Ոչնչացնե՞լ, թե՞ պահպանել
Վայոց Ձորի մարզպետարանն անօրինական է համարել «Արգամիկ» ընկերության գործունեությունը, որը Ելփին գյուղ ծանր տեխնիկա էր մտցրել Կեչուտ տեղամասում պղնձի պաշարների հետախուզման համար:
««Կեչուտ» կոչվող տարածքում երկրաբանահետախուզական աշխատանքները իրականացվում են «Արգամիկ» ընկերության կողմից` ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության կողմից 24.3.2009թ. տրամադրված ընդերքի օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության թիվ 65/1 հատուկ լիցենզիայի հիման վրա, սակայն աշխատանքներն իրականացվում են Ելփին համայնքի ավագանու կողմից նշված տարածքը օգտագործման տրամադրելու համաձայնության եւ համայնքի ղեկավարի եւ «Արգամիկ» ՍՊ ընկերության միջեւ կնքված հողհատկացման պայմանագրի բացակայության պայմաններում»,- նշված է Վայոց Ձորի մարզպետարանի գրավոր եզրակացության մեջ (թիվ 01/10/4011-10):
Դրանով խախտվել է «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի դրույթը (հոդված 16, 1-ին մաս, 2-րդ կետ): Ի դեպ, Ելփինի բնակիչներին ուղղված` ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության 2-րդ բաժնի վարիչ Հ. Փանոսյանի ստորագրությամբ պատասխանում (նամակ թիվ 20-7199, 16.09.2010թ.) նշված է, որ «Արգամիկ» ընկերությունը գործում է ՀՀ գործող օրենսդրության պահանջների համաձայն: Նշենք, որ «Արգամիկ» ՍՊԸ-ն գրանցված է Արարատի մարզի Մխչյան գյուղում եւ, ըստ որոշ աղբյուրների, պատկանում է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին: Թեպետ ներկա դրությամբ ընկերությունը գյուղից դուրս է բերել ծանր տեխնիկան, բնակիչները շարունակում են անհանգստանալ, որ ընկերությունը եւ նրա հովանավորները կհասնեն իրենց ուզածին եւ կվերսկսեն իրենց գործունեությունը: Հիմնական հարցը, որը նրանց մտահոգում է, գյուղի ջրամատակարարաման հարցն է. ջրի աղբյուրները գտնվում են հանքավայրի տարածքում: Բացի դրանից, այդ վայրերը հայտնի են յուրահատուկ բնությամբ եւ կենսաբազմազանությամբ:
«Մեր տարածքները նախկինում էլ էին հայտնի որսորդության համար, հիմա էլ: Հաճախ ենք մենք կրակոցներ լսում: Չենք մոտենում, քանի որ կարող ենք կրակահերթի տակ ընկնել»,- ասում են տարեցները: Իր կողմից «ԷկոԼուր»-ը դիմում է ՀՀ բնապահպանության նախարարությանը եւ Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակին առաջարկով` քննարկել տվյալ տարածքի հարցը եւ հազվադեպ հանդիպող եւ ոչնչացող տեսակների պահպանման համար ներառել այն Հայաստանի հատուկ պահպանվող տարածքների ցանկում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել