HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պեչա Կուչա. «Հատոր վեցերորդ»

Սոնա Քյուրքչյան

Հերթական Պեչա Կուչան տեղի ունեցավ հունվարի 8-ին «Ակումբ» սրճարանում: Պեչա Կուչան, որ ճապոներեն նշանակում է ասել-խոսել, կազմակերպվում է աշխարհի 327 երկրում: Այն հիմնված է շատ պարզ գաղափարի վրա` 20 պատկեր 20 վայրկյան: Յուրաքանչյուր մարդ ներկայացնում է իր գաղափարը 20 պատկերի միջոցով եւ ամեն մի պատկերի մասին խոսում 20 վայրկյան:

Հայաստանում արդեն վեցերորդ անգամ է Պեչա Կուչա կազմակերպվում, ուր հավաքվում են մարդիկ` բազմաթիվ գաղափարներով: «Բոլոր Պեչա Կուչաներին եղել եմ: Պեչա Կուչան ինձ տալիս է ինֆորմացիա այնպիսի բաների մասին, որոնք ես ոչ միայն չգիտեմ, այլեւ չէի էլ մտածում, որ նման բաներ գոյություն ունեն: Կուզեի` Պեչա Կուչային հրավիրվեին մարդիկ, որոնք կկարողանային ֆինանսավորել այստեղ ներկայացվող գաղափարները»,- ասում է Պեչա Կուչայի այցելու Դավիթը: Այն հարցիս, թե արդյոք նման մարդիկ հրավիրվո՞ւմ են` Պեչա Կուչայի Երեւանի կազմակերպիչ Վահե Բալուլյանը պատասխանեց. «Մենք ցանցը շատ լայն ենք գցում: Մեկ-մեկ նման մարդիկ ընկնում են, մեկ-մեկ` ոչ: Պեչա Կուչան գաղափարներ փորձարկելու տեղ է, բայց եթե նման մարդիկ գան, մենք միայն ուրախ կլինենք: Կան մարդիկ, որ հատուկ այդ նպատակով են գալիս. որպեսզի հետաքրքիր նախագծեր գտնեն, հովանավորեն: Սակայն դա մեր առաջնային նպատակը չէ, քանի որ չենք ուզում, որ Պեչա Կուչայի ֆորմատը փոխվի, այն ավելի ստեղծագործական ֆորմատ ունի»: «Ֆիլմ, որին սպասում էի», «Ես այն եմ, ինչ ուտում եմ», «Մի կտուրի տակ», «Դու գտնվում ես այստեղ», «Թավուտում», «Բաց զրույցներ ռոքի մասին», «Երկիրը երկիր չի», «Արշավներ Արեւի Արահետով», «Որակյալ կրթությունը` բոլորին, ոչ օտարալեզու դպրոցներին». այսպես էին կոչվում ելույթները, որ հնչեցին «Հատոր վեցերորդ» Պեչա Կուչայում: Ելույթը, որն ինձ ամենից շատ հետաքրքրեց, կոչվում էր «Դու գտնվում ես այստեղ»: «Հիմնական նպատակս էր մարդկանց հաղորդել այն փորձը եւ գիտելիքները, որոնք ինձ օգնում են հասկանալ, թե որտեղ եմ ես` որպես մարդ, գտնվում, եւ որտեղ ենք մենք` որպես հասարակություն, գտնվում: Մինչեւ մարդ չիմանա` ինքը որտեղ է, չի կարող իմանալ իր հաջորդ քայլը»,- ասում է ելույթի հեղինակ Հովակիմ Սաղաթելյանը:

Ասացիք, որ եթե մարդ ուզում է հասկանալ, թե ինքն ով է, առաջին հերթին պետք է հասկանա, թե որտեղ է գտնվում, երկրորդ` պետք է հասկանա` ինչ տարրերից է բաղկացած, եւ որ տարրն է իր մեջ գերիշխում: Ինչպե՞ս կարելի է հասկանալ, թե որ տարրն է քո մեջ գերիշխում:

Հ.Սաղաթելյան - Ես պատրաստի բանաձեւեր չեմ տալիս, ես հարցին մոտենում եմ փիլիսոփայական տեսանկյունից: Իսկ կոնկրետ մեթոդաբանությունը հասկանալու համար այլ գիտելիքներ եւ աշխատանք են պահանջվում: Այս հարցերի պատասխանները կարելի է գտնել նաեւ մի գրքում, որ հիմա գրվում է:

Ի՞նչ գիրք է, եւ ո՞վ է հեղինակը:

Հ.Սաղաթելյան - Գրքի հեղինակը ես եմ ընկերներիս հետ: Գիրքը բաղկացած է լինելու չորս մասից: Գեղարվեստական գիրք է, որում հերոսները, անցնելով փորձություններով լի ճանապարհներով, հասկանում են իրենց խնդիրները որպես անհատ եւ հասկանում են հասարակական խմբերի խնդիրները: Դեպքերը տեղի են ունենում աշխարհում` Երկիր մոլորակում, մասնավորապես` Հայաստանում: Գրքի առաջին մասը կոչվում է «Լուսնի ապոգեյ»: Առաջին մասը նախատեսվում է հրատարակել 2011-ին:

Ելույթում խոսվում էր նաեւ ինչ-որ խաղի մասին, որի հեղինակը Դուք եք: Ի՞նչ խաղ է դա:

Հ.Սաղաթելյան - Սեղանի խաղ է` շախմատ հիշեցնող: Սա իմ հնարած խաղերից մեկն է, որի բուն իմաստն է խաղի միջոցով հասկանալ այն սկզբունքները, որոնք մարդկանց օգնում են հասկանալ, թե որտեղ են իրենք եւ ինչ պետք է անեն:

Ելույթում եւս մի հարց եւ դրա լուծումն առաջադրեցիք` թե ինչ պետք է անենք, որ մեզ կուլ չտան որպես անհատ եւ որպես ազգ: Եվ ասացիք, որ չի կարելի կուլ տալ լույսը: Ըստ Ձեզ` ինչպե՞ս կարելի է լինել լուսավոր:

Հ.Սաղաթելյան - Մենք ունենք մի հիվանդություն. խնդիրների աղբյուրը տեսնել մեզանից դուրս: Մեր մեթոդը հստակորեն ցույց է տալիս, որ անհատի խնդիրները կարող է լուծել ինքը` անհատը, եւ երկրի խնդիրները կարող են լուծել իրենք` երկրի բնակիչները: Դրսում լուծում փնտրողները դատապարտված են անհաջողության: Համերաշխ ընտանիքը, ներդաշնակ, ներքին խաղաղություն ունեցող մարդը կարող է դիմակայել ցանկացած խնդրի: Այդ կարգի մարդիկ կարող են մարգարեի դեր կատարել, այսինքն` կարող են կանխատեսել այսօրվա եւ վաղվա անելիքը ցանկացած ասպարեզում: Օրինակ` այդպիսի մարդիկ դիտում են Հայաստանի աշխարհագրական դիրքը որպես Աստծու օրհնություն, այլ ոչ թե խոչընդոտ զարգացման համար:

Իսկ ո՞րն է Ձեր ակնկալիքն ունկնդրից:

Հ.Սաղաթելյան - Ակնկալիքս ելույթիս վերջին պատկերով արտահայտեցի, որը խորհրդանշում է իմ անձնական պատասխանատվությունը մեր հասարակության եւ ունկնդիրների հանդեպ (ժպտում է -հեղ.), որ հետո չբողոքեն, թե իրենք այդ մասին զգուշացված չեն եղել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter