HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ս.Օհանյան. «Անհանդուրժող կերպով ենք արձագանքելու ցանկացած օրինախախտման»

ՀՀ պաշտպանության նախարարությունում անցկացվել է նախարարության իրավապահ մարմինների 2010 թ. աշխատանքների ամփոփիչ խորհրդակցություն: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր ելույթում նշել է, որ զինված ուժերում հանցագործությունները նվազեցնելու համար առավել մեծ աշխատանք պետք է տանել կանխարգելման ուղղությամբ` շեշտը դնելով դաստիարակության լավագույն մեթոդների կիրառման, զինծառայողների մասնագիտական գիտելիքների կատարելագործման և զինվորական բարեկրթության պահպանման վրա: Նախարարի խոսքով` կարգապահության հարցերը 2011 թ. առաջին կիսամյակում լինելու են ՊՆ ղեկավարության հատուկ ուշադրության ներքո, որպեսզի բոլոր խնդիրներն իրենց հիմնավոր լուծումները ստանան` բարձրացնելով զինված ուժերում կարգապահության մակարդակը: Անդրադառնալով վերջին շրջանում հանրային հնչեղություն ստացած` զորամասի հրամանատարի և մի խումբ քաղաքացիների միջև տեղի ունեցած միջադեպին` ՀՀ պաշտպանության նախարարը մասնավորապես ասել է. «Ունենալով արցախյան պատերազմին մասնակցի մարտական ուղի` ես առանձնահատուկ հարգանք ունեմ պատերազմի բոլոր մասնակիցների նկատմամբ: Սակայն կարծում եմ, որ արցախյան պատերազմի մասնակից լինելը նաև շատ պարտավորեցնող է, և բնական է, որ մեր հասարակությունը ակնկալում է, որ պատերազմին մասնակից սպաները իրենց վարքով ու գործողություններով լինեն օրինակելի: Մենք այսուհետև ևս անհանդուրժող կերպով ենք արձագանքելու ցանկացած օրինախախտման, որպեսզի մեր նահատակված ընկերների կյանքի գնով ձեռքբերված հաջողությունները լինեն շարունակական, իսկ դրանք ապահովող բանակը` կարգապահ: Զինված ուժերում գործող կանոնակարգերը բոլորի համար են և ենթակա են պարտադիր կատարման»: Խորհրդակցության ժամանակ ելույթ են ունեցել նաև պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-մայոր Վլադիմիր Գասպարյանը և ՀՀ զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանը: Զեկույցով  հանդես են եկել ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Արամ Տեր-Սահակյանը, քննչական վարչության պետ, գեներալ-մայոր Արմեն Հարությունյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter