Խորհրդակցություն` ջրային տնտեսության պետական կոմիտեում
Տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեում այսօր անցկացված խորհրդակցությանը փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանին ներկայացվել է անցյալ տարի կատարված աշխատանքները եւ 2011թ. ծրագրերը:
Կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանի ներկայացմամբ` անցած տարի զգալի աշխատանքներ են իրականացվել ոլորտում ջրային համակարգերի վերականգնման, ջրամատակարարման տեւողության ավելացման, ջրամատակարարման որակի բարելավման, կառավարման արդյունավետության բարձրացման եւ մի շարք այլ ուղղություններով:
Խմելու եւ ոռոգման ջուր մատակարարող կազմակերպությունների կողմից մատակարարված ջրի դիմաց 2010թ. գանձվել է 18 մլրդ 734.4 մլն դրամ` 2009 թ. 16 մլրդ 850 դրամի փոխարեն: Խմելու ջրի դիմաց հավաքագրումներն ավելացել են 1,5 մլրդ դրամով. գաձնվել է 15 մլրդ 173 դրամ (կամ հասույթի 96,3 տոկոսը)` նախորդ տարվա 13մլրդ 633 մլն դրամի փոխարեն: Ոռոգման ջրի մասով հավաքագրումներն ավելացել են 344,8 մլն դրամով. գանձվել է 3 մլրդ 561 մլն դրամ (կամ հասույթի 81,7 տոկոսը)` նախորդ տարվա 3 մլրդ 214 մլն դրամի փոխարեն: Պետական բյուջե է փոխանցվել 5 մլրդ 500 մլն դրամ` նախորդ տարվա 5 մլրդ 470 մլն-ի դիմաց: Երեւանում ջրամատակարարման միջին տեւողությունը կազմել է 21.1 ժամ` նախորդ տարվա 20.4 ժամվա փոխարեն:
Տարվա ընթացքում խմելու ջուր մատակարարող ընկերությունների սպասարկման տարածքում տեղադրվել է եւս 19.400 ջրաչափ: Այսպիսով` ջրաչափ է տեղադրել բաժանորդների 86.7 տոկոսը (607 հազ.100 ջրաչափ)` նախորդ տարվա 83,9 տոկոսի (587 հազ.700 ջրաչափ) դիմաց:
2010 թ. կառուցվել է ընդհանուր առմամբ 901 կմ խողովակաշար` այդ թվում` 697 կմ խմելու ջրագիծ հանրապետության տարածքում: Կառուցվել է 18, վերանորոգվել 11 օրվա կարգավորիչ ջրմաբար, կառուցվել է խմելու ջրի 6 պոմպակայան, ոռոգման ջրի 20 պոմպակայանի վերականգնումն ընթացքի մեջ է: Ոլորտում իրականացված ներդրումների արդյունքներին առավել մանրամասն հնարավոր է ծանոթանալ կայքում տեղադրված տեղեկանքից:
Նշվել է, որ 2011 թ. կոմիտեն կշարունակի ջրային համակարգերի կառավարման բարեփոխումները, որոնք ուղղված կլինեն հանրապետության մի շարք բնակավայրերի ջրամատակարարման բարելավմանը, ջրի կորուստների կրճատմանը, խմելու ջրի որակի բարձրացմանը: Տարվա գերակա խնդիրներից է նաեւ ջրամատակարարման տեւողության աստիճանական ավելացումը` նախորդ տարվա նկատմամբ առնվազն 1 ժամով: Կիրականացվեն նաեւ Սեւանա լճի բնապահպանական խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումները: 2011 թ. նախատեսվում է շահագործման հանձնել նաեւ Մարմարիկի ջրամբարը:
Տեղեկացվել է, որ կշարունակվեն ջրային տնտեսության ոլորտի ընկերությունների եւ ջրային համակարգերի կառավարման բարեփոխումները: Մասնավորապես առաջնահերթ են «Երեւան ջուր» եւ «Հայջրմուղկոյուղի» ընկերությունների հետ իրավապայմանագրային հարաբերությունների կարգավորման հետ կապված հարցերը: Ա. Գեւորգյանը գոհունակությամբ նկատել է, որ այս հարցերում կառուցողական համագործակցություն է ծավալվում Համաշխարհային բանկի հետ: Նա կարեւորել է նույն արդյունավետությամբ ու որակով այն ծրագրերի կատարումը, որոնք իրականացվում են Համաշխարհային բանկի, Ասիական զարգացման բանկի, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի,Գերմանական KFW բանկի միջազգային այլ կազմակերպությունների հետ:
Խորհրդակցությանը փոխվարչապետը հատուկ կարեւորել է ոլորտում հավաքագրումների պատշաճ մակարդակով իրականացումը: Նա դժգոհություն է հայտնել ջրօգտագործողների որոշ ընկերությունների, մասնավորապես «Մասիս» ՋՕԸ-ի հավաքագրումների արդյունքներից: Նշվել է, որ այդ ուղղությամբ դեռեւս անելիքներ կան «Քարակերտ» եւ «Թալին» ՋՕԸ-երում: Ա. Գեւորգյանը հանձնարարել է նաեւ 10-օրյա ժամկետում Կառավարություն ներկայացնել այն սպառողների ցուցակը, որոնց ոռոգման ջրի պարտքը գերազանցում է 200 հազար դրամը:
ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ` փոխվարչապետը կարեւորել է նաեւ 2011թ. նախատեսված կապիտալ ներդրումների ծրագրերի ամբողջությամբ եւ որակով իրականացումը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել