Գյումրու քաղաքապետն աչք է դրել շաքարի գործարանի վրա
Սա բառացիորեն պետք չէ հասկանալ: Իրականում Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը ոչ թե ուզում է տիրանալ Սամվել Ալեքսանյանին պատկանող շաքարի գործարանին, այլ այդ գործարանից տվյալ համայնքի, այս դեպքում` Ախուրյանի համայնքային բյուջե մուտքագրվող գումարին:
Ախուրյանի համայնքապետ Արծրուն Իգիթյանը տեղեկացրեց, որ Վարդան Ղուկասյանն այս խնդրով դիմել է վարչապետին` պատճառաբանելով, թե նպատակահարմար չի գտնում շաքարի գործարանի` հարեւան համայնքում գտնվելու փաստը, բայց քանի որ կառույցը տեղափոխելու հնարավորություն չկա, առաջարկել է փոխել պատկանելության հարցը: Սա Գյումրու քաղաքապետի մտքի «տարեվերջյան փայլատակումների» շարքն ամփոփող գլուխգործոցներից են համարում հարեւան համայնքում: Վարչապետ Սարգսյանին ուղղված իր նամակում նման առաջարկը Վարդան Ղուկասյանը պատճառաբանել է գումարի չափով` իբրեւ Սամվել Ալեքսանյանին պատկանող կառույցը Ախուրյանի բյուջեն գերազանցող գումար է վճարում, եւ այն ցանկալի է ուղղել ոչ թե գյուղական, այլ քաղաքային բյուջե: Բացի այդ, քաղաքապետը, ում թողտվության արդյունքում Գյումրիի կենտրոնը գրեթե զրկված է կանաչ գոտուց, առաջարկել է փոփոխություններ կատարել քաղաքի գլխավոր հատակագծում: «Առաջնահերթ փոփոխման են ենթակա քաղաքի ընդհանուր օգտագործման կանաչ գոտիները` հաշվի առնելով այդ գոտիների որոշ մասերում փաստացի իրականացված շինարարական աշխատանքները: Տարածքները կառուցապատված են կապիտալ արժեք ունեցող բնակելի տներով, որոնք քանդելն անհեռանկարային է եւ ոչ նպատակահարմար, ինչպես նաեւ իրատեսական չէ,- Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանին ուղարկված գրության մեջ պարզաբանում է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը եւ ավելացնում,- նկատի ունենալով քաղաքը շրջանցող ճանապարհի կառուցման եւ շաքարի գործարանի հանգամանքները` առաջարկում ենք նաեւ փոփոխել քաղաքի վարչական սահմանները` գործարանը ներառելով քաղաքի վարչական տարածքում»:
«Ախուրյանի բյուջեն 160 մլն դրամ է, իսկ շաքարի գործարանը, որ այս տարվա աշնանից նոր մեր հարկատուն է դարձել, գույքահարկն ու հողահարկը միասին վճարել է 1 մլն 400 հազար դրամ,-ասաց Ախուրյանի համայնքապետը,- հավանաբար պրն Ղուկասյանը տեղեկացված չէ, այլապես նման միտք երեւի չարտահայտեր իր նամակում: Ես Կառավարություն ուղարկված պատասխան նամակում պարզաբանումներ արել եմ: Վարդան Ղուկասյանն ուզում է վերցնել ամբողջ արդյունաբերական հատվածը, փորձում է կապ ստեղծել Գյումրի քաղաքի հետ, որ ընդհանրապես չկա: Շաքարի գործարանը կառուցվել է Ախուրյանի նախկին կոլտնտեսության վարելահողերի վրա: 360 մլն դրամ է կազմում այդ բոլոր շենք- շինությունների կադաստրային արժեքը, իսկ դրա 0,3 տոկոսը համարվում է գույքահարկ, որ էս դեպքում մոտ 1 մլն 100 հազար դրամ է կազմում: Սրան ավելանում է հողի հարկը, որ 350-400 հազարի սահմաններում է»:
Ախուրյանի համայնքապետի հավաստմամբ` իրենք պատրաստ էին անգամ նվեր տալ այդ տարածքները, միայն թե գործարանը կառուցվեր եւ ստեղծվեին աշխատատեղեր: Նվիրատվություն չի եղել, գործարարը 2000 մ տարածքը ձեռք է բերել քմ-ը 266 դրամով: «Էսօրվա դրությամբ նույն այդ Գյումրիից ավելի շատ աշխատող կա գործարանում, քան Ախուրյանից կամ հարեւան մյուս համայնքներից,- նշեց Արծրուն Իգիթյանը,-ցավն էն է, որ հարեւան համայնքի վիճակի վատթարացման հաշվին քաղաքապետն ուզում է ինչ-որ խնդիր լուծել: Գյումրիի բյուջեն, եթե չեմ սխալվում, 3 մլրդ դրամ է, Ախուրյանինը` 160 մլն, ու էդ 1 մլն 400 հազար դրամը չեմ կարծում, որ այդքան մեծ ավելացում է քաղաքային բյուջեին, սակայն գյուղական բյուջեի համար դա նշանակալի մուտք է: Այսօր Կառավարությունը համայնքների համաչափ զարգացման խնդիր է դրել, բայց զարմանալին այն է, որ քաղաքապետի նամակին ոչ թե միանշանակ պատասխան է տրվել, այլ վարչապետի հրամանով ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով խնդրի ուսումնասիրման նպատակով: Ասեմ, որ 10 հազար բնակիչ ունեցող համայնքում, որտեղ բյուջեի հաշվին միայն 3 մանկապարտեզ, երկու սպորտդպրոց է պահվում, սա նվազագույնն եմ ասում, ամեն մի լուման էլ նշանակություն ունի, իսկ քաղաքապետը ցանկություն ունի ոչ միայն շաքարի գործարանը վերցնելու, այլեւ Ախուրյանի տարածքում տեղակայված երկու խոշոր շինարարական կազմակերպությունները, որոնք մեր հարկատուներն են»:
Վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարականով ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը Գյումրի քաղաքի գլխավոր հատակագծի նախագծի փոփոխման աշխատանքների հետ համատեղ քաղաքի վարչական սահմանների փոփոխման հարցը 2010 թ. դեկտեմբերին քննարկել էր ՀՀ ֆինանսների եւ քաղաքաշինության նախարարությունների, Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի եւ Շիրակի մարզպետարանի հետ: Քննարկման վերջնարդյունքում որոշվել է մերժել համայնքների վարչական սահմանների փոփոխության` առաջ քաշված հարցը, քանի որ ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան` համայնքների գլխավոր հատակագծերի մշակման շրջանակներում վարչական սահմանների փոփոխությունների վերաբերյալ դրույթներ նախատեսված չեն:
Ախուրյան եւ Գյումրի համայնքների վարչական սահմանների նկարագիրը հաստատված է 2005 թ. մարտի 3-ի թիվ 294-Ն որոշմամբ, հետեւաբար շաքարի գործարանը, որ կառուցված է Ախուրյանի վարչական տարածքում, որեւէ կերպ չի կարող հարկատու դառնալ Գյումրի քաղաքին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել