Գաղտնի աճուրդի արդյունքում գյումրեցի 112 անօթեւան ընտանիք կհայտնվի փողոցում
ՀՀ նախագահական,Կառավարություն, Ազգային ժողով, Արդարադատության նախարարություն, Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված Գյումրիի Շիրակշին բանավանի բնակիչների բոլոր խնդրանք-նամակներն ունեն մեկ բովանդակություն` վերականգնել արդարությունն ու թույլատրել իրենց բնակվել նույն տարածքում, որ տիրապետում են արդեն 22 տարի:
Նախկին Շիրակ հյուրանոցի հարեւանությամբ գտնվող բավական մեծ տարածք զբաղեցնող երկհարկանի այս մոդուլները երկրաշարժից հետո կառուցել էին լենինգրադցի շինարարները: Բանավանի երկարամյա բնակիչ Վարդգես Պիճիկյանի հավաստմամբ՝ մոդուլները պատկանել են «Լենինգրադստրոյին»: Գյումրիում աշխատելու ընթացքում, մինչեւ հեռանալը, այդտեղ բնակվել են ռուս շինարարները:
«Իրանք որ գնացին, էս մոդուլներն անցան «Լենշինտրեստին», հիմիկվա «Շիրակշինն» է: Քանի որ քաղաքում կային լիքը անօթեւաններ, դոմիկներն էլ չէին հերիքե, մարդիկ ընտանիքներով տեղափոխվան ըստեղ ապրելու,- հիշում է Վարդգես Պիճիկյանը,- մենք էն ժամանակ՝ 90-ականներին, դաժե վարձ ենք մուծել մեր զբաղեցրած 112 քմ-ի համար: Քանի որ հողի կադաստրային արժեքը քմ 2 դրամ էր, ամեն ընտանիքը 250 դրամ կուտար հողի վարձ: Մեզնից բնակարանի վարձ չէին վերցնե, որովհետեւ դե վերջը հիմնական տուն չէր համարվի: Էս կառույցների գարանտիան 5 տարի էր, էն 6 ու 9 մետրանոց դոմիկներինը` 2 տարի, բայց մարդիկ արդեն 20 տարի կապրին էդ գարանտիան վերջացած դոմիկներում: Խոսքս ընուր մասին է, որ վերջնական արդյունքում ըսոնք կհամարվին շինանյութ: Ու փաստորեն կստացվի, որ մեր մոդուլներն առնողը որպես շինանյութ է առել մեր տները, բայց գուզե որպես տուն ծախե վրեքս»:
Վարդգես Պիճիկյանի ընտանիքը, երկրաշարժի հետեւանքով զրկվելով 5 սենյականոց բնակարանից, 7 անձով հաստատվել է այս բանավանում: «Էն վախտը 7 հոգի էինք, հիմի դարձել ենք 14: Երկրաշարժից հետո բնակարանի հերթացուցակի 7-րդ կետի 18 համարն էինք, էս վերջերս պարզեցի, որ նույն կետի 78-րդ տեղն եմ իջել: Առաջ էրթալու տեղը, փաստորեն, քանի գնացել հետ եմ գնացել: Հիմի էլ փոխանակ տուն տան, հանեն դուրս կշպրտեն, թե տարածքդ առած է,- վրդովվում է Վարդգես Պիճիկյանը,- 22 տարի է՝ ըստեղ կապրինք: Լավ-վատ՝ պահել ենք էս մոդուլները: Միշտ մտածել ենք, որ եթե տուն էլ տան, դժվար թե սաղս կրնանանք տեղափոխվինք ու մե մասս ըստեղ պիտի ապրի: Բայց հմի կըսեն՝ կամ դուրս արեք, կամ առեք ձեր տները: Ես որ իմացա ով է առնողը, գնացի մոտը: Կըսեմ՝ ախպեր ջան, քանիսո՞վ ես առել ու որպես ի՞նչ ես առել, կըսե՝ 140 հազար դրամ ամեն տունը: Առել եմ որպես շինանյութ, բայց եթե գուզեք 500 հազարով կծախեմ ձեզի: Մեր տունը մեր վրա կծախեն, ըբը ըսիկ եղավ երկի՞ր: Եթե պիտի 140 հազարով էնեին աճուրդը, ըսեին մենք կառնեինք»:
ՀՀ տնտեսական դատարանի 2005 թ. նոյեմբերի 18-ի վճռով «Շիրակշին» ՓԲԸ-ն ճանաչվել է սնանկ: Լուծարային գործընթացի ժամանակ «Շիրակշին 3-րդ բանավանում» գտնվող «Շիրակշին» ՓԲԸ-ին պատկանող 18 մոդուլներից սեփականության իրավունքով օտարվել են թիվ 1,7,8,9 մոդուլներն ամբողջությամբ, իսկ թիվ 4 եւ 12 մոդուլները՝ մասնակիորեն, ընդ որում` հրապարակային աճուրդում թիվ 7,8,9 մոդուլները սեփականության իրավունքով օտարվել են այլ իրավաբանական անձանց: Թիվ 1 մոդուլի բնակարանները գնել են հենց բնակիչները: Թիվ 12 մոդուլից իրենց բնակարանի սեփականատեր են դարձել 2-ը, իսկ 4-րդ մոդուլից ընդամենը մեկ ընտանիք է գնել իր նախկին կացարանը:
Վարդգես Պիճիկյանն ասում է, որ 2005 թ. իրենք մոդուլների վաճառքի վերաբերյալ տեղեկություններ ունեցել են եւ մասնակցել են հայտարարված աճուրդին: Այն ժամանակ նշանակված գինը շատ բարձր է եղել իրենց համար` 550 հազար դրամ 117քմ-ի համար, եւ մեծ մասը հրաժարվել է գնել: 2010 թ. նոյեմբերին պատահականորեն իմացել են, որ արդեն մեկ տարի է՝ իրենց բնակարանները գնել է Ձորակապ գյուղի բնակիչ Վահրամ Իգիթյանը: Այն, որ 2009 թ. կրկին աճուրդ է եղել հայտարարված, չի իմացել բնակիչներից եւ ոչ ոք:
«Էլի չէինք իմանա, եթե անցած աշուն մեր հարեւանուհին` Հասմիկը, Մուշ թաղամասում բնակարան չստանար,- պատմում է Ժաննա Ժամկոչյանը,- քանի որ հնարավոր չէր ամբողջ ընտանիքը տեղափոխել, տիկին Հասմիկը որոշել էր գնալ աճուրդի հանձնաժողովի նախագահի` Պապոյան Խաչիկի մոտ ու գնել մոդուլի իր բնակարանը: Էս խեղճ կնոջը մի քանի անգամ տանել-բերելուց հետո վերջն ասել էին, թե գիտես ինչ, ձեր տները վաճառված են: Հասմիկն էլ եկավ մեզ ասեց, թե գլխներիդ ճարը տեսեք, տները ծախել են»:
Ժաննա Ժամկոչյանը տարակուսում է՝ ինչպե՞ս պիտի իրենք իմանային հերթական աճուրդի մասին, եթե իրենց որեւէ կերպ չեն տեղեկացրել: Հայտարարություն եղել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում, սակայն իրենք ոչ կարդացել են, ոչ էլ մտքերով անցել է 4 տարի ամեն օր գնել հիշյալ թերթը այնտեղ աճուրդի մասին լուր գտնելու ակնկալիքով:
«Ախր աղջիկ ջան, արի ճիշտը խոսանք, հըմի ո՞վ թերթ կկարդա,-հարցնում է տիկին Ժաննայի ամուսինը` Յաշա Մանուկյանը,- սաղս էլ հեռուստացույց կնայենք: Գյումրին 3 հատ տեղական ալիք ունի, գոնե մեկն ու մեկով հայտարարություն տային, իմանայինք: Էն ժամանակ՝ 2005-ին, եկել բնակիչներից մեկին ըսել էին, մենք սաղս իմացանք, ելանք գնացինք աճուրդին մասնակցեցինք: Էս անգամ կմտածենք, որ աճուրդի հանձաժողովի նախագահին ձեռք չի տվել հրապարակային աճուրդ անցկացնելը: Ըսիկ գաղտնի խաղ էր, որ խաղացին մեր գլխին: Մեկին հաստատ տարածքը պետք էր»:
Բանավանի բնակիչների մի մասը ժամանակին հասցրել է գնել եւ սեփականաշնորհել իր 4 սենյակից բաղկացած կացարանը: Մի մասն էլ թեպետ այդ գործընթացը չի իրականացրել, սակայն համարում է, որ 22 տարիների խնամքը, վճարած կոմունալ եւ այլ վարձերն իրենց լիիրավ իրավունք են տալիս խոսելու սեփականատիրոջ դիրքերից: «Գազն էլ քաշեցինք, որովհետեւ մենք բնակարան ստանալու հույս չունենք,- ասում է տիկին Ժաննան,- երկրաշարժին մենք բնակարան չենք կորցրել, պետությունը մեր նկատմամբ պարտավորություն չունի, բայց դա հո չի նշանակում, որ հիմա պիտի փողոցում հայտնվենք: Ես էլ, ամուսինս էլ թոշակառու ենք: Մենք չենք կարող բնակարան գնել: Դուք չեք պատկերացնի, թե անցած տարվա նոյեմբերից ինչ սթրեսներ եմ տարել: Նոր տարին հարամ արին գլխներիս»:
Կացարանների վաճառքից անակնկալի եկած բնակիչները նախ որոշում են նամակով դիմել բոլոր հնարավոր ատյաններին: ՀՀ արդարադատության նախարարություն ուղարկված նամակի 2010 թ. հոկտեմբերի 15-ին ստացված պատասխանում նշված է, որ եթե բնակիչները համարում են, որ խախտվել են իրենց իրավունքներն ու օրինական շահերը, ապա դրանց վերականգնման պահանջով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով կարող են դիմել դատարան, քանի որ քաղաքացիական օրենսգրքի 13-րդ հոդվածի համաձայն՝ քաղաքացիական իրավունքների պաշտպանությունն իրականացնում է դատարանը:
«Լենինականի փաստաբանները մեզի խորհուրդ չտվին մտնել դատարան,- ասում է Վարդգես Պիճիկյանը,- ըսին՝ իմաստ չունի, չեք շահե, ընպես մարդ է առել, դուք կըրնաք ըդոր դեմ գործ սկսե՞ք»: Բնակիչներին փաստաբաններից մեկը խորհուրդ է տվել դատարան դիմելու փոխարեն գումար հավաքել ու մոդուլները գնած անձից հետ գնել իրենց բնակարանները: «Էն մե փաստաբանն էլ սկզբից հանձն առավ, սաղ թղթերը հավաքեց, հետո հրաժարվավ, թե՝ գործը որ մտնի դատարան, դուք դժվար թե շահեք, գնացեք էդ մարդու հետ լեզու գտեք,- ասում է Յաշա Մանուկյանը,- բայց կմտածեմ, որ խելքը գլխին փաստաբան էղնի, կկրնանա մեր իրավունքները պաշտպանե, էս մեր գյումրեցի փաստաբանները փոխանակ մարդկանց իրավունքները պաշտպանեն, կմտածեն, թե ինչ էնեն, որ լավ ու վատ չեղնին»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել