքապետը: Կարեն Կարապետյանը հյուրին ներկայացրեց մայրաքաղաքի կառավարման նոր, արդյունավետ մոդելի մշակման հետ կապված իր մոտեցումները: «Համակարգված, եռաստիճան կառավարման նոր մշակույթ ենք ուզում ներդնել Երևանում. քաղաքապետարան, վարչական շրջաններ և համատիրություններ: Այս հարցում ցանկացած առաջավոր փորձի փոխանակումը մեզ համար շատ կարևոր է: Այն ճանապարհը, որ ֆրանսիական քաղաքներն անցել են քաղաքների կառավարման տարբեր ոլորտներում մենք ցանկանում ենք փորձի փոխանակման միջոցով ներդնել նաև Երևանում»,- նշեց Կարեն Կարապետյանը: Անրի Ռենոյի խոսքով` ֆրանսիական մի շարք խոշոր քաղաքներ արդեն անցել են Երևանի քաղաքապետի նշած կառավարման մեթոդներին և բազմաթիվ հաջողություններ են գրանցել տարբեր ոլորտներում: Դեսպանը նշեց, որ առաջիկայում Ֆրանսիայի դեսպանատան կողմից կոնկրետ քայլեր կձեռնարկվեն երկու երկրների քաղաքների միջև բազմաոլորտ համագործակցությանը նոր թափ հաղորդելու ուղղությամբ: Երևանի քաղաքապետը կարևորեց նաև Ֆրանսիական ընկերությունների մուտքը Երևան: «Ինչ վերաբերում է քաղաքի ենթակառուցվածքներին` մենք երաշխավորում ենք ներդրողների համար ստեղծել առավելագույն հարմարավետ գործարար միջավայր»,- ընդգծեց Երևանի քաղաքապետը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև ֆրանսիական «Վեոլիա Ջուր» և «Երևան Ջուր» ընկերությունների գործունեությանն առնչվող հարցեր: Քաղաքապետը նշեց, որ մայրաքաղաքում ջրամատակարարման վիճակը դեռևս հեռու է բավարար լինելուց. «Ընկերությունում դրական փոփոխությունների դինամիկան բավարար չէ, կորուստները շատ են, հավաքագրման ցուցանիշը նույնպես չի բավարարում»,- ընդգծեց Երևանի քաղաքապետը: Քաղաքապետի հանձնարարությամբ առաջիկայում շահագրգիռ կողմերի` «Երևան Ջուր» ընկերության, քաղաքապետարանի, ջրային կոմիտեի և հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մասնակցությամբ քննարկում կկազմակերպվի, որի ընթացքում կհստակեցվեն կողմերի անելիքներն ու պարտականությունները: Նման քննարկումներ կլինեն յուրաքանչյուր ամիս:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter