Երբ Աստված ուզում է խաբել մարդկանց, նրանց մոտ է ուղարկում արդարության կոչ անող մարգարեներ
Արամ Մաթևոսյան
Դու ճրագն էիր,
Ես լույսը,
Իսկ ո՞վ վառեց պատրույգը:
(Կարապետիչ )
Կա զանգվածին ոտքի հանելու շատ պարզունակ մի ձև: Բավական է ասել «ոչ անարդարությանը», ու քո հետևից նույնը կկրկնի տասը հազար մարդ: Այդ նույն տասը հազարին արդարության պայքարի կոչ արել ու առաջնորդել են բոլոր նրանք, ովքեր մեր անկախության այս քսան տարում իրենց ապրուստի միջոց դարձրել են քաղաքականությունը:
Ենթադրվում էր, որ նախընտրական այս տարում առաջնորդական հարթակում կհայտնվի ժողգործիքը ձեռքին հերթական մեկը: Դա ենթադրում էինք շատ շատերս, բայց խոստովանենք, որ քչերիս մտքով կարող էր անցնել, թե դա կլինի Տիգրան Կարապետիչը:
- Վառել եմ մոմերը:
Հարգելի միտինգավորներ, սրանք այս նախընտրական տարվա «շլյագերի» առաջին բառերն են: Երգչախմբում տեղ ունենալու համար դժվարն առաջին տողն իմանալն է, մնացածն, ինչպես ասում են, իմպրովիզացիայի խնդիր է: Այսպես օրինակ.
- Եկեք ասենք, «ոչ», ժողովրդի ձայնը լռեցնողներին:
Ասում ես. «illis salus populi suprema lex esto», հետո տալիս ես իմաստուն մի պաուզա, Ճպպացնում ես շրթունքներով, ու տասը հազարանոց երգչախումբը քո ենթակայության տակ է, ում հետ կարող ես շարունակել տարիներ առաջ սկիզբ առած ամենաանորակ ու գռեհիկ ոճով հնարված ԱԼՄ-ական ողբասացությունը:
Ընդսմին, պետք է զինանոցում պատրաստ ունենալ, օրինակ, ասենք «Աստված կիրացնի նրանց դատաստանը» կամ էլ «ինչո՞ւ է լռում կաթողիկոսը» վախճանաբանական բովանդակությամբ վանկարկումներ: Մետաֆիզիկ հնչեղության հասնելու համար պետք է անպայման իրար խառնել այս ու այն կողմնային ուժերը: Ժանրի ինչ աննախադեպ ճգնաժամ: Չէ, սա վերջն է:
Երրորդ ուժի նոր դրսևորում հանդիսացող այս վերջին մոմավառությունը, վերջին այս ապոֆեոզը, որ իրավամբ կարելի է անվանել «Գովք տգիտության», իշխող վարչախմբի սգերգն է, անկասկած:
Եվ գուցե ժամանակն է այս անգամ, իսկապես, միանալ միտինգավորին ու տալ նույն հարցը, թե «ինչո՞ւ է լռում կաթողիկոսը»: Իրոք, ինչպե՞ս կարելի է լռել, երբ մի հերթական Գապոն քահանա, հերթական մի փրկիչ, տասը հազար մոմակրի գլուխ անցած, խոսում է Աստծու անունից:
Կաթողիկոսն այս անգամ պետք է չլռի, չպետք է մի ինքնակոչի զիջի Աստծու անունից մարդկանց վրա մատ թափ տալու իր իրավունքը: Եթե ինքը զբաղված է կարևոր երկնային գործերով, ապա պետք է խառնվեն ուրիշ տեր ու տերտերները: Կարապետիչի հաթաթաները նրանց դեմ են ուղղված, ի վերջո: Հոտին նոր տեր է հայտնվել:
Կարծում եմ` կխառնվեն հոտատերերը, ու մենք անշուշտ ականատեսը կլինենք հովվապետության համար նոր կռիվների, հերթական մի կռիվ, որից գուցե շահի քաղաքացին այս անգամ: Նորանկախ տարիներին ծագած առաջնորդակռվի մեջ պետք է, որ լինի նպաստավոր մի պահ քաղաքացու համար:
Անհուսալի չի կարող լինել շարքային մարդու վիճակը անընդհատ ու անընդհատ: Ճիշտ է` դժվար է, երբ հեռուստաէկրանից անթարթ հայացքով, առջևում պարզած խաչի նշանը, նայում են ուղիղ աչքերիդ մեջ ու խռպաձայն, հազախառը «արդարություն» բառն են թքում երեսիդ:
Բայց թեկուզ այդ վիճակից էլ պետք է, որ ելք գտնվի: Եթերազրկելը ելք չէ, պարզվում է, դա սկիզբն է, պարզվեց` մի նոր շանտաժի սկիզբը: Մի մեղադրող էլ ավելացավ: Մի նոր հովվապետ էլ հայտնվեց:
Չգիտեմ` այս նոր միսիոներության, այս նոր մեղադրանքի դեմ միջոց կգտնվի՞: Մեղավոր ենք, այո, ես մնացածի նման ընդունում եմ իմ մեղքը, կարծում եմ` մեղավոր է շարքային մարդն այնքանով, որ այս հոտային կարգավիճակին ինքն է իրեն հասցրել: Ով բարձրացավ հարթակ ու տնկեց մատը, մենք սրեցինք մեր ականջները:
Վաչե Սարուխանյանից սկսած մինչև Տիգրան Կարապետիչ, մեր նորանկախ տարիներին հարթակ բարձրացած բոլոր առաջնորդները ասել են մի բան, հետո արել են մի այլ բան:
Փոփոխականությունը յուրահատուկ է մարդ արարածին: Բոլորիս: Սակայն մեր առաջնորդներից ոչ մեկի մտքով չի էլ անցնում, որ իրենց փոփոխական լինելը վաղուց պարզել են շարքային մարդիկ, որ իրենց հույս ու հենարանը մնացել է լոկ այն տասը հազարը, որի բնավորությունը չի փոխվում, որի բնույթը չի փոխվում:
Անհասկանալի մի դրդապատճառով այդ միտինգավորները, սպանելով իրենց մեջ եղած փոփոխականը, այսինքն` բնությունից տրված ազատը, ենթարկվում են ուրիշի կամքին, այդ ուրիշի թելադրած կանոնին, նրա հետ ձուլվում ու դառնում են մի ամբողջականություն: Սկսում են հավատալ իրար ամբոխն ու առաջնորդը: Բարձրաձայնել են սկսում արդարության մասին:
Մի անգամյա պատահական հաջողությունը դարձել է նախադեպ մեր առաջնորդների ու նրանց կից տասը հազար միտինգավորի համար: Կառուցեցին մի կուռ տեսություն, մի ամբողջ աշխարհայացք, անկախացման պատահական փաստի վրա:
Հիմա էլ Աստծո անունից են խոսում: Ասում են` Աստված չի ուզում ու չի կարող խաբել մարդուն: Դա այնքան էլ այդպես չէ, սիրելիներս: Եթե դա այդպես լիներ, ապա Նա երբեք չէր դնի խաչը խիստ սահմանափակ ուղեղով մեկի ձեռքին, չէր տրամադրի նրան եթեր ու չէր ասի. «Խոսիր իմ անունից»:
Կոնկրետ մեր դեպքում, փորձը ցույց է տալիս, որ Աստված կարող է խաբել, ու երբ Նա ուզում է խաբել մարդկանց, ապա նրանց մոտ է ուղարկում արդարության կոչ անող կարապետիչակերպ մարգարեների:
14 հունվարի 2011 թ.
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել