HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Նրանք չեն հասկանում «Կռունկը», բայց երաժշտության բյուրեղյա բեկորները թափանցում են նրանց հոգին»

«Հայաստանի համար բարդ ժամանակներ էին: Սովի ու քաղցի, աղքատության կողքին դժվար էր ժամանակ գտնել արվեստով զբաղվելու համար: Ջութակս մնաց մի անկյունում կախված, լքված ու միայնակ... Բարդ էր երաժշտի համար Մարտունու անտառներից ցախ հավաքելն ու ծառեր կտրելը: Հոգում էի մեր ընտանիքի ձմեռային հոգսերը»,- պատմում է ջութակահար Վարդան Մարկոսը:

Ռուս և եվրոպացի հանդիսատեսին ծանոթ վիրտուոզ ջութակահար Վարդան Մարկոսը ծնունդով Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից է, Մարկոսյանների գերդաստանից:

Վարդան Մարկոսյանը ծնվել է 1970 թ. ծառայողի ընտանիքում: Վարդանի չորս քույրերը ևս երաժիշտ են դարձել. դաշնակահարներ են: Մարտունու թիվ 1 միջնակարգ դպրոցում հիմնական կրթությունը ստանալուն զուգահեռ Վարդանը սովորել է քաղաքի երաժշտական դպրոցում: 1984-1988 թթ. երաժշտական կրթություն է ստացել Երևանի Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական մանկավարժական ուսումնարանի լարային գործիքների բաժնում: 1988-1994 թթ. կրթությունը շարունակել է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայում:

1989-1991 թթ. Վարդանը ծառայել է խորհրդային բանակում: Զորացրվելուց հետո վերադարձել է Մարտունի:

Մարկոսյանների ընտանիքի բարեկամ, հրազդանցի Լևոն Ազիզյանը, նկատելով սոցիալական խնդիրների ու դժվարությունների մեջ խամրող արվեստագետին, նրան հրավիրեց Ռուսաստան՝ ջութակի դասեր տալու: Լևոն Ազիզյանի աջակցությամբ Վարդանը բնակություն հաստատեց ու սկսեց աշխատել Իրկուտսկի մարզի Բրատսկ փոքրիկ գյուղում:

Վարդանի համար այստեղ էլ էր դժվար, բայց նա կարողացավ վաստակել ռուսական հեռավոր ու խուլ գյուղի տարեց ու երիտասարդ բնակիչների հարգանքն ու սերը: Դեռ այստեղից են սկսվել Վարդանի առաջին բեմական ներկայացումներն ու կատարումները:

Այնուհետև Լևոն Ազիզյանի առաջարկով Վարդան Մարկոսյանը տեղափոխվեց Կրասնոյարսկի երկրամաս: 1995-2000 թթ. նվագել է Կրասնոյարսկի օպերային թատրոնում: 2000-2003 թթ. մենակատար է աշխատել Կրասնոյարսկի երաժշտական կամերային թատրոնում: Սկսած այդ ժամանակներից՝ Վարդանը առանձնացավ երաժշտախմբից՝ գրավելով հանդիսատեսի և արվեստագետների ուշադրությունը:

Համառ ջանքերի, ֆիզիկական, հոգևոր ու նյութական ներդրումների արյունքում ստեղծվեց Վարդանի առաջին հեղինակային երաժշտական ծրագիրը՝ «Կրքերի շքերթը», որը ներառում է համաշխարհային դասական կոմպոզիտորների կատարումները:

«Ծրագրի անվանումը պատահական չընտրվեց,- նշում է Վարդանը:- Երաժշտական համարների շղթան այնպես էր ընտրված, կարծես լիներ հրաբուխ, կրքերի ու հույզերի քարավան»:

Վարդան Մարկոսյանի առաջին համերգը եղել է Կրասնոյարսկում՝ «Դերասանի տուն» թատրոնում: Հենց առաջին համերգին վաճառվեց 1750 տոմս:

Վարդանը զանազան բեմերում հանդես է եկել 12 մեծ համերգային ծրագրով՝ «Հաղթահանդեսի ժամանակը», «Եվս մեկ անգամ սիրո մասին», «Վիվալդիի ձմեռը» և այլն: Այս ծրագրերը ռուսական և եվրոպական մեծ բեմերից հնչել են ավելի քան երկու հազար անգամ:

Այնուհետև Վարդանը ճանաչվեց Կրասնոյարսկի համար մեկ ջութակահարը, և սկսվեց նրա ուղին դեպի Մոսկվա:

Ռուս երաժշտական քննադատ Բորիս Իֆումցևը Վարդանի մասին ասել է. «Նրա ելույթները ճանապարհորդություն են ժամանակի ու տարածության մեջ: Ահա դու Փարիզում ես, Էյֆելյան աշտարակն ես զգում, անցնում դեպի հեռավոր Իռլանդիա, և այս ամենը ապրում ու զգում ես Վարդանի համերգին՝ դահլիճում շլացած ու անէացած»:

Եվրոպացի հայտնի կոմպոզիտորների հրավերով Վարդանը նրանց ուղեկցել է տարբեր երկրներ համերգային շրջագայությունների ժամանակ:

«Եթե արվեստագետը չի կապվում իր ակունքներին, իր ազգայինին, ապա նրա հիմքը խարխուլ է: Իսկ դասական երաժշտությունը շղթայված է ազգային երաժշտության հետ ու սնվում է հենց նրա ակունքներից: Զարմանալի է, եվրոպական բեմերում ես ջութակի քնքուշ նոտաներով հնչեցնում եմ «Կռունկը», նրանք չեն հասկանում, բայց երաժշտության բյուրեղյա բեկորները թափանցում են նրանց հոգին. նրանք արտասվում են, հուզվում փշաքաղվում»,- ասում է Վարդանը:

Անի Պողոսյան

Մեկնաբանություններ (2)

Գոհար, զինվորի մայր
Ապրես Վարդան, շնորհակալություն` Անի...
Marine M.
Shnorhakalutyun ays geghetsik hodvatsi hamar, lragroghi meknabanatsi byureghya bekorner@ nuynpes tapancetsin mer hogin....

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter