
Ալավերդի համայնքի բյուջեին 2011 թ.-ին պետբյուջեից հատկացված 38 մլն դրամ բնապահպանական սուբվենցիայից քաղաքապետ Արթուր Նալբանդյանը 3,5 մլն դրամ է նախատեսել 90 տուբերկուլյոզով հիվանդների սպիտակուցային սնունդ հատկացնելու համար, մինչդեռ հիվանդների թիվն Ալավերդիում քաղաքապետի կանխատեսածից շատ ավելի քիչ է:
Հիվանդների թվի մասին քաղաքապետարանի ֆինանսական բաժնի վարիչ Սամվել Աբելյանն ասաց. «Ինձ ինչ հաղորդել են, ես այն էլ գրել եմ»:
Ալավերդու առողջապահական կենտրոնի տուբդիսպանսեր կաբինետի վարիչ Մարտուհի Մելիքյանի հաղորդած տեղեկությունը հիվանդների թվի մասին ուրախալի էր: «Վերջին տարիներին Ալավերդիում տուբերկուլյոզով հիվանդների թվի նվազում է նկատվում` 2009-ին գրանցվել է 32, իսկ 2010-ին ` 16 հիվանդ: Առողջացողներին հանում ենք ցուցակից: Մենք այնքան առաջնակի հիվանդներ չունենք, որ մշտապես օգտվեն սննդից: Օգտվողները կրկնվողներ են»,- ասաց Մ. Մելիքյանը: Նա խուսափեց հայտնել, թե 2010 թ. փաստացի քանի տուբերկուլյոզով հիվանդ է օգտվել քաղաքապետարանի կողմից հատկացվող սննդից, թեեւ, ըստ քաղաքապետարանի, փաթեթավորված սնունդը բաշխում է հենց տուբդիսպանսեր կաբինետը: «Ավելի լավ է այդ տեղեկություններն իրենցից իմանաք»,- ասաց նա:
Ալավերդի համայնքին 2008-2010 թթ. պետբյուջեից հատկացված 208 մլն դրամ բնապահպանական սուբվենցիայից ավելի քան 44 մլն դրամը ծախսվել է բնապահպանական ծրագրերի առողջապահական ծրագրով, որով նախատեսվել է քաղաքի տուբերկուլյոզով հիվանդների սպիտակուցային սննդի, քաղաքի 300 հղի կանանց եւ 6 մանկապարտեզների երեխաներին լրացուցիչ սնունդ տրամադրելու նպատակով: Նախատեսված 44 մլն դրամից վերջին 3 տարիներին տուբերկուլյոզով հիվանդներին սպիտակուցներով հարուստ սնունդ տալու համար հատկացվել է 14,7 մլն դրամ: Բոլոր գնումները 3 տարիներին էլ կատարվել են «Կատա» առեւտրի տուն ՍՊԸ-ից, որը պատկանում է Ալավերդու էլցանցի տնօրեն Աշոտ Շաքարյանին եւ գործարար Տարոն Աբգարյանին: Նրանք քաղաքապետի մտերիմ ընկերներն են: Սննդի բաշխման համար քաղաքապետարանն ամեն տարի հայտարարել է մրցույթ, սակայն մրցույթում այլ մասնակիցներ չեն եղել, եւ փաթեթը շահել է «Կատան»: Մրցակիցների բացակայության վերաբերյալ Ա. Նալբանդյանի եւ Ալավերդու տարբեր խանութների սեփականատերերի մեկնաբանություններն իրարամերժ են: Քաղաքապետը գտնում է, որ «Կատայի» փաթեթը ամենալավն է, եւ որեւէ մեկը չի համարձակվում մրցակցել նրա հետ: Մյուս խանութների սեփականատերերը, ովքեր խնդրեցին չհրապարակել իրենց անունները, ասացին, որ քաղաքապետը «էն գլխից բացատրել է, որ «Կատան» նաեւ իրենն է, եւ ինքը նպատակահարմար է գտնում քաղաքապետարանի գնումները կատարել միայն այնտեղից»: Պետբյուջեից հատկացված 44 մլն դրամի շրջանակներում կատարված գնումների մասին դեռեւս անցած տարվա դեկտեմբերին «Հետքին» չհաջողվեց սպառիչ պատասխան ստանալ Ալավերդու քաղաքապետարանից: Այն ժամանակ քաղաքապետի խորհրդական Ռաֆիկ Միքայելյանն ասաց, որ գնումների հարցով զբաղվել է քաղաքապետարանի աշխատակից Դավիթ Թարմինյանը, ով 1,5 ամիս առաջ տեղափոխվել է այլ աշխատանքի: Ռաֆիկ Միքայելյանին ընդամենը հաջողվեց հաշվապահ Սոնայից ստանալ եւ մեզ հանձնել «Կատա» առեւտրի տուն ՍՊԸ-ի «ՀՀ ԼՄԱՔ- ԱՊՁԲ-015/15Բ» ծածկագրով մրցույթում շահած տուբերկուլյոզով հիվանդների սննդակարգը: Քաղաքապետարանի ֆինանսական բաժնի վարիչ Սամվել Աբելյանն ասաց, որ գնումների հարցով ինքը չի զբաղվել եւ չի կարող պատասխանել հարցերին: «Կատա» առեւտրի տուն ՍՊԸ-ի տնօրեն Թորոս Մեհրաբյանը 2008 թ. տուբերկուլյոզով հիվանդների սպիտակուցային սննդի նպատակով հատկացված 5,4 մլն դրամ ծախսումների մասին մեր հարցումները շրջանցեց: Մինչդեռ մեր կատարած հաշվարկներով՝ հատկացված 5,4 մլն դրամից «Կատայի» փաստացի ծախսը կազմել է 4,3 մլն դրամ: Մնացորդը կազմել է մոտ 1 մլն դրամ, որը չի փոխանցվել բյուջե: «Կատայի» տնօրենն ասաց, որ 2009-ին հիվանդների սննդի համար հատկացված 5,6 մլն դրամի սննդի առաքումը կատարվել է «Հետքի» տրամադրության տակ եղած «ՀՀ ԼՄԱՔ - ԱՊՁԲ - 015/15Բ» ծածկագրով մրցույթում շահած սննդակարգով: «Ալավերդու առողջապահական կենտրոնի հետ մշակված ծրագրով է հաստատվում սննդակարգը»,- ասաց Թորոս Մեհրաբյանը: Սակայն սննդակարգի տակ չկար առողջապահական կենտրոնի որեւէ պաշտոնյայի ստորագրություն: Մարտուհի Մելիքյանը մեզ հետ զրույցում գովեց 2009 թ. սննդակարգը. «Հավ, ձեթ, գավյադին, պահածոյացված գարոխ եւ այլ պահածոյացված սննդամթերք էին տալիս, նույնիսկ ամիսներով թարմ կաթ են բերել: Երեւի իրենց մոտ էլ ֆինանսականը լավ է եղել»:
«Հիվանդներին մենք օրական սնունդ ենք տալիս: Սնունդ բաշխելու համար տուբկաբինետ սնունդ ուղարկում ենք շաբաթը մեկ անգամ` 7 օրվա սնունդ: Իրենք բաժանում են: 2009 թ. մեկ շաբաթվա համար փաթեթավորել ենք 7 ձու, 7 կաթնաշոռ, 7 թթվասեր, 280 գրամ կարագ, 2,1լ կաթ եւ թխվածքաբլիթ: Սննդակարգով նախատեսված մեղրը հիվանդներին չենք տվել` փաթեթավորման հնարավորություն չունենալու պատճառով»,- ասաց Թ. Մեհրաբյանը: «Կատայի» տնօրենը, ի տարբերություն Մարտուհի Մելիքյանի, շրջանցեց սննդակարգից դուրս հիվանդներին սննդի առաքումը: Այս կապակցությամբ մեր հարցումն էլ հերքեց: Թեեւ «Հետքի» խնդրանքին՝ 2008-2010 թթ. հիվանդների սննդի բաշխման ֆինանսական որեւէ փաստաթուղթ ներկայացնել, Թ. Մեհրաբյանը չարձագանքեց, սակայն ասաց. «Մեկ ամսվա ընթացքում «Կատան» հիվանդներին տվել է 441,420 հազար դրամի սնունդ: Սնունդ ամսվա մեջ տրվել 28 օր, 15 հիվանդի»: Թ. Մեհրաբյանը հաշվիչի վրա 441,420 դրամը բաժանեց 28-ի եւ հիվանդների 15 թվի վրա եւ ասաց, որ 2009-ին հիվանդների սպիտակուցային սննդի օրվա չափաբաժինը կազմել է 1051 դրամ: Եթե առաջնորդվենք Թ. Մեհրաբյանի հաշվարկով, ապա կստացվի, որ 2009-ին տուբերկուլյոզով հիվանդներին մատակարարված սպիտակուցային սննդի փաստացի ծախսը կազմել է 5.3 մլն դրամ՝ քաղաքապետարանի ներկայացրած 5,6 մլն դրամի փոխարեն: Ըստ Թ. Մեհրաբյանի՝ 2010 թ. հիվանդների սպիտակուցային սննդի օրվա չափաբաժինը կազմել է 674 դրամ. «Այսինքն՝ շաբաթվա համար յուրաքանչյուր հիվանդի մենք հատկացնում ենք 4718 դրամի սնունդ: Այս տարի ինձ այս սննդակարգն են ներկայացրել, ինձ ինչ ներկայացնում են, ես այդ կարգով էլ բաց եմ թողնում սնունդը»,- քաղաքապետարանի ձեւական մրցույթների փաստն ակամա արձանագրեց «Կատայի» տնօրենը: Դեկտեմբերի 28-ին քաղաքապետ Ա. Նալբանդյանը «Հետքի» հետ զրույցում քաղաքապետարանում եւ «Կատայում» պետբյուջեի միջոցների ծախսումները հիմնավորող ֆինանսական փաստաթղթերի բացակայության փաստը հերքեց. «Քաղաքապետարանում բոլոր փաստաթղթերը կան, ո՞նց կարող է մեր կողմից չվերահսկվել, դիմեք հունվարի տոներից հետո, Ձեզ կտրամադրենք այդ փաստաթղթերը»: «Կատայի» մասին էլ ասաց. «Մասնավոր հիմնարկ է «Կատան», միգուցե կարող է չպատասխանել Ձեր հարցերին»: Մրցույթով շահած սննդակարգով սահմանված մեղրը հիվանդներին չհատկացնելու մասին «Հետքի» հարցին պատասխանեց. «Ինձ ինչ վերաբերում է, ես այդ հարցերին մեծ սիրով կպատասխանեմ: Ինչ վերաբերում է «Կատային», մենք նրանց համար պատասխանատվություն չենք կրում»,- ասաց Ա. Նալբանդյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել