HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Համատիրությունների նախագահները` քաղաքապետարանում

Այսօր Բազմաբնակարան շենքերի կառավարման, շահագործման և սպասարկման ռազմավարական ծրագրի հիմնական մոտեցումները ձևակերպելու և հստակեցնելու նպատակով քաղաքապետարանում կազմակերպվել էր աշխատանքային քննարկում, որին մասնակցել են համատիրությունների նախագահներ, ոլորտի խնդիրներով զբաղվող ՀԿ-ների և կառավարության կողմից ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի ներկայցուցիչներ։ Քննարկումը վարող փոխքաղաքապետ Կամո Արեյանը նախ ներկայացրել է վերոնշյալ հարցի մասով Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի մոտեցումը, համաձայն որի` պետք է պետականորեն աջակցել և խրախուսել համեմատաբար արդյունավետ աշխատող համատիրություններին՝ միաժամանակ  բարեփոխելով շենքների կառավարման գոյություն ունեցող համակարգը։ Նշվել է, որ կառավարության նախաձեռնած հնգամյա ռազմավարական ծրագրով նախատեսվում է շենքերի կառավարման նոր մոդելի ձևավորում: Ըստ այդմ` օրենքով սահմանված կարգով, յուրաքանչյուր շենքում սեփականատերերի ժողովը կընտրի կառավարիչ, ով կունենա առևտրային գործունեությամբ զբաղվելու իրավասություն: Վերջինը պարտավոր է հոգ տանել շենքի նորոգման և սպասարկման համար, իսկ այդ նպատակով օգտագործվելիք միջոցները կգոյանան ինչպես վարձավճարների հավաքագրումից, այնպես էլ բազմահարկ շենքի ընդհանուր բաժնային սեփականության արդյունավետ բիզնես կառավարումից։ Փոխքաղաքապետը հավելել է, որ Բնակֆոնդի կառավարման նոր մոդելի ներդրումը ենթադրելու է օրենսդրական փոփոխություններ և որ ներկայացվող ծրագիրը մշակվել է Համաշխարհային բանկի աջակցությամբ՝ հիմնված մեր երկրում կատարված ուսումնասիրությունների և Արևելյան Եվրոպայի երկրների փորձի վրա։ Կամո Արեյանը նաև ընդգծել է, որ թեև  բնակֆոնդի պահպանումն ու վերանորոգումը բնակարանների սեփականատերերի պարտականությունն է, այնուամենայնիվ, առաջարկվող ծրագրով նախատեսվում է նաև պետական աջակցություն, որոնք կլինեն նպատակային լրավճարների տեսքով։ Ծրագրի իրականացման մեկնարկը կտրվի արդեն այս տարվանից, ընդ որում` արդեն իսկ նախատեսված են 2011-2012թթ.-ին միանվագ պետական  ֆինանսավորմամբ շենքերի ենթակառուցվածքների վերականգնման միջոցառումներ։ Պետական սուբսիդավորման մեխանիզմը կներդրվի 2014թ.-ից։ Համաձայն ծրագրի` նախատեսվում է ներդնել նաև բնակարանային նպաստի ծրագիրը, որը կհատկացվի սոցիալապես անապահով խավերին։ Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ`համատիրությունների նախագահները ծրագրի վերեբերյալ ներկայացրել են իրենց մտահոգություններն ու առաջարկությունները, որոնց մասով փոխքաղաքապետը տվել է պարզաբանումներ։ Քննարկման արդյունքներն ամփոփելով` Կամո Արեյանը համատիրությունների նախագահներին ու հասարակական կազմակերպություններին հորդորել է լինել ակտիվ և գրավոր առաջարկություններ ներկայացնել հարցի վերաբերյալ։ Վերջնական շտկումներից հետո,  Բնակելի ֆոնդի կառավարման ռազմավարական ծրագիրը կներկայացվի կառավարության հաստատմանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter