Վախ, ագրեսիա, դեգրադացիա, կործանում
«Դու կպատժվես ոչ թե քո դաժանության համար, այլ քո դաժանության կողմից» Ողջ քաղաքակիրթ աշխարհում իրականացվում է ՈՍՎ (որս-ստերիլիզացում-վերադարձ) ծրագիրը թափառող կենդանիների, մասնավորապես շների քանակը քաղաքների փողոցներում կրճատելու համար:
Սպանել կամ տեղափոխել կենդանիներին չի կարելի ոչ միայն կամ նույնիսկ ոչ այնքան մարդասիրական նկատառումներով, որքան այն պատճառով, որ գոյություն ունի գիտականորեն ապացուցված մի փաստ. կենդանիների պոպուլյացիան ինքնավերականգնվում է պտղաբերության աճի հաշվին, այն նույնիսկ կարող է դուրս գալ հսկողությունից: Սա հենց այն է, ինչ հիմա տեսնում ենք մեր քաղաքում. տասնամյակներ շարունակվող զանգվածային անխնա սպանդերի արդյունքում... թափառող շների քանակն անընդհատ աճում է: Առաջատար միջազգային կազմակերպություններն ու համաշխարհային նշանավոր դեմքեր բազմիցս դիմել են մեր կառավարությանը և քաղաքապետարանին` պահանջելով ծրագրի իրականացման հարցում ընդունել իրենց օգնությունը։ Տեղական իրավապաշտպանները տարիներ շարունակ աշխատում են այդ ուղղությամբ: Եվ այնուամենայնիվ, արդյունքը զրոյական է, դեռ ավելին` բացասական, քանի որ աղքատ երկրի բյուջեից հսկայական միջոցներ են ծախսվում`առանց կոնկրետ հասցեատիրոջ, առանց հստակ նպատակի։
Անհատ նվիրյալներ սեփական միջոցներով փորձում են մի կերպ, գոնե լոկալ մի միջավայրում «կարկատել» խնդիրը, բայց նրանց ոչ միայն խանգարում են, այլև անհաղթահարելի արգելքներ ստեղծում` ոմանք սեփական անգրագիտության ու տգիտության պատճառով, մյուսներն էլ վախենում են անսպառ «կերակրատաշտի» մոտ իրենց տեղը կորցնելուց: Բերեմ կոնկրետ փաստեր:
Մեր քաղաքում կենդանիների պաշտպանությամբ զբաղվող մի շարք կազմակերպություններ, ընդունելով ՈՍՎ ծրագիրը և WSPA միջազգային կազմակերպության հնարավոր հովանավորներից ձեռք բերելով նախնական համաձայնություն, քաղաքապետարանի հետ մի շարք բանակցություններ են վարել: Արդեն 2-3 տարի է, չստանալով ոչ մի հստակ պատասխան, այնուամենայնիվ, չեն հուսահատվել և փորձում են իրենց ուժերով և իրենց հաշվին մասամբ իրականացնել ՈՍՎ ծրագրի ձևափոխված տարբերակը. մինչ ծրագրի ակտիվացումը որոշ բակերում կան բնակիչներ, ովքեր կենդանիներին կվերցնեն իրենց հովանավորության ու խնամքի տակ: Ի՞նչ է դա նշանակում։
Քաղաքը հեղեղված է թափառական շներով. քաղաքապետարանի տվյալներով` դրանց թիվը մի քանի տասնյակ հազար է։ ՈՍՎ-ն աշխատում է միայն այն դեպքում, երբ բազմացման մեկ սեզոնի ընթացքում հաջողվում է ստերիլիզացնել նվազագույնը 75-80% էգ կենդանու և վերադարձնել իրենց նախկին միջավայր։ Ամեն տարի մրցույթում իբր թե հաղթող ճանաչվող Unigraf-X կազմակերպությունը իբր թե անցկացնում է ստերիլիզացման նմանատիպ մի ծրագիր: Իրականում տեխնոլոգիան խախտվում է գրեթե բոլոր փուլերում: Նախ, չի մշակվել ստերիլիզացման միաժամանակյա ծրագիր նույնիսկ նվազագույնը 70% գործառնական ճնշմամբ:
Զուգահեռաբար իրականացվում է կենդանիների անարգել ոչնչացում, նաև` քնեցում, ընդ որում, պիտանելիությունից և շրջանառությունից դուրս եկած դեղամիջոցներով, որոնք հավանաբար ձեռք են բերվել անհավանական ցածր գնով:
Վերջապես, ստերիլիզացված շներին տեղափոխում են քաղաքի այլ շրջաններ և քաղաքից դուրս` փոխանակ վերադարձնելու իրենց հարազատ միջավայր: Թե ինչ է տեղի ունենում տեխնոլոգիական առաջին երկու խախտման հետևանքով` արդեն համառոտ ասվել է՝ պոպուլյացիայի պայթյունաձև աճ։ Իրականում նույնն է տեղի ունենում նաև տեխնոլոգիայի երրորդ խախտման ժամանակ, բայց դա զուգահեռաբար խթանում է նաև կենդանիների ակտիվ միգրացիան. նրանք ոհմակներ են կազմում, բնակության հարազատ միջավայրը կորցնելու պատճառով կորցնում են իմունիտետը ու բավական ախտահարույց դառնում։
Այն բոլորն ուսումնասիրված և ապացուցված փաստեր են։ Ոչ մի բարդ կամ նոր բան այլևս չկա, բայց մեր պաշտոնյաները անցկացնում են ամենամյա մրցույթ, իսկ կազմակերպությունները, որոնք, իբր, շահում են այն, այդպես էլ չեն ուսումնասիրել նույնիսկ հիմնական սկզբունքները։
Ծրագրի այսպիսի անգրագետ իրագործումը հղի է, ինչպես արդեն ասվել է, պոպուլյացիայի աճով։ Թափառող ոհմակներից բողոքում են ոչ միայն զայրացած բնակիչները, այլև, ասացեք խնդրեմ, քաղաքապետարանի ու հենց այն կազմակերպության աշխատակիցները, որն ինքն է խթանում կենդանիների անվերահսկելի բազմացումը։ Կենդանիների պաշտպաններն առանձին բակերում սկսել են ինքնուրույն և հատվածաբար իրականացնել ծրագիրը:
Այդ ծրագրի փոփոխված տարբերակը նախատեսված է իրականացնել պակաս ակտիվությամբ, քանի որ վստահություն չկա, որ նույնիսկ լիարժեք մշակված լինելու դեպքում ծրագիրը հստակորեն կիրականացվի, իսկ կոռուպցիան կշրջանցի մեր համակարգի գոնե մեկ միավոր։ Որոշ բակերում ստերիլիզացվում և վերադարձվում են մի քանի կենդանիներ, որոնք վերցվում են կամավորների հովանավորություն տակ, և կենդանիների պաշտպանների օգնությամբ վերահսկվում են նրանց առողջությունն ու սանիտարական վիճակը։
Ենթադրվում է նաև, որ շներն էլ իրենց հերթին կպաշտպանեն իրենց տարածքը թափառական հարևաններից ու կկանխեն միգրացիան։ Նման փորձ մի քանի տարի առաջ սկսել է իրականացվել, մասնավորապես, Քաջազնունի 4ա շենքի բակում։ Այստեղ ստերիլիզացվել է երկու շուն, որոնք պատվաստված են ու նույն բակում բաց թողնված։ Ամեն քառամսյակ հատուկ դեղամիջոցներով նրանց մաքրում են լվերից ու ճիճուներից, իսկ մի քանի ընտանիք կերակրում է շներին։
Այդ շները 2 տարի շարունակ հաջողությամբ պահպանում են տարածքը թափառող շներից։ Մինչ դա այս նույն բակում շների սպանդը կազմակերպվել էր գրեթե 8 անգամ. եղել են գնդակահարման դեպքեր օրը ցերեկով, նաև Սուրբ ծննդյան գիշերը, երբ 5-6 շուն սպանվել է, ու դիակների մի կույտ բակի մեջտեղում մնացել է մինչև գարուն: Նույնիսկ այդ քոթոթների մայրը գնդակահարվել է ձագերի աչքի առջև, 8 քոթոթից մի քանիսին բաժանել են, մյուսները սատկել են, իսկ բակում այժմ ապրող 2-ի վրա հերթական հարձակումն է գործել Unigraf-ը:
Եվ այստեղ որոշ բնակիչներ որոշեցին վերջ դնել մահ արտադրող այս մեքենային. կենդանիների պաշտպանների օգնությամբ պատվաստեցին ու ստերիլիզացրին կենդանիներին։ Բայց կան վախեցած ու կյանքի վրա չարացած բազմաթիվ մարդիկ, ովքեր առաջնորդվում են կարճաժամկետ ագրեսիվ քմահաճույքով` համարելով, որ շրջապատում այն ամենն, ինչ քայլում ու շնչում է, պետք է ոչնչացվի, քանի որ վախի պոտենցյալ աղբյուր է, վարակ է տարածում, դրան գումարած` հաչում է: Սկզբից խոսում էին վարակի մասին, սակայն երբ նրանց վստահեցրին, որ շները պատվաստված են և ավելի մաքուր, քան շրջապատի թափառական շները, որոնք պատրաստ են ամեն վայրկյան գրավել նրանց տեղը, սկսեցին բողոքել հաչոցից: Չհամոզեց նաև այն փաստարկը, որ միայն այդ շները չէ, որ հաչում են, և նրանք հաչում են` պայքարելով ոհմակի դեմ, որն, իրենց տեղը գրավելով, էլի հաչելու է։ Իսկ որոշ ժամանակ անց հայտնվեցին առասպելներ նաև այս շների կծանության մասին, և բակով բոլորն անցնում էին` փայտերով և քարերով զինված։ Նման պայմաններում, վաղ թե ուշ, կսկսի նույնիսկ ծառը կծել:
Հիմա ասում էն, թե եղել է կծելու դեպք, բայց բացի կծած տեղից` ոչինչ հնարավոր չէ պարզել, իսկ շրջապատում շներ շատ կան, ու բոլորն էլ ատամներ ունեն: ....2-3 տարի է, շարունակվում է այդ կենդանիների հետապնդումը, ինչի նպատակը փաստորեն խնդրի վերադարձն է նախնական վիճակի, երբ բակում բոլոր թփերի և մեքենաների տակ տասնյակ շներ էին պառկած, որոնց պարբերաբար գնդակահարում ու թունավորում էին վերը նշված Unigraf-ի հետ համագործակցությամբ, իսկ կենդանիներն էլ իրենց հերթին շարունակում էին արագացված տեմպերով նոր սերունդներ վերարտադրել:
Զանգվածային սպանությունները ոմանց հոգեկան տրավմաների պատճառ են դառնում. քաղաքը լի է տառապանքներով, և յուրաքանչյուր ոչ անտարբեր մարդ չի կարող շրջանցել այս փաստը, հատկապես երեխաները։ Մյուսները տանջվում են սեփական վախերի պատճառով, ինչը խիստ տարածված է հայերի շրջանում: Վախը շների հանդեպ զուգորդված է հիմնականում արտաքին ագրեսիայի բազային վախով՝ ցանկացած տիպի, այդ թվում նաև մարդկային: Եվ այս շղթայի բոլոր օղակները գոյանում են այն հիմքով, որ շատերը չեն կարծում, թե անհրաժեշտ է փնտրել սեփական վախերի պատճառները, այլ փորձում են ոչնչացնել իրենց վախի բոլոր օբյեկտները, նույնիսկ եթե դրանք շնչավոր արարածներ են: Վախը ծնում է ագրեսիա, և այդպես մենք երկչոտ հասարակությունից դառնում ենք ագրեսիվ հասարակություն: Ինչ-որ մեկին մենք ենք վախեցնում, ինչ-որ մեկն էլ՝ մեզ:
Սա «բումերանգի օրենքն է», և մենք հետո բողոքում ենք մեր դեմ իրականացվող ոճրագործություններից, բայց մենք ինքներս ենք իրագործում ոճիրներ ընդդեմ բոլոր նրանց, ում դեմ կարող ենք: Ինչպե՞ս կոտրել այս պատճառահետևանքային արատավոր շրջանը։
Միայն պետք է գիտակցել, որ վախը անհրաժեշտ է վերլուծել, պետք է դրա դեմ պայքարել, իսկ վախ հարուցող կենդանի օբյեկտների դեպքում հարկավոր է փորձել նույնիսկ գոյակցել նրանց հետ, գիտակցել, որ մենք մի մասն ենք այդ աշխարհի և նույնպիսի մաս, ինչպիսին մեր բակի օբյեկտներն են: Վախի օբյեկտն այստեղ մեղք չունի. վախը նստած է մեր ներսում, իսկ օբյեկտն առաջինի հետևանքն է:
Վախը «ձգում է», դրա մեջ մենք հայտնվում ենք ինչպես թակարդում, երբ հաջորդ անխուսափելի թիրախը մարդիկ են, և վերջին հաշվով մենք ինքներս: Որպես հոմեոպատ, ով որոշ չափով հասկանում է հիվանդությունների մետաֆիզիկայից` ավելացնեմ, որ մարդը, որը վախի զգացում է ապրում, որն էլ վերաճում է ագրեսիայի, անխուսափելիորեն դառնում է ագրեսիայի օբյեկտ, ավելին` նա դառնում է զոհը սեփական ագրեսիայի: Այս ագրեսիան ոչնչացնում է օրգանիզմը ներսից` պատճառ դառնալով ամենաավերիչ հիվանդությունների: Մեզ համար սա աղետ է, ու ոչ միայն անհատների մակարդակով, այլև զանգվածային աղետ է. ագրեսիայի վերաճած վախն ազգային աղետ է:
Լալա Պողոսյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել