HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բա ո՞ւր են վճարածդ հարկերը

Հայաստանի խոշորագույն օլիգարխներից մեկը` Սամվել Մայրապետյանը, երեկ մտքի մի քանի գոհարներ է թողարկել, որոնք բացահայտում են մերօրյա մեծահարուստների ողջ ինտելեկտն ու մտահորիզոնը: Կոզեռնում գտնվող իրենց պապական տները երեւանցիները կորցնում են: Դրանք ճանաչվել են գերակա շահ եւ տրվել Սամվել Մայրապետյանին պատկանող «Լոկալ Դիվելոփըրզ» ընկերությանը: Հիմա Մայրապետյանն այդ քաղաքացիներին որոշել է վճարել 1 քմ դիմաց 400 դոլար` ավելի քան 2 անգամ պակաս շուկայական գնից: Իր այս քայլը, բնականաբար, որոշակի մունաթով, Մայրապետյանը բացատրում է նրանով, որ այդ հողամասերը սեփականացնելու համար քաղաքացիները ոչ մի դրամ չեն ծախսել: Ահա սա է տրամաբանությունը: Նշանակում է` բոլոր նրանք, ովքեր իրենց բնակարանները 20 տարի առաջ առանց գումար վճարելու սեփականացրին, կարող են մի օր դառնալ որեւէ սամվելմայրապետյանի գերակա շահի զոհը: Այս աննորմալ տրամաբանությանը պետք է հակադրել նորմալ տրամաբանություն. պետք է մի օր ծեծել Մայրապետյանի դուռը եւ հայտնել, որ այն, ինչ ունի նա այսօր, այլեւս իրեն չի պատկանում, քանի որ այդ ամենը նա ձեռք է բերել ոչ իր քրտինքով: Նրա «Լոկալ Դիվելոփըրզը» ամենախոշորներից մեկն է այն ընկերություններից, որոնք պետական լծակներն օգտագործելով` շուկայականից անհամեմատ ցածր գներով ձեռք են բերում տարածքներ Երեւանի կենտրոնում, էլիտար շենքեր կառուցում ու խիստ շուկայական գներով վաճառում` ստանալով աստղաբաշխական եկամուտներ: «Լոկալ Դիվելոփըրզը» ՀՀ պետեկամուտների կոմիտեի հրապարակած 1000 խոշոր հարկատուների վերջին ցանկում չկա: Ստվերային տնտեսության դեմ պայքարի շրջանակներում Մայրապետյանին պատժել ու չվճարված հարկերը բռնագանձել, բնականաբար, չի կարելի: Նա ներկայումս Սերժ Սարգսյանի, իսկ նախկինում Ռոբերտ Քոչարյանի ամենասիրելի օլիգարխներից է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter