HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հայտարարությունը

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանին
Պատճենը` Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանին

2011 թ. սեպտեմբերի 30-ին` առավոտյան 09:30-11:00-ն, և հոկտեմբերի 1-ին` առավոտյան ժամը 10:00-13:00-ի սահմաններում, Վանաձոր-Երևան ուղևորափոխադրումները դադարեցված են եղել:

Վանաձոր-Երևան ուղևորափոխադրումներ իրականացնող երթուղային տաքսիները, որոնք սովորաբար օրվա ցանկացած ժամի Վանաձորի ավտոկայանից իրականացնում են ուղևորափոխադրումներ, ավտոկայանում չկային:

Վանաձոր-Երևան երթուղին սպասարկող կազմակերպության ոչ մի ներկայացուցիչ տեղում չի եղել, և փաստացի Երևան մեկնող քաղաքացիներին որևէ կերպ բացատրություն չի տրվել, թե ինչու է դադարեցված դեպի Երևան ուղևորափոխադրումը:

Ավելին, նախապես որևէ հայտարարություն չի տարածվել այն մասին, որ 2011 թ. սեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին դեպի Երևան որոշակի ժամերի ուղևորափոխադրումը դադարեցվելու է:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի աշխատակիցները և կազմակերպության Տաշիրի, Ստեփանավանի, Ալավերդու, Սպիտակի ներկայացուցիչներն ուսումնասիրություն են իրականացրել նաև Լոռու մարզի Ստեփանավան, Սպիտակ, Տաշիր, Ալավերդի քաղաքների ավտոկայաններում, ինչպես նաև Վանաձոր-Երևան ճանապարհներին, որի արդյունքում արձանագրվել է, որ դեպի Երևան ուղևորափոխադրումներ չի իրականացվում նաև այդ քաղաքներից:

Ուսումնասիրությունների ընթացքում կազմակերպության աշխատակիցները ճանապարհային ոստիկանության մեքենաներ են նկատել Վանաձոր քաղաքի մուտքի մոտ, ինչպես նաև Վանաձոր-Երևան մայրուղու Ալագյազ համայնքից դեպի Արթիկ քաղաք տանող ճանապարհին:

Ոստիկանության Արագածի բաժնի պրոֆիլի ավագ տեսուչ Ա.Ենոքյանը նշել է, որ հասարակական կարգն են հսկում, դա իրենց տարածքն է և արտարոց ոչ մի բան չկա: Կազմակերպության աշխատակիցների հարցին, թե ինչքան են պատրաստվում հասարակական կարգը հսկել, Ա.Ենոքյանը նշել է. «Դե, կասեն, էլի, ծառայություն է»:

2011 թվականի հունվար-ապրիլ ամիսներին մամուլի տարածած տեղեկությունների համաձայն` դեպի Երևան ուղևորափոխադրումները դադարեցվել են այն բոլոր օրերին, երբ Հայ ազգային կոնգրեսը Երևանում կազմակերպել է հանրահավաք:

Այդ դեպքերում ևս որևէ հայտարարություն չի տարածվել, թե ինչու է դադարեցված ուղևորափոխադրումը, և փաստացի քաղաքացիների ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ բացատրություն չի տրվել:

Չնայած այն հանգամանքին, որ քաղաքացիների ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակման փաստերը տարածել են զանգվածային լրատվության միջոցները, իշխանությունները որևէ միջոցառում չեն ձեռնարկել ուղևորափոխադրումների նշված սահմանափակումները վերացնելու և նման սահմանափակումների դրսևորումները կանխարգելելու համար:

Նշված փաստերը հիմք են տալիս ենթադրելու, որ ուղևորափոխադրումները կանոնավոր կերպով կազմակերպելու համար պատասխանատու անձինք ոչ միայն խախտել են ՀՀ քաղաքացիների ազատ տեղաշարժման իրավունքը, այլև դրսևորել են անգործություն խախտումները կանխարգելելու ուղղությամբ:

Ելնելով վերոգրյալից` պահանջում եմ դադարեցնել

1. Վանաձոր-Երևան երթուղին սպասարկող կազմակերպության լիազորությունները
2. Ալավերդի-Երևան երթուղին սպասարկող կազմակերպության լիազորությունները
3. Ստեփանավան-Երևան երթուղին սպասարկող կազմակերպության լիազորությունները
4. Սպիտակ-Երևան երթուղին սպասարկող կազմակերպության լիազորությունները
5. Տաշիր-Երևան երթուղին սպասարկող կազմակերպության լիազորությունները:

Հարգանքներով՝
կազմակերպության նախագահ Արթուր Սաքունց

Մեկնաբանություններ (2)

Վ. Առաքելյան
Երևանից Ստեփանավան երթուղային մեկ տաքսիյով 32 ուղևորներ ժամանեցին մսաղացի միջով անցածների տեսքով: Նրանցից ոչ մեկը բողոքելու իրավունք չունի, որ արդեն 10 թե 20 տարի է ինչ դեպի Երևան և ետ, հաճախ երթևեկում է պպզած, կռացած կամ ուրիշին գոքին նստեցրած դիրքերով, իսկ պիկ օրերին վճարելով պետական տոմսի կրկնակի գինը:
Վահե 2010
6.Դադարեցնել ՀՀ Նախագահի լիազորությունները: Իրականում հարցը հիմնովին կլուծվի միայն այն ժամանակ երբ դադարեցվի ավազակապետական կառավարման համակարգը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter