HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խորհրդակցություն` մարզպետների մասնակցությամբ

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ այսօր տեղի ունեցած խորհրդակցությանը փոխվարչապետը մազրպետներին ներկայացրեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին: Ա. Գեւորգյանը վստահություն հայտնեց, որ գուղնախարարությունն ակտիվորեն կհամագործակցի մարզպետարանների հետ` հաշվի առնելով, որ գյուղատնտեսության խնդիրները մարզպետների ամենօրյա ուշադրության կենտրոնում են: Ս. Կարապետյանը ներկայացրեց իր առաջիկա անելիքները, տեղեկացրեց, որ այցելելու է մարզեր, մասնակցելու է մարզպետարաններում անցկացվող խորհրդակցություններին` առկա խնդիրներին տեղերում ծանոթանալու, ոլորտին վերաբերող հարցերը քննարկելու համար: Նա կարեւորեց մարզպետարանների համապատասխան ստորաբաժանումների եւ ոլորտում գործող այլ կառույցների հետ սերտ գործակցությունը` նշելով գյուղի, գյուղացիների հետ անմիջական կապի անհրաժեշտությունը: Այդ ու ոլորտին վերաբերող խնդիրների լուծման հարցում նախարարն ակնկալում է մարզպետների աջակցությունը: Մարզպետներն իրենց հերթին համագործակցության եւ աջակցության պատրաստակամություն հայտնեցին: Խորհրդակցության ընթացքում ներկայացվեցին 2010թ. համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման կատարողականը եւ համայնքային հիմնարկներում աշխատավարձերի մարման ընթացքը: Նշվեց, որ 2011թ. հունվարի 1-ի դրությամբ ՀՀ համայնքների բյուջեների փաստացի ընդամենը եկամուտները կազմել են 83.8 մլրդ դրամ (կատարողականը` 98.6.%): Սեփական եկամուտների մուտքերը կազմել են 23,8 մլրդ դրամ (կատարողականը` 95, 7 %), աճը` 10,1 տոկոս կամ 2,2 մլրդ դրամ: Գույքահարկի հավաքագրումը կատարվել է 102.5%-ով: Փաստացի մուտքերը կազմել են 11.3 մլրդ դրամ: Հողի հարկի հավաքագրումը կատարվել է 93,8 %-ով, մուտքերը կազմել են 4,6 մլրդ դրամ: 2008թ. հունվարի 1-ի դրությամբ աշխատավարձերի նախկին տարիների կուտակած պարտքերի ձեւակերպված շուրջ 2.3 մլրդ դրամ պարտքերից այսօրվա դրությամբ առկա է 390,6 մլն դրամ պարտք: 2010թ. պարտքեր ունեն միայն Շիրակը` 2,2 մլն դրամ եւ Արագածոտնը` 1,5 մլն դրամ: Փոխվարչապետը մարզպետների ուշադրությունը հրավիրեց երկու փաստաթղթերի` Գյուղնշանակության հողերի խոշորացման հայեցակարգի եւ ՀՀ բազմաբնակարան բնակարանային ֆոնդի շահագործման եւ կառավարման բարելավման հնգամյա ռազմավարական ծրագրի վրա` առաջարկելով ծանոթանալ եւ 10-օրյա ժամկետում դրանց վերաբերյալ առաջարկություններ ներկայացնել կառավարությունում քննարկելու համար: Ա. Գեւորգյանը տեղեկացրեց, որ առաջիկայում Տավուշի եւ Գեղարքունիքի մարզերում կքննարկվեն նշված մարզերի զարգացման եռամյա` 2008-2011թթ. ծրագրերի կատարողականները, ինչպես նաեւ մարզերի զարգացման ծարգրերի իրականացման նկատմամբ մոնիտորինգի համակարգի ներդրման մոդելները: Մարզպետներին հանձնարարվեց նաեւ առաջարկություն ներկայացնել ՀՀ մարզերում կառավարության արտագնա նիստերի անցկացման վերաբերյալ` ժամանակացույցը կազմելու համար: Ա. Գեւորգյանը մարզպետներին հանձնարարեց սեղմ ժամկետներում ավարտել 2011թ. մարդահամարի նախապատրաստմանն ու կազմակերպմանն աջակցելու նպատակով փոխմարզպետների ղեկավարությամբ աշխատանքային խմբերի ձեւավորումը, ինչպես նաեւ ամբողջացնել ու ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն ներկայացնել ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման միասնական համակարգի ներդրման համար անհրաժեշտ շենքային պայմանների, այդ թվում` միասնական ընդունարանների տեղակայման վերաբերյալ առաջարկությունները: Մարզպետներին հանաձնարարվեց առաջարկություններ ներկայացնել ՏԻՄ-երի ձեւավորման 15-ամյակի միջոցառումների ծրագրերի վերաբերյալ, ինչպես նաեւ ուշադրություն դարձնել մարզերում եւ համայնքերում ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպմանն ու անցկացմանը: Մարզպետները պետք է առաջարկություններ ներկայացնեն նաեւ ԼՂՀ վարչական շրջանների հետ համագործակցության վերբաերյալ: Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին նաեւ կազմակերպչական այլ հարցեր: Այս մասին տեղեկացնում է ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժինը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter