HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

2010-ին Լոռու մարզում ավելացել են արտակարգ պատահարները

Լոռու մարզային փրկարարական վարչությունն ամփոփեց տարին

2010 թվականի ընթացքում Լոռու մարզում գրանցվել է 670 արտակարգ դեպք և պատահար, որի հետևանքով տուժել է 285 մարդ. 64-ը զոհվել է, 221-ը` տեղափոխվել հիվանդանոց:  Նյութական վնասի ընդհանուր չափը կազմել է 948.717.944 դրամ:

2009-ի համեմատությամբ 2010-ի ընթացքում արտակարգ պատահարների թիվն ավելացել է. ընդ որում` 187-ով տեխնածին, 5-ով` սոցիալ-կենցաղային բնույթի դեպքերը: 8-ով ավելացել է մարդկային զոհերի թիվը: Այնինչ հիվանդանոց տեղափոխվածների և տուժածների թիվը նվազել է համապատասխանաբար 61-ով և 68-ով: 12-ով էլ նվազել են տարերային բնույթի դեպքերը: 2009-ի համեմատ 2010-ին նվազել է նաև արտակարգ դեպքերի հետևանքով առաջացած նյութական վնասի չափը` 266.764.836 դրամով: 2010 թվականի ընթացքում մարզում տեղի  է ունեցել 359 տեխնածին բնույթի արտակարգ դեպք, որից 321-ը` հրդեհ: Հրդեհների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 193-ով: Հրեդեհի հետևանքով զոհվել է 3 (գ. Լերմոնտովո, գ. Գուգարք, գ. Շահումյան), վիրավորվել` 7 մարդ (գ. Դարպաս, ք. Վանաձոր, ք. Ստեփանավան): Տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային 27 պատահար. տուժել է 41 մարդ, զոհվել` 9-ը. 32 մարդ ստացել է մարմնական վնասվածք: 2009-ի համեմատ ՃՏՊ-ն նվազել է 1-ով, տուժածների և զոհերի թիվը` համապատասխանաբար 8-ով և 2-ով: Մեկ պայթյուն է  գրանցվել Վանաձորում` Լոռու մարզպետարանի աշխատակազմի վարչական շենքի հարևանությամբ գտնվող կաթսայատանը, որի հետևանքով հրդեհ է բռնկվել. մեկ մարդ ստացել է այրվածք:

Մեկ փլուզման դեպք է տեղի ունեցել Սարամեջ համայնքում. փլվել է ոչ բնակելի տան պատը: Գրանցվել է գազատարի 9 վթար Վանաձոր, Օձուն, Սարատովկա, Տաշիր  համայնքներում, Սպիտակ-Ապարան, Տաշիր-Մեծավան, Տաշիր-Կաթնառատ միջին ճնշման գազատարներում: 2010-ի ընթացքում մարզում գրանցվել է տարերային բնույթի 103 արտակարգ դեպք, որից 62-ը` երկրաշարժ Վանաձորում. մինչև 3 բալ ուժգնության` 51 և 3-5 բալ ուժգնության` 11 դեպք: Զոհեր և վիրավորներ չեն եղել: Ձնաբքի 2 դեպք է գրանցվել Սպիտակ-Ապարան և Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհներին:

Ուժեղ քամիներից տուժել են Վանաձոր, Ստեփանավան, Մեծ Պառնի, Քարաբերդ, Քարաձոր, Վահագնի և Մարգահովիտ համայնքները. վնասվել են բազմաբնակարան բնակելի շենքների, բնակելի տների, անասնագոմերի, դպրոցների տանիքներ, պատուհաններ, ջրատար թիթեղներ, էլեկտրասյուներ, էլեկտրահաղորդալարեր, մեղվափեթակներ: Փամբակ, Չիչխան, Դեբեդ, Տանձուտ գետերի ջրի մակարդակի բարձրացումներից վնաս են կրել Սպիտակ, Դարպաս, Շիրակամուտ, Ալավերդի, Ղուրսալ, Սարահարթ համայնքները. քանդվել է գործարանային փողոցի մի հատված, խարխլվել է երթևեկելի կամուրջ, խցանվել է ջրատար, ջրաբերուկներով են ծածկվել գյուղացիական տնտեսություններ, այգիներ ու դաշտեր, քշվել են տնամերձ հողամասեր, ցանքատարածություններ, պտղատու ծառեր, ջուրը նույնիսկ երթևեկելի փողոցներ է ողողել (Ալավերդու Սանահին-կայարան թաղամասում): Սարամեջ  համայնքում գրանցվել է գրունտային ջրերի ներթափանցման մեկ դեպք. բնակելի երկհարկանի տունը ջրերով է լցվել, ինչը կարող է փլուզման պատճառ դառնալ:

Քարաթափման 4 դեպք է գրանցվել Թբիլիսի-Երևան ավտոմայրուղում, Փամբակ-Շահալի վազուրդում, Ալավերդու կայարանի տարածքում և Շահումյան համայնքում: Քարաթափումների հետևանքով միառժամանակ կաթվածահար է եղել երկաթուղային և տրանսպորտային երթևեկությունը:

Իսկ Շահումյան համայնքում պարբերաբար տեղի ունեցող քարաթափումները վտանգ են սպառնում 6 բնակելի տների: Մարզում գրանցվել է 5 սողանք` Կաթնաջուր, Շահումյան համայնքներում, Փամբակ-Շահալի վազուրդում, Վահագն-Անտառամուտ ավտոճանապարհին և Լալվար սարի փեշին: Սողանքների հետևանքով փակվել են ճանապարհներ, վնասվել էլեկտարասյուներ:

Ավտոճանապարհների փլուզման 5 դեպք է գրանցվել Երևան-Վանաձոր, Վանաձոր-Ալավերդի ավտոմայրուղիներում, Ձորագետ-Ձորագյուղ, Ալավերդի-Ջիլիզա ավտոճանապարհների և Վանաձոր-Դարպաս երկրորդական ճանապարհի վրա: Օդերևութաբանական տեղումներ են նկատվել սելավի, կարկուտի, հորդառատ անձրևների տեսքով: Առատ տեղումների պատճառով ջրախեղդ է եղել 8 խոճկոր, վնասվել են մշակելի ցանքատարածություններ, այգիներ, դաշտեր, բնակելի տների օժանդակ կառույցներ, ճանապարհներ:

2010-ին մարզում գրանցվել է սոցիալ-կենցաղային և այլ բնույթի 208 պատահար, որից` 76-ը` թունավորում. սննդային թունավորման 12 դեպք է գրանցվել Վանաձորում. 45 մարդ թունավորվել է «էկլեր» թխվածքատեսակից: Գրանցվել է ալկոհոլից թունավորման 7 դեպք` 7 տուժող, դեղորայքից թունավորման 22 դեպք` 22 տուժող, բնական գազից թունավորման` 13 դեպք` 14 տուժող` 3-ը` մահվան ելքով, քիմիական թունավորման 11 դեպք` 12 տուժող, այլ աղբյուրներից թունավորման` 11 դեպք` 11 տուժող, որոնցից 4-ը թունավորվել է օձի, 1-ը` կարիճի խայթոցից: Հայտնաբերվել է 4 դիակ` 3-ը Վանաձորում, 1-ը` Ալավերդիում: Ջրահեղձման 1 դեպք է գրանցվել Վանաձորում` արհեստական լճում:

Մարզի Դսեղ, Դեբեդ, Մարց, Շամուտ և Լորուտ համայնքներում գրանցվել է անասնահամաճարակ` խոզերի աֆրիկյան ժանտախտ. անկել և հարկադիր սպանդի է ենթարկվել 488 գլուխ խոզ: Բույսերի ֆիտոֆորա հիվանդության մեկ դեպք է գրանցվել Մեդովկա համայնքում`  կարտոֆիլի դաշտում. հիվանդության հետևանքով կարտոֆիլի բերքատվությունն ընկել է շուրջ 60%-ով:

Գայլերի հարձակման 5 դեպք է գրանցվել Սպիտակ, Դարպաս, Նոր Խաչակապ, Քարաբերդ համայնքներում. հոշոտվել և վիրավորվել են գյուղատնտեսական նշանակության անասուններ: Վանաձորում հայտնաբերվել է մեկ ականանետային արկ: 2010-ին Լոռիում գրանցվել է 25.103 շտապ բուժօգնության կանչ, հիվանդանոց է տեղափոխվել 3992 մարդ, 324-ը մահացել է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter