«Հայաստան 2010. անորոշության տարի»

Տարեվերջը «Սիվիլիթաս» հիմնադրամն ամփոփեց նախորդ տարվա ընթացքում իր աշխատանքի արդյունքներից մեկի՝ «Հայաստան 2010. անորոշության տարի» զեկույցի հրապարակմամբ: «Անորոշության տարին» վերաբերում է անցած տարվա ընթացքում շոշափելի ձեռքբերումների բացակայությամբ թե տարածաշրջանում, թե երկրի ներսում:
«Սիվիլիթասի» գնահատմամբ` Հայաստանը ոչ միայն առաջընթաց չարձանագրեց որևէ բնագավառում, այլև հազիվ դոփեց տեղում: «2010-ին Հայաստանում ակնհայտ աղետներ կամ տեսանելի ձեռքբերումներ չեղան, թեև տնտեսական և քաղաքական խնդիրները շարունակում էին մնալ չլուծված: Այն, որ նման լճացումը ինքնին խոչընդոտ էր տնտեսական և քաղաքական առաջընթացի համար, ակնհայտ դարձավ հենց այն քայլերով, որոնք չիրականացվեցին»,- ասվում է զեկույցի նախաբանում:
Անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին` զեկույցն ասում է. «Հայաստանը չբարելավեց հարաբերությունները արևելյան և արևմտյան հարևանների հետ: Հայ-թուրքական արձանագրությունների սառեցումից հետո սառեցին նաև Անկարա-Երևան պաշտոնական հարաբերությունները: Սրա արդյունքում լավատեսները հիասթափվեցին, միջնորդները շփոթվեցին, իսկ քննադատների հոռետեսությունն արդարացվեց»:
Զեկույցում վերլուծվում է նաև Հայաստանի ներքաղաքական իրավիճակը. «Ներքին գործընթացներում հայ հասարակության մեջ գնալով աճեց լարվածությունը անձնական ազատության և ավելի մեծ քաղաքացիական ազատությունների ակնկալիքի միջև։ Արդյունքում քաղաքական տեսանկյունից աննկատ տարում ծնվեցին մի շարք քաղաքացիական շարժումներ: Միջին խավը փորձում էր հասնել բարգավաճման և բարեկեցության տնտեսապես և քաղաքականապես անկանխատեսելի և ոչ թափանցիկ միջավայրում: Արդյունքում, միջին խավի գոհունակության փոխարեն, որ կարող էր լավատեսների երկիր ստեղծել, միջին խավի դժգոհությունը լրացրեց հոռետեսների աճող շարքերը»: Տնտեսության ոլորտի վերաբերյալ զեկույցում նշվում է, որ կառավարությունը սպառեց տնտեսական ճգնաժամից ելք գտնելու բոլոր մատչելի հարկաբյուջետային և դրամավարկային միջոցները. «Կառավարությունը որոշակի հաջողության հասավ` թույլ չտալով, որ ֆինանսական խնդիրները էլ ավելի խորանան: Բայց 2010-ին կառավարությունը չկարողացավ քաղաքականապես զգայուն բարեփոխումներ իրականացնել: Դրա հետևանքով տնտեսական բազմազանեցման և մրցակցության պակասը, ինչպես նաև բիզնեսի և կառավարության ներկայացուցիչների փոխկապակցվածությունը մնացին տնտեսական աճի հիմնական խոչընդոտները»:
Զեկույցը կազմվել է մեկ տասնյակից ավելի փորձագետների աշխատանքի արդյունքում: Հայերեն և անգլերեն հրատարակված զեկույցը նաև ներառում է Հայաստանի 2011 թվականի բյուջեի պատկերավոր մի ներդիր: Սա «Սիվիլիթաս» հիմնադրամի երրորդ տարեկան զեկույցն է 2008-ից ի վեր: 2008 թվականի զեկույցը վերնագրված էր «Ճգնաժամ և հնարավորություն», իսկ 2009 թվականինը` «Խոստում և իրականություն»: Այս օրերին հիմնադրամն ամփոփում է Հարավային Սուդանի անկախության հանրաքվեի արդյունքները և վերլուծաբանը զուգահեռներ է անցկացնում Ղարաբաղի հետ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել