HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

«Ամոթ Վանաձորի քաղաքապետարանին», «Ամոթ քաղաքապետ Դարբինյանին»

Հնչում էր Տիգրան Կարապետյանի վանաձորյան հանրահավաքում Հունվարի 7-ին Մատենադարանում տեղի ունեցած հանրահավաքից հետո Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանի երկրորդ հանրահավաքը Վանաձորում էր: «Որոշեցինք գնալ մարզեր. մեզ հետաքրքրում էր` մարզերում էլ կգան կկանգնե՞ն նրա կողքը, թե՞ չէ: Գնալու ենք Գյումրի, Հրազդան, ցույց ենք տալու, որ ամբողջ Հայաստանն է այսօր կանգնած Տիգրան Կարապետյանի կողքին,- ասաց վերջինի կուսակից Մանվել Մարգարյանն ու ավելացրեց:- Հիմա էկել է մեր աստեղային ժամը, Տիգրան Կարապետյանի հայտն է էսօր ներկայացվում, որը գնալու է մինչև վերջ այն ճանապարհով, որ ընտրվի երկրի նախագահ»: Հանրահավաքի ընթացքում ԺԿ նախագահը վանաձորցիներին դիմում էր «ոչ իշխանությանը», «ոչ կառավարությանը» և նմանատիպ այլ կարգախոսներով, որոնք երբեմն ընդմիջվում էին հակիրճ ելույթով, որով նա իր և թիմակիցների «սոցիալական բողոքն» էր արտահայտում: «Մենք պահանջում ենք կառավարությունից, որ ավանդները վերադարձնեն, որ թոշակը չլինի կոպեկներ աղքատի, որ իշխանությունը ճիշտ բիզնեսի հետ ծավալվի, որ քիչ փայ մտնի 50-50% ամեն տեղ: Մենք անվստահություն ենք հայտնում այսօրվա իշխանություններին: Մենք չենք տալիս իշխանությունը այն մարդկանց, որոնք զրկում են մեզ կենսաթոշակից, հոսանքից, փակում են «ԱԼՄ» հեռուստաընկերությունը»,- ասում էր ԺԿ նախագահը: Վանաձորի քաղաքապետարանը չէր արտոնել Տիգրան Կարապետյանի հանրահավաքն ու անջատել էր էլեկտրականությունը` հանրահավաքի կազմակերպիչներին զրկելով բարձրախոսից օգտվելու հնարավորությունից: Բացի դրանից` ինչպես նշեց ԺԿ նախագահը, Վանաձորի Հայքի հրապարակում նույնիսկ ավտոմեքենաների երթևեկությունը չէր դադարեցված (հանրահավաքի ժամանակ նույնիսկ հարսանեկան ավտոմեքենաներ էին պտտվում հրապարակում): Եվ ԺԿ նախագահը վերը նշված կարգախոսներին ավելացրեց նաև «Անվստահություն քաղաքապետին, ամոթ Դարբինյանին» կարգախոսը: Վրդովված ամբոխն էլ կրկնում էր այդ խոսքերը: «Հոսանքի եղածը ի՞նչ է, միկրոֆոնը անջատելը ո՞րն է: Փող էլ ենք տալիս, որ միացնեն` 5 հազար դրամ է, 10 հազար դրամ է, չեն միացնում»,- ասաց Տիգրան Կարապետյանը: Հանրահավաքը չարտոնելն ու հոսանք չտրամադրելն, ըստ նրա, քաղաքական միտում ունի: Անդրադառնալով հանրահավաք անցկացնելու հայտին, որը ներկայացվել էր քաղաքապետարանին` ԺԿ նախագահն ասաց. «Մենք ուշացել ենք 12 ժամ. 6 օր շուտ պիտի տայինք, 5,5 օր շուտ ենք հայտը տվել: 12 ժամ ուշացել ենք, ասին` ոչ մի բան չի ըլնի. ամոթ չի՞: Իրենք ցույց տվեցին իրենց անշնորհքությունը»: ԺԿ նախագահը շարունակում է պնդել, որ «ԱԼՄ»-ին եթերից զրկելը քաղաքական որոշում է եղել, որ իրականում հեռուստաընկերությունը ոչ թե պարտվել է մրցույթում, այլ փակվել: Արդյունքում 84 ընտանիք մնացել է առանց աշխատանքի: Իսկ աշխատակազմի մոտ 10%-ն, ըստ նրա, վանաձորցիներ էին: Սակայն լրագրողների հետ զրույցում Տիգրան Կարապետյանը հայտնեց, որ հեռուստատեսությունն իրեն այլևս չի հետաքրքրում, և որ ինքը ոչ դատական, ոչ էլ մեկ այլ ճանապարհով չի պայքարելու «ԱԼՄ»-ի համար: «Ոչ թե Կարապետյանի «ԱԼՄ»-ն պետք է ինձ դատարան մղի, այլ ժողովրդի խնդիրները պետք է մղեն պայքարի»,- ասաց նա: Այն հարցին, որը վերաբերում էր նախապես իր հայտնած` մարզային հեռուստաընկերություններից որևէ մեկը գնելու կամ բաժնետեր դառնալու մտքին, Տիգրան Կարապետյանը պատասխանեց. «Դա հնարավոր չի: Որևէ զիջում չեմ ընդունի իշխանություններից: Եթե իրենք ընդհուպ որպես մխիթարանք մեզ առաջարկեն, կհրաժարվենք»: Հանրահավաքի վերջում հավանաբար պետք է մոմերով երթ լիներ, բայց հատուկենտ վառվող մոմեր նկատվեցին: Հանրահավաքի մասնակիցները մեծ մասամբ տարեցներ էին, թոշակառուներ, գործազուրկներ, չքավորներ, կամ նրանք, ովքեր օգտվել էին Տիգրան Կարապետյանի նվիրատվություններից: Վերջիններիս կարծիքը ԺԿ նախագահի մասին դրական էր. «1-ին և 2-րդ ալիքները խուժան կինոներ են ցույց տալիս, իսկ էս մարդը նորմալ հաղորդումներ էր տանում: Իրա հեռուստաընկերությունը ժողովրդի կողմն էր: Մանավանդ որ նա քննադատում էր պետության սխալները: Երեխեքը երգում էին, չունևորին օգնում էր: Ի՞նչն էր սխալը նրա: Մարդիկ, որ քարտեզի վրա չգիտեն Սևանը որտեղ է, Սևանում գնում լողանում էին Կարապետյանի շնորհիվ»,- ասում է Թելման Սայադյանը, որի քրոջ ընտանիքը հեռուստացույց է ստացել Տիգրան Կարապետյանից: Բայց հավաքվածները հիմնականում խնդիրներ ունեցող մարդիկ էին, ովքեր եկել էին` դրանք ներկայացնելու Տիգրան Կարապետյանին: Մեզ հետ զրույցի ընթացքում էլ նախ իրենց խնդիրներից էին խոսում: «Վանաձորի «Հաց առևտրաարդյունաբերական միավորումում» եմ աշխատել: 13 տարի է փողերս չեն տալիս: Հըմի Հակոբյան Սեյրանն է տերուտիրականը: Ծախում է, ուտում: Ասում է` փող չկա և վերջ: Մոտավորապես 600 ընտանիք նույն վիճակին է: Էկել եմ էս մարդուն ասեմ, որ ասի կառավարությանը, որ մեր փողերը տան»,- ասում է թոշակառու Փայլակ Ասուլյանը: Թոշակառու Յուրիկ Վարդանյանն ասում է. «Զբերկնիշկի փողերը մինչև հըմի չեն տալիս, պըտի դիմեմ իրան…»: Վանաձորի քիմգործարանի տնակային ավանի բնակիչ Մարտինն Օհանյանն էլ բնակարանային խնդիր ունի, պատմում է. «Տնակային ավանի հողերը քաղաքապետը վեր է կալել, իրար մեջ բաժանել են, ժողովրդին էլ քշըմ են»: Բայց ի տարբերություն մյուսների` Մարտին Օհանյանը Տիգրան Կարապետյանի հետ ոչ մի հույս չի կապում: Իսկ հանրահավաքին մասնակցում է այն պարզ պատճառով, որ Կարապետիչը ընդդիմություն է: «Ես էկել եմ կռիվ տալու,- ասում է:- Ով էս կառավարությանը դեմ է, ես նրա կողքին եմ: Ես էսօր էկել եմ ոչ թե Տիգրան Կարապետիչի հըմար, այլ անարդարության հըմար: Էս ժողովուրդը բոլորն էլ անարդարության հըմար են էկէլ. ամենքն էլ մի ձևով ճնշված է կառավարությունից: Մարդիկ երազում են մի հատ լիդեր էղնի, հետևից գնան»: Մինչդեռ հանրահավաքին չմասնակցած անցորդներն այլ կարծիքներ հայտնեցին: Օրինակ` 26-ամյա Սարգիս Աթաբեկյանն այն կարծիքին է, որ «ԱԼՄ-ն» քննություն չի բռնում հայաստանյան եթերում: «Ինձ թվում է` ճիշտ են արել` փակել են,- ասում է Սարգիսը:- Տիգրան Կարապետյանը լավ մարդ է, բայց ալիքը չի համապատասխանում մեր մյուս ալիքների մակարդակին: Միայն սպորտային հաղորդումներն են լավը: Անընդհատ նույն բանն են ցույց տալիս` նույն կինոն, երաժշտությունը, անընդհատ կրկնվում է, փոփոխություն չկա, իսկ հեռուստատեսությունը նորություններով է հարստացնում իր բովանդակությունը ու իր կողմը գրավում հեռուստադիտողին: Էդ ալիքը մեր հայկական մյուս ալիքների կողքին մրցակցությունից դուրս է»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter