Նախագահ Սարգսյանը կմեկնի Կիպրոս և Հունաստան
Նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 17-ին պետական այցով կմեկնի Կիպրոսի Հանրապետություն: Իսկ հունվարի 18-ին կմեկնարկի Ս. Սարգսյանի պետական այցը Հունաստանի Հանրապետություն:
Կիպրոսի Հանրապետություն այցի շրջանակներում Սերժ Սարգսյանը հանդիպումներ կունենա երկրի նախագահ Դեմետրիս Խրիստոֆիասի, Արքեպիսկոպոս Խրիսոստոմոս Երկրորդի, Կիպրոսի ներկայացուցիչների պալատի նախագահ Մարիոս Գարոյանի հետ:
Հանրապետության ղեկավարը նաև կմասնակցի հայ-կիպրական գործարար համաժողովի բացմանը:
Կիպրոսում Սերժ Սարգսյանը կհանդիպի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: Այցի վերջին օրը` հունվարի 18-ին, նախագահը Լառնակա քաղաքում ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին և կմեկնի Հունաստանի Հանրապետություն:
Հունաստանում նախագահ Սարգսյանը հանդիպումներ կունենա նախագահ Կառլոս Պապուլիասի, Աթենքի և Համայն Հունաստանի Արքեպիսկոպոս Հիերոնիմոս II-ի, Խորհրդարանի նախագահ Ֆիլիպոս Պեցալնիկոսի, Վարչապետ Յորղոս Ա. Պապանդրեուի հետ:
Աթենքում Հանրապետության ղեկավարը կհանդիպի նաև Սփյուռքում գործող ավանդական հայկական կուսակցությունների ներկայացուցիչների հետ:
Ավարտելով պետական այցը Հունաստան` Ս. Սարգսյանը հունվարի 20-ին կվերադառնա Երևան: Այս մասին հայտնում են նախագահի մամլո ծառյությունից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել