HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱՄՆ-ի գործարարների համար կարևոր է Երևանում հարմարավետ գործարար միջավայրի ստեղծումը

Այսօր Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչին: Դեսպանը համոզմունք է հայտնել, որ այսուհետ Երևանի քաղաքապետարանի և ԱՄՆ-ի դեսպանատան համատեղ աշխատանքները նոր թափ կստանան: Ընդգծելով միջազգային համագործակցության կարևորությունը` քաղաքապետը դեսպանին ներկայացրել է  համագործակցության հնարավոր ոլորտները` կապված քաղաքային տնտեսության կառավարման ոլորտում փորձի փոխանակման, մասնագետների վերապատրաստման, կրթության, խորհրդատվական ծառայության և ներդրումային դաշտի զարգացման հետ: «Մայրաքաղաքային տնտեսության մեջ հնարավորինս շատ ներդրումային միջոցների ներգրավումը Երևանի քաղաքապետարանի գերակա ուղղություններից մեկը պետք է դառնա: Երևանում պետք է ստեղծվի դյուրին, մատչելի բիզնես միջավայր` չեզոքացնելով բոլոր կոռուպցիոն ռիսկերը»,-ընդգծել է Կարեն Կարապետյանը: Ներդրումային դաշտի վերափոխումը համարելով ուղղակի անհրաժեշտություն` ԱՄՆ-ի դեսպանը նշել է, որ ամերիկյան գործարարների համար շատ կարևոր է Երևանում հարմարավետ գործարար միջավայրի ստեղծումը: Երևանի քաղաքապետը դեսպանին տեղեկացրել է քաղաքապետարանում բիզնես ծրագրերի աջակցման և զարգացման նպատակով նոր կառույցի ստեղծման մասին: Կարեն Կարապետյանն ընդգծել է նաև Երևանի և Միացյալ Նահանգների միջև զբոսաշրջային կապերի ամրապնդման և ընդլայնման անհրաժեշտությունը: Բնակիչների իրազեկման բարձրացման, ինչպես նաև բնակիչ-քաղաքապետարան կապն առավել մատչելի դարձնելու նպատակով նույնպես լուրջ քայլեր են ձեռնարկվում, որտեղ ևս քաղաքապետարանն ակնկալում է դեսպանատան աջակցությունը: Ինչպես հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, խոսելով մայրաքաղաքում երթերի և հանրահավաքների անցկացման հարցերի շուրջ` Մարի Յովանովիչը դրական է գնահատել «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ ներկայիս օրենքը` կարևորելով օրենքի պահանջների պահպանումը: Երևանի քաղաքապետը վստահեցրել է, որ զանգավածային միջոցառումների իրազեկման քննարկումները և որոշումների կայացումը լինելու է սահմանված ընթացակարգով, բաց և թափանցիկ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter