Իրավիճակը ՏԿՆ ուշադրության կենտրոնում է
Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը պարզաբանումներ է տվել «Հետքի»` «Երբ արհամարհված է ՏԻՄ օրենքը» հոդվածի առնչությամբ.
««Երբ արհամարհված է ՏԻՄ օրենքը» հրապարակման առնչությամբ պարզաբանում ենք, որ ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը եւ անձամբ փոխվարչապետ, ՏԿ նախարար Արմեն Գեւորգյանը մի քանի անգամ առիթ ունեցել են հրապարակայնորեն անդրադառնալու Իջեւանի տեղական ինքնակառավարման մարմիններում ստեղծված իրավիճակին(վերջին անգամ փոխվարչապետն այս թեմայի շուրջ պարզաբանումներ է ներկայացրել Ազգային ժողովում` փետրվարի 9-ին):
Մեկ անգամ եւս տեղեկացնում ենք, որ Իջեւան քաղաքի ավագանու վերջին ընտրությունների ժամանակ ընտրվել է 13 անդամ, որից 5-ի լիազորությունները քաղաքապետի որոշմամբ դադարեցվել են, եւ վերջինիս որոշումն էլ ավագանու նշված անդամների կողմից վիճարկվել է դատական ատյաններում:
Ներկայումս արդեն կայացվել են վերջնական վճիռները, ըստ որոնց` համայնքի ղեկավարի որոշումը իրավաչափ է համարվել: Համաձայն օրենսդրության` ավագանին այսօր էլ համարվում է իրավազոր` նիստեր գումարելու, քանի որ ունի 8 անդամ: Սակայն ավագանու անդամներից եւս 3-ը հրաժարականի դիմում են ներկայացրել:
Ըստ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի` «Ավագանու անդամի լիազորությունները դադարեցվում են համայնքի ավագանու հերթական նիստը սկսվելու պահից: Դրա վերաբերյալ համայնքի ավագանին կազմում է արձանագրություն, որն ստորագրում են ավագանու մյուս անդամները կամ համայնքի ղեկավարը»:
Սակայն ավագանու նիստ, ինչպես նշված է նաեւ հրապարկման մեջ, չի գումարվել, հետեւաբար` նրանց լիազորությունները օրենքով սահմանված կարգով դադարեցված չեն, եւ իրավական առումով ավագանին ներկայումս ունի 8 անդամ: Իսկ մեջբերված ՏԻՄ օրենքի 22-րդ հոդվածն այն դեպքերի համար է, երբ ավագանու անդամների լիազորություններն արդեն համարվում են դադարեցված:
Ստեղծված իրավիճակը ՏԿՆ ուշադրության կենտրոնում է, եւ նախարարությունը ներկայումս աշխատում է ՀՀ արդարադատության նախարարության հետ` գործող օրենսդրության շրջանակում խնդրի լուծումը գտնելու համար, ուստի հրապարակման մեջ արված եզրահանգումները, թե «ՀՀ կառավարությունը շարունակում է աչք փակել այս ամենի վրա», տարակուսանք են առաջացնում եւ առնվազն տեղին չեն»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել