HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տգիտությունը ծնում է ֆանատիզմ, իսկ հետո գիտությունը պետք է անընդհատ զբաղվի ֆանատիկներին ճշմարտությունն ապացուցելով...

Երվանդ Խոսրովյան www.panorama.am-ում կարդացի «Հայ արիական միաբանության Գերագույն խորհուրդ»-ի հայտարարությունից մեջբերումներ, որն ուղղված էր ԻԻՀ նախագահին ու նրա ժողովրդին՝ վերջին ավիավթարի առիթով: Եւ այսպես. «Հայ արիները ցավակցում են Իրանի եղբայրական արիական ժողովրդին»: Նախադասության ձեւակերպումից ելնելով` Իրանի ամբողջ ժողովուրդը համարվում է արիացի կամ ինչպես իրենք են ասում, արիներ: Իսկ այդ պատմական փաստը նրանք որտեղի՞ց են բերել` պարզ չէ: Երեւի «Հայ արիական միաբանության» արխիվները պատմության մասին այլ բան են ասում, քան պատմությունն ինքը, ինչպես որ կա: Ուղղակի ապշեցուցիչ է ու զարմանալի մարդկանց գիտելիքների ու հասկացողության մակարդակը: Ասում են, ավելի լավ է ոչինչ չիմանալ, քան իմանալ կիսատ-պռատ: Զարմանալին այն է, որ «Հայ արիների միաբանություն» կոչվածը անգամ չգիտի` Իրանում ինչ ազգեր ու ցեղեր են ապրում, չգիտի անգամ, որ իսլամին դավանելը ինքնին հակասում է հենց արիական «աստվածներին»: Իրանի Իսլամական Հանրապետությունը, բացի իսլամից, մերժում է բոլոր նախաիսլամական, հետիսլամական դավանանքներն ու անգամ ցեղային ու էթնիկական պատկանելիությունը: ԻԻՀ ցանկանում է ամբողջ աշխարհը տեսնել իսլամի դրոշի ներքո: Իրանի ժողովրդին ցավակցելն, ինչ խոսք, մարդկային է, բայց որ «Հայ արիական միաբանություն»-ը Իրանին համարում է հարևան ու բարեկամ երկիր, իսկ իրանցիներին (պարսիկներին)՝ պատմական ու արիական անցյալ ունեցող եղբայրական ժողովուրդ, ապացուցում է հենց իր անտեղյակ լինելն Իրանի ժողովրդից եւ նրա էթնիկական կառուցվածքից: Կարիք չկա ուշադիր ընթերցելու հետեւյալ նախադասությունը` իրարամերժ եւ հակասական հասկացությունը ապացուցելու համար, հատկապես «Բարի առանցք» բառեզրը. «Մենք ԻԻՀ ժողովրդին ուժ և կամային բարձր որակներ ենք մաղթում այս դեպքից հետո արագ ապաքինվելու և աշխարհի «Բարի առանցք»-ին ուղղված համաշխարհային պայքարը շարունակելու համար»: Առանց հասկանալու, թե այդ «Բարի առանցք»-ը ի՞նչ է նշանակում ԻԻՀ համար` «Հայ արիները» կամա թե ակամա պաշտպանում են ԻԻՀ կողմից աշխարհը իսլամականացնելու գաղափարը: Ավելի ուշադիր կարդացեք հետեւյալ հակասական նախադասությունը, սա կարելի է մի գեղեցիկ անեկտոդի վերածել. «Փառք Հայ և Պարսիկ Աստվածներին և համբերություն իսլամական ավանդույթների հետեւորդներին»: Իրո՞ք «Հայ արիական միաբանության Գերագույն խորհուրդ»-ը այնքան տգետ է, որ չի հասկանում, որ «Իսլամական ավանդույթների հետեւորդները» մերժում են «Հայ եւ Պարսիկ Աստվածներին», հերքում են նրանց գոյությունը կամ իմաստը: Կամ ի՞նչ է նշանակում «փառք տալ «Հայ եւ Պարսիկ աստվածներին» եւ միաժամանակ ցանկանալ «համբերություն իսլամական ավանդույթների հետեւորդներին»: Եթե ասվեր` «ցավակցում ենք արիական պարսիկներին» կամ «մեր պարսիկ համախոհներին», ինչ-որ տեղ հասկանալի կլիներ: Ցավալի է, բայց դե, մենք միշտ էլ տգիտության զոհն ենք դարձել: Ցավալի է նաեւ այն բանի համար, որ խնդիրը չի ավարտվում միայն «Հայ արիներ»-ով. մակերեսային հավակնությունն ու հաճախ արհեստականորեն իրեն այս կամ այն ազգի ցեղակիցն ու «պատմական եղբայրներ» համարելը դարձել են արդեն հայկական «գիտության» ավանդույթ: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը փորձում է ներկայիս հայ ժողովրդին ամբողջովին վերագրել «8 հազար տարվա» պատմություն ունեցող ազգ` տեղյակ չլինելով ազգի ու ցեղային կամ տոհմային առանձնահատկությունների, դրանց զարգացման ու անցած հազարամյակների բարդ պրոցեսների մասին: Շատերն էլ, որպեսզի «ցեղամոլ» կամ «ազգայնամոլ» չկոչվեն, հրաժարվում են ազգային պատկանելությունից, դառնում են մակերեսային «կոսմոպոլիտներ»: Հայ ժողովրդի որոշ խմբեր նույն մոտեցումն ունեն, ասենք, եվրոպական մշակույթի հանդեպ` ցանկանալով մեկ օրում եվրոպացուց ավելի եվրոպացի ներկայանալ, կամ ռուսամետները` ռուսներից ավելի ռուս դառնալ` առանց նրանց մշակույթն ու պատմական բարդ անցյալը, զարգացման ընթացքը ուսումնասիրելու եւ հասկանալու, թե ինչու են նրանք այլ կերպ այսօր, եւ ինչու ենք մենք այդքան ձգտում այլասերվելու: Ինչո՞ւ մենք չենք կարողանում մշակել ՄԵՐԸ: Տգիտությունը ծնում է ֆանատիզմ, իսկ հետո գիտությունը պետք է անընդհատ զբաղվի ֆանատիկներին ճշմարտությունն ապացուցելով... 13 հունվարի 2011 թ.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter