HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հողեղբոր որդիները պայքարում են Արդվիի համայնքապետի պաշտոնի համար

Հունվարի 16-ին Լոռու մարզի Արդվի համայնքում անցկացվեց համայնքապետի հերթական ընտրություն: Շուրջ 250 բնակիչ ունեցող Արդվիի ղեկավար ընտրվելու համար մրցում էին գործող գյուղապետ Լևոն Կիրակոսյանը և Սամվել Կիրակոսյանը: Թեկնածուները հորեղբոր տղաներ են, և երկուսն էլ ներկայացնում են Հանրապետական կուսակցությունը: Արդվիի ընտրողների ցուցակում գրանցված էր 143 ընտրող: Ժամը 15:00-ի դրությամբ թեկնածուները ընտրությունների ընթացքը գնահատում էին նորմալ, իսկ Սամվել Կիրակոսյանն այն նույնիսկ «կոռեկտ» որակեց: Թեկնածուն, սակայն, անտեսում էր ընտրությունների արդարացի ելքի համար կարևոր մի հանգամանք: Արդվիի տեղամասային ընտրական հանձնաժողովը ղեկավարում էր Ալավերդու թիվ 12 դպրոցի տնօրեն Գոհար Ավետյանը, ով Արդվիի հետ առնչություններ չուներ, Ալավերդիում հայտնի էր ընտրակեղծիքների տեխնոլոգիաների իր հմուտ կիրառմամբ և տեղամասային ընտրական հանձնաժողովում հայտնվել էր` զուտ Լևոն Կիրակոսյանի շահերից ելնելով: Ընտրությանը Լևոն Կիրակոսյանի վստահված անձ էր նշանակված թիվ 12 դպրոցի կազմակերպիչ Արմինե Կոլոլյանը, ով թիվ 31 ընտրատարածքի թիվ 11 տեղամասում անցած տարիների ընտրություններին ընտրակեղծիքների գործում եղել է իր շեֆի անփոխարինելի օգնականը: Ակնհայտ էր, որ Լևոն Կիրակոսյանը կանխատեսել էր գյուղացիների զգալի մասի լարվածությունն իր նկատմամբ և հանձնաժողովը համալրել ոչ արդվեցի իր մարդկանցով: Հանձնաժողովի նախագահ Գոհար Ավետյանը ժամը 15:30-ին հայտնեց, որ տեղեմասի 143 ընտրողից արդեն քվեարկել է 103-ը: Տեղամասային ընտրական հանձնաժողովի արդվեցի 3 անդամն էլ փաստեց, որ գյուղի ընտրողներից 16-ն արտերկրում է և չի մասնակցելու ընտրություններին: Թեկնածու Սամվել Կիրակոսյանը «Հետք»-ի հետ զրույցում տվեց հորեղբոր որդու հետ գյուղապետի պաշտոնի համար մրցելու իր բացատրությունը. «Անձնական թշնամություն չունենք, իմ գիտելիքներն ու փորձը թույլ կտան ավելի արդյունավետ գործել և օգտակար լինել գյուղին»: Սամվել Կիրակոսյանը տեղամասային ընտրական հանձնաժողովին վստահում էր ոչ միանշանակ: «Չէի ասի, թե վստահում եմ, բայց մեր գյուղում կան գրագետ, բարձրագույն կրթությամբ մարդիկ, ովքեր կարող էին մեծ հաջողությամբ ղեկավարել հանձնաժողովը և կազմակերպել ընտրությունները: Ես 100 տոկոսով համոզված չեմ ընտրական հանձնաժողովի անաչառության համար, բայց աշխատանքից էլ դժգոհ չեմ: Արդյունքները ամփոփելու ժամանակ շատ բան պարզ կլինի»,- ասաց թեկնածուն: Լևոն Կիրակոսյանը կարծում էր, որ այս ընտրություններով համայնքի բնակիչները պետք է տան իր` որպես գործող գյուղապետի աշխատանքի գնահատականը. «Մրցակիցս հորեղբորս տղան է, ճիշտն ասած դա շատ բարդ հարց է: Երևի ինձ համար անակնկալ էր նրա թեկնածության առաջադրումը, բայց ոչինչ, կյանք է: Եթե բնակչությունը ինձ հարգում է, Աստված տա ընտրեն»: Գյուղապետը Արդվի համայնքի ղեկավարման 7 տարվա իր հաջողությունը համարեց գյուղի մշակույթի պալատի շենքի ձեռքբերումը: Արդվեցի Ռուբեն Կիրակոսյանը, ով երկու թեկնածուների ազգականն է, կարծում էր, որ ընտրությունը հավասար մրցակցության պայմաններում է ընթանում: Իսկ բարեկամների մեջ լարվածություն առայժմ չկա: «Երկուսն էլ հորեղբորս տղաներն են, բայց Սամվելը գյուղատնտեսության գծով գյուղն ավելի լավ կղեկավարի»,- ասաց Ռուբեն Կիրակոսյանը: Նրա կարծիքով Արդվին ծանր վիճակում է. «Խմելու ջուր չունենք: Մեկ դույլում ջուրը ծորակի տակ 5 ժամում է լցվում: Էդ էլ գյուղացիների մեծամասնությունը չունի»: Ռուբեն Կիրակոսյանը դժգոհեց, որ վերևներից մարդ չի մտնում գյուղը, միայն ընտրությունից ընտրություն են հիշում արդվեցիներին. «Ոչ մի ժողով, ոչ մի քննարկում: Համայնքի անդամներին որևէ խնդիր լուծելիս տեղեկացնել չկա: Որ ժողով չի լինում, ես համայնքի բյուջեից ո՞նց կարող եմ տեղյակ լինել: Մի քանի ավագանի կա, մի 2-ը հիվանդ թոշակառու են: Մեկը մի տեղ շենք կսարքի, մեկը մի տեղ ջուր կքաշի, խաբար չենք: Էնա գեղապետն ասում ա` ավագանիները որոշել են: Դե, եթե կարում են երկու ավագանիով ու գյուղապետով, առանց համայնքի, սաղ հարցերը լուծեն, էլ ի՞նչ ասենք»: Արդվիի դպրոցի թոշակառու ուսուցչուհի Արաքսյա Եգանյանն էլ ասաց, որ բոլոր գյուղացիներն էլ վատ են ապրում: «Մեր հողերը անմշակ են, որովհետև մեխանիզացիա չկա: Գոնե մի հնձիչ, մի կոմբայն ունենա գյուղը: Մեր գյուղի ջրի հարցն էլ հայկական հարց ա: Գյուղում այդ հարցը չի ստացվում»,- նշեց ուսուցչուհին: Ընտրության ամփոփիչ արդյունքները հանձնաժողովի նախագահ Գոհար Ավետյանը հրապարակեց ժամը 21:00-ին. ընտրություններին 143 ընտրողից մասնակցել է 113-ը: Վավեր է ճանաչվել 106 քվեաթերթիկ, անվավեր` 7-ը: Լևոն Կիրակոսյանը և Սամվել Կիրակոսյանը ստացել էին ընտրողների հավասար` 53-ական քվե: Ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո Սամվել Կիրակոսյանի կողմնակիցները շրջափակեցին տեղամասային հանձնաժողովի շենքը: Նրանք հանձնաժողովից պահանջում էին կատարել քվեների կրկնակի վերահաշվարկ: Ժամը 23-ին` Լոռու մարզի ոստիկանապետի տեղակալ Արտուշ Բոշյանի և ոստիկանության Ալավերդու բաժնի պետ Արթուր Հովհաննիսյանի միջամտությունից հետո, հանձնաժողովին հաջողվեց ոստիկանների հսկողությամբ տեղամասային հանձնաժողովից դուրս բերել քվեատուփը և ընտրությունների ամփոփիչ արդյունքները` թիվ 32 ընտրատարածքային հանձնաժողովին ներկայացնելու համար: «Մենք պատասխանատու ենք հասարակական կարգի համար, իսկ օրենքների խախտումները թող պարզեն տարածքային հանձնաժողովում»,- «Հետքին» ասաց Ալավերդու ոստիկանապետ Արթուր Հարությունյանը: Մինչ ուշ գիշեր  բորբոքված արդվեցիները չէին հեռանում տեղամասից: «Ընտրացուցակներում գրանցված էին այնպիսի մարդիկ, ովքեր Արդվիում երբեք չեն ապրել և գրանցված չեն եղել: Արդվի միայն եկել են, «Օձի պորտից» ջուր խմել ու գնացել: Իմ մայրը 32 տարի ապրում է Արդվիում, հաշվառված չէ գյուղում, գյուղապետ Լևոն Կիրակոսյանը տեղեկանք չտվեց նրան ընտրությանը մասնակցելու համար»,- ասաց Ալինա Աղաբեկյանը: Վաղինակ Վարոսյանն էլ նշեց, որ երկրաշարժից հետո իր երեխաները թեև գրանցված են Վանաձորում, բայց 8 տարուց ավելի փաստացի ապրել են Արդվիում: Գյուղապետը նրանց նույնպես տեղեկանք չի տվել ընտրությանը մասնակցելու համար: «Տեղեկանք տալը գցում էր գյուղապետարանի աշխատողների վրա, իսկ վերջին օրերին էլ ասաց, թե ընտրությունների շեմին իրավունք չունի տեղեկանքներ տալու»,- ասաց Վաղինակը: Արդվեցիները հայտնեցին, որ ընտրող Ռուզան Նալբանդյանը, ով գյուղապետի եղբոր հարսն է, Արդվիում երբևէ գրանցված չի եղել ու չի ապրել, վերջին մեկ ամսում է գրանցվել Արդվիում, բայց ընտրությանը մասնակցել է: Նրանք թվարկում էին այսպիսի այլ ընտրողների ազգանուներ ևս: Այսօր` առավոտյան, թեկնածու Սամվել Կրակոսյանը «Հետք»-ին տեղեկացրեց, որ կեսգիշերին` ժամը 1:30-ին, ընտրությունների արդյունքները բողոքարկել է թիվ 32 ընտրատարածքում և պահանջել վերահաշվարկ անել: «Նույն տեսքի քվեաթերթիկները իմ պարագայում համարել են անվավեր, Լևոն Կիրակոսյանի դեպքում` վավեր»,- ասաց նա: Թեկնածուի բողոքը մերժելու դեպքում, թիվ 32 ընտրատարածքային հանձնաժողովի որոշմամբ, Արդվիում կանցկացվեն կրկնակի ընտրություններ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter