HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Կառավարությունը ռոբոտներով չի հետաքրքրվում, բայց գերակա ճյուղ է հռչակում ՏՏ ոլորտը

Այս տարվա ապրիլի 7-ին Ամերիկայի Միացյալ Նահանգներում անցկացվելու է ռոբոտների միջազգային մրցույթ: Հայաստանը երբեւէ նման մրցույթի չի մասնակցել: Այս անգամ մի խումբ հայ երիտասարդներ, ովքեր զբաղվում են ռոբոտաշինությամբ, որոշել են երկիրը ներկայացնել այդ հեղինակավոր մրցույթում, որին մասնակցում է ավելի քան 38 երկիր:

Առայժմ հայտնի չէ` Հայաստանի անունը այդ մրցույթում կհնչի՞, թե՞ ոչ, քանի որ երիտասարդ մասնագետները ԱՄՆ մեկնելու համար հովանավոր չեն կարողանում գտնել: Իսկ Կառավարությունը 2009-ից դադարեցրել է ռոբոտաշինության ոլորտի ֆինանսավորումը: Ռոբոտաշինության մասին Հայաստանում սկսեցին խոսել հատկապես վերջին երեք տարում: «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը» «ԱրմՌոբոտիքս» ծրագրի շրջանակներում 2008 թ.-ից ամեն տարի Հայաստանում անցկացնում է ռոբոտների մրցույթներ:

2010 թ. մրցույթում երրորդ տեղը զբաղեցրած (առաջին եւ երկրորդ տեղեր չբաղեցնողներ չեղան) երկու թիմերից մեկի` «Սայբեր ռաու»-ի անդամ Աշոտ Մաշուրյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ ծրագրավորումը Հայաստանում արդեն զարգանում է, բայց ավտոմատացված սարքերն ու ռոբոտաշինությունը` դեռեւս ոչ: Աշոտը մասնագիտությամբ ծրագրավորող է: Հենց նա է իր ընկերների հետ որոշել, որ Հայաստանը կարող է մասնակցել ԱՄՆ-ում անցկացվող միջազգային մրցույթին: Երիտասարդ մասնագետների կարծիքով` Կառավարությունը թերագնահատում է ռոբոտաշինության ոլորտում հայ մասնագետների ուժերը, այդ պատճառով էլ չի աջակցում:

«Կառավարությունում չգիտեն ռոբոտաշինության մասին, չգիտեն` հայերը նման բան կարո՞ղ են անել, թե՞ ոչ: Խորթ է իրենց համար, կամ պետք է ռիսկ անեն` գումարներ հատկացնեն այդ ոլորտին, կամ էլ ասեն` լավ, ռիսկի չգնանք եւ այլ ոլորտներ ֆինանսավորենք»,- ասում է ռոբոտաշինությամբ զբաղվող, մասնագիտությամբ ռադիոտեխնիկ Ասատուր Պետրոսյանը: Երիտասարդ մասնագետներն ունեն մի շարք հավակնոտ ծրագրեր, սակայն դրանց իրագործման համար գումար չունեն: Նրանց ասելով` ռոբոտաշինությունը բավականին թանկ հաճույք է, ուստի անպայման պետք է հովանավորներ եւ լուրջ աջակցություն ունենալ:

«Միջազգային մրցույթներին մասնակցելու դեպքում մեզ ավելի լուրջ կվերաբերվեն, եւ ավելի հեշտ կլինի հովանավորներ գտնել այդ ոլորտը զարգացնելու համար,- ասում է Աշոտը: - Այս ոլորտում պոտենցիալ կա, եւ մենք ցանկանում ենք, որ մեր երկրում էլ այն զարգանա: Սիրողական մակարդակով ռոբոտաշինությունը ոչ մի օգուտ չի տա մեզ: Ճիշտ է` որպես մասնագետներ` կզարգանանք, գիտելիքներ կունենանք, բայց դա ոչ մի տեղ չենք կարող օգտագործել, եւ այն կմնա որպես հոբբի»:

Տղաներն արդեն հաշվարկել են, թե ինչ կարժենա 7 հոգանոց խմբի` ԱՄՆ-ում մրցույթի մասնակցելը. 20 հազար դոլարից մի փոքր ավելի: Գումարի չափն այնքան էլ մեծ չէ նմանատիպ մրցույթի մասնակցելու համար, սակայն մինչ այս պահը ոչ ոք նրանց օգնելու պատրաստակամություն չի հայտնել: Ռոբոտների միջազգային մրցույթի կազմակերպիչները մասնակիցներին են ներկայացնում 35-50 առաջադրանք, եւ յուրաքանչյուր երկիր ինքն է ընտրում, թե քանի առաջադրանքի մասնակցի:

Տղաներն ասում են, որ հաշվարկը ներկայացրել են 7 հոգու համար, քանի որ ցանկանում են մասնակցել 5 առաջադրանքի: Եթե 5 հոգով մեկնեն ԱՄՆ, ապա կկարողանան մասնակցել ոչ թե 5, այլ 3 մրցույթի, բայց որքան շատ առաջադրանքների մասնակցի թիմը, այնքան մրցանակային տեղ զբաղեցնելու հավանականությունը մեծ կլինի: Աշոտն ասում է, որ Հայաստանն ունի համապատասխան մասնագետներ եւ կարող է ավելի մեծ թիմով ներկայանալ ԱՄՆ-ում, սակայն դարձյալ ֆինանսական աջակցություն է պետք: Ռոբոտների միջազգային մրցույթում լինելու են նաեւ այնպիսի առաջադրանքներ, որոնք տղաները Հայաստանում արդեն կատարել են:

Օրինակ` իրեր դասավորող ռոբոտ ստեղծելու առաջադրանքը: Ռոբոտը տարբերում է աղբն ու օգտակար իրերը, դրանք առանձնացնելով` հավաքում-լցնում է համապատասխան արկղերի մեջ: Կա նաեւ լաբիրինթոսով անցնող ռոբոտ ստեղծելու առաջադրանք, որում որոշվելու է, թե որ ռոբոտն է ճիշտ ճանապարհն ընտրելու եւ ավելի շուտ դուրս գալու լաբիրինթոսից: Տղաներին մնում է միայն պատրաստի ռոբոտները կարգի բերել, մի քանի նոր ռոբոտներ պատրաստել եւ մասնակցել մրցույթին: Նրանք պատրաստ են նոր ռոբոտների պատրաստման ծախսերն ինքնուրույն հոգալ, միայն թե գտնվի մեկը, ով կտրամադրի իրենց 20.000 դոլար` մրցույթին մասնակցելու համար: Աշոտ Մաշուրյանն ասում է, որ աջակցության խնդրանքով նամակ էին ուղարկել ԱՄՆ դեսպանատուն: Այնտեղից նամակը վերահասցեագրվել է ԱՄՆ ՄԶԳ-ին: Դեռ պատասխան չեն ստացել: Տղաներին ռոբոտաշինության համար աջակցում է «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը»: Վերջինս նամակով դիմել է Կառավարությանը` ընդհանուր ռոբոտաշինությանն ուշադրություն դարձնելու խնդրանքով: Ստացել է պատասխան, թե այս պահին ռոբոտաշինությունը Կառավարությանը չի հետաքրքրում:

«Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը» նույնպես միջազգային մրցույթին տղաների մասնակցության համար հովանավոր գտնելու փնտրտուքի մեջ է: «Գուցե Կառավարությունում չեն հավատում, որ մենք հասել ենք այն մակարդակի, որ կարելի է գումարներ ծախսել ու արդյունքների հասնել»,- ասում է Ասատուր Պետրոսյանը:

Իհարկե, տղաները ցանկանում են մրցույթում մրցանակային տեղեր զբաղեցնել, սակայն իրենց համար գոհացուցիչ կլինի նաեւ լավ արդյունք ցույց տալը, թեկուզ այն չլինի մրցանակային:

«Տեղ զբաղեցնելը շատ լուրջ հարց է, քանի որ այդ մրցույթում ներկայացված են այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ճապոնիան, Հնդկաստանը: Երկրներ, որոնք շատ ուժեղ են այս բնագավառում: Իրենք ունեն ռոբոտաշինության համար լավ ֆինանսավորում, իսկ մենք չունենք ոչինչ: Նույնիսկ աշխատելու համար լաբորատորիա չունենք: Մենք մեր ուժերով ենք ամեն ինչ անում: Մեր ռոբոտները պատրաստում ենք մեր տներում»,- նշում է Աշոտ Մաշուրյանը: Հայաստանում ռոբոտաշինությամբ զբաղվողներից ոչ մեկը հովանավորներ չունի: Ռոբոտների համար դետալներ եւ սարքավորումներ ձեռք են բերում ծանոթների եւ ընկերների օգնությամբ: Թիմերում ընդգրկված տղաներից գրեթե բոլորը ինչ-որ տեղ աշխատում են, սակայն փաստում են, որ իրենց վաստակած գումարները բավարար չեն ռոբոտաշինության մեջ ներդնելու համար:

«Դա ոչ 50, ոչ էլ 100 հազար դրամի խնդիր է, մեծ գումարներ են պետք, որոնք չունենք»,- ասում են նրանք: Մրցույթին պատրաստվելու համար ժամանակը շատ քիչ է: Հայտերը ներկայացնելու մեկնարկն արդեն տրված է:

Երիտասարդ մասնագետները օգնության խնդրանքով պատրաստվում են այս օրերին նամակներ ուղարկել ՀՀ նախագահին, վարչապետին եւ այլ գերատեսչությունների ղեկավարներին: Երիտասարդ մասնագետները համոզված են, որ Հայաստանը կարող է մուտք գործել ռոբոտատեխնիկայի բնագավառ եւ նույնիսկ արտադրանք տալով` զգալի գումարներ վաստակել:

«Կան ծրագրեր, որ, օրինակ, Ճապոնիայում կյանքի կոչելը շատ ավելի թանկ կլինի, քան Հայաստանում: Այդ ամբողջը կարելի է անել Հայաստանում. կձեւավորվի շուկա, եւ ամենակարեւորը` գումար կմտնի երկիր»,- ասում է Աշոտ Մաշուրյանը: Աշոտն ունի ավտոմատացված համակարգով աշխատող երկու ծրագիր, սակայն դրանք իրականություն դարձնելու համար գումար չունի:

«Սմարթ հոում»-ի մասին արդեն գիտեն ամբողջ աշխարհում, սակայն այն դեռ մուտք չի գործել Հայաստան: Դա տուն է, ուր ամեն ինչ կառավարվում է ավտոմատ համակարգի միջոցով: Մտնում եք ներս` լույսն ավտոմատ միանում է, տնից դուրս եք գալիս` լույսը, գազը, ջուրը, պատուհաններն ավտոմատ փակվում են: Եթե գիշերն արթնանում եք, լույսն ինքն իրեն միանում է ոչ թե 100, այլ 30 տոկոս լուսավորությամբ, որպեսզի չվնասի մարդու աչքերը: Նույնիսկ տուն հասնելու ճանապարհին մեկ sms-ով հնարավոր է ջակուզին լցնել ջրով եւ այլն:

Աշոտն ասաց, որ եթե ֆինանսավորում լինի, այդ ծրագիրը մեկ տարի հետո իրականություն կդառնա նաեւ Հայաստանում:

Ռուսաստանում ավտոմատացված տներն այժմ մեծ պահանջարկ են վայելում, եւ մարդիկ նախընտրում են նման պայմաններում ապրել: Ա. Մաշուրյանը հաշվարկել է, որ եթե տան ավտոմատացված համակարգը Հայաստան բերվի ու տեղադրվի, ասենք, Բելգիայից, 3 սենյականոց բնակարանի համար այն կարժենա մոտ 15.000 դոլար: Այդ արտադրությունը Հայաստանում հիմնելու դեպքում երեք անգամ ավելի էժան կլինի` մոտ 5.000 դոլար: Աշոտի մեկ այլ ծրագիր էլ վերաբերում է զբոսաշրջությանը, որը կոչվում է «էլեկտրոնային գիդ»:

Զբոսաշրջիկը, մտնելով Հայաստան, մեկ սարքի միջոցով կարող է ծանոթանալ ամբողջ երկրին ու մշակութային արժեքներին: Քայլելով փողոցում` իր նախընտրած լեզվով զբոսաշրջիկը ականջակալներով լսում է, թե, ասենք, նրա ձախ կողմում որ թանգարանն է, կամ առջեւում ում արձանն է գտնվում եւ այլն: Այդ համակարգը հնարավոր է տեղադրել նաեւ բջջային հեռախոսի մեջ, որպեսզի հավելյալ սարք մարդն իր վրա չկրի: Կառավարությունը Հայաստանում զբոսաշրջության ոլորտը նույնպես հռչակել է տնտեսության գերակա ճյուղ, սակայն երիտասարդ մասնագետին «էլեկտրոնային գիդ»-ի հարցում նույնպես աջակցություն չի ցուցաբերվում:

«Այն ստանալու համար անհրաժեշտ է ընդամենը 1.000 դոլար: Եթե Ամերիկա չգնանք, ժամանակ ունենամ, իմ ուժերով կսկսեմ այդ ծրագրի աշխատանքները»,- ավելացում է Աշոտ Մաշուրյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter