HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարդիկ չէին կարողանում Վանաձորից հասնել Երևան

Այսօր` ժամը 12-ին, Վանաձորի ավտոկայանի երթուղային տաքսիների կայանատեղում հավաքված ուղևորների մոտ խառնաշփոթ իրավիճակ էր: Մարդիկ չէին կարողանում մեկնել Երևան: Կայանում կանգնած էին մի քանի երթուղայիններ. «Արդեն 2 ժամ կլինի` սպասում եմ Երևան մեկնելու համար: Այս ընթացքում ոչ մի երթուղային տաքսի չի աշխատել: Սովորական տաքսիներ են աշխատում, դրանք էլ   Երևան տանելու համար պահանջում են 2500 դրամ: Ասում են` հանրահավաքի պատճառով չեն աշխատում երթուղայինները»,- ասաց Ռուզանա անունով ուղևորը, ով նպատակահարմար չգտավ հայտնել իր ազգանունը:

Ավտոկայանի դիսպետչեր Գարիկ Խաչատրյանը լրագրողներին փորձում էր համոզել, որ երթուղային տաքսիները երթուղի չեն մտել, որովհետև անսարքություններ են  ունեցել: Վանաձոր-Երևան երթուղին օրական սպասարկում են մեկ տասնյակից  ավելի երթուղային տաքսիներ, և, բնականաբար, նրանք բոլորը միանգամից չէին կարող անսարք վիճակում հայտնվել:

Լրագրողների` ավտոկայանում հայտնվելուն պես դիսպետչեր Գարիկ Խաչատրյանը  սպասող ուղևորներին հրավիրեց նստել երթուղային տաքսի:

«Մի 5-6 տեղ ճանապարհը փակել են, Երևանից Վանաձոր գալը թողնում են, գնալը`չէ: 

Ես արդեն երկու ժամ է` Երևանից եկել և այստեղ կանգնած եմ, չեն թողնում երթուղի դուրս գալ: Թե ինչո՞ւ չեն թողնում մտնել երթուղի` բան չեն ասում, բայց չեն էլ թողնում մեկնել»,- ասաց երթուղային տաքսու վարորդ  Լյովա Շակոյանը

Վերջինիս 2 ժամ երթուղի չմտնելու հետ կապված դիսպետչեր Գարիկ Խաչատրյանը ասաց. «Իրա հերթը հմի ա, քույրիկ ջան: Խի՞ եք իզուր տեղը մեզ զրպարտում ժողովրդի մեջ, հիմա չե՞ք տեսնում` ժողովուրդը երթուղային տաքսի է նստում: Մեքենաները մի քանի հատ անսարք են եղել, դրա համար էլ չեն աշխատել»:

Ի տարբերություն դիսպեչերի ջանքերի` ուղևորուհի Սուսանան, ով մասնագիտությամբ մանկավարժ էր, ասաց, որ  առավոտյան ժամը 10:30-ից սպասում է, որ Ապարան մեկնի. «Զանգել եմ, ասել են ավտոբուս կա: Եկել եմ, ասում են` չկա»: Վերջինս Ապարան պետք է մեկներ Երևան ուղևորվող ավտոբուսով: «Արդեն երկու օր է` այդ ավտոբուսը չի աշխատում: Ապարան եմ մեկնում իմ անձնական գործերով: Երկու օր է` ես գալիս եմ ավտոկայան և հետ եմ գնում: Մենք էլ մեր ապրելու միջոցներ գտնելու համար ենք տանից  դուրս եկել: Բայց մենք ինչո՞վ ենք մեղավոր, ինչո՞ւ ենք այսօր եկել 2 ժամ կանգնել: Մարդ կա, կարող ա ուզում ա շտապ թաղման գնալ, սովորական տաքսին էլ 2500 դրամ է ուզում, մարդկանց գրպանում էլ չկա, բա կարելի՞ է սենց բան անել: Եթե 1000 դրամանով ավտոբուսը կա, ինչո՞ւ են մարդկանց էս վիճակի մեջ գցում»,- ասաց տիկին Սուսանան:

Վանաձոր-Երևան երթուղայինի վարորդներից մեկն էլ հայտնեց, որ Երևան գնացող ավտոմեքենաներին ճանապարհի կեսից հետ ուղարկող ճանապարհային ոստիկանները  կանգնած են Ալագյազում, Ալագյազից հետո Ափնայում, ապա` Աշտարակի ՃՈ-ի նախկին անցակետում: «Նրանք ավտոմեքենան կանգնեցնում են, վարորդի փաստաթուղթն  են ստուգում և ճանապարհից հետ են տալիս»,- ասաց երթուղայինի վարորդը:

Վանաձորի ՀԱԿ-ի գրասենյակում նույնպես անհանգիստ իրավիճակ էր. «Երևան գնացող ճանապարհները փակ են, Սպիտակի տարածքում ճանապարհային ոստիկանները կանգնած են, հենց նոր մեր մեքենային հետևող մի սպիտակ գույնի մեքենա, որը ԱԱԾ-ից էր, Մարքսի փողոցի վրա մեր վարորդ Աշոտին իջեցրել են և հարցաքննում են: Հենց այս պահին երկաթգծի այգու մոտ են: Հարցաքննում են, որպեսզի ճնշումներ գործադրեն, որպեսզի մեզ Երևան չտանի»,- ասաց  սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության անդամ Ալեքսանդր Ալեքյանը:

Ըստ վերջինիս` իշխանությունները ամեն քայլի խախտում են մարդու իրավունքները: «Իրենք հիմա հայտարարելու են, որ ոչ մի ճանապարհ փակ չի, ճանապարհները բաց ա: Մենք ինչ- որ քայլերի կդիմենք, մենք անպայման գնալու ենք դրան: Իշխանություններն են հրահանգել, որպեսզի չաշխատեն երթուղային տաքսիները: Սա առաջին  դեպքը չէ»,- ասում էր Ալեքսանդր Ալեքյանը, ում կարծիքով` այս ամենը պատասխան է Լևոն Տեր-Պետրոսյանի ասած` «սկսում ենք»-ին: 

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավախորհրդատու Արայիկ Զալյանը «Հետքին» հայտնեց, որ այսօր իրենց գրասենյակը մարզի բոլոր մեծ քաղաքներում հետևել է Երևան մեկնող ավտոբուսների և երթուղային տաքսիների երթուղուն և պարզել, որ ոչ միայն Վանաձորում, այլ նաև Սպիտակում, Ալավերդիում, Տաշիրում և Ստեփանավանում հանրահավաքի պատճառով խաթարվել է ուղևորափոխադրումների աշխատանքը դեպի  Երևան:

«Նաև ասեմ Ձեզ, որ Վանաձորի ավտոկայանում վերջին երկու օրերին կանգնած է եղել Վանաձոր -Երևան երթուղային տաքսիների մի մասը: Այդ տաքսիները, սակայն, երթուղի չեն մտել: Այսօր առավոտվանից Վանաձորից Երևան ուղևորների փոխադրումը չի կատարվել մինչև 13:15 րոպե»,- ասաց Արայիկ Զալյանը: 

Վերջինս նաև նշեց, որ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի  գրասենյակի  արագ արձագանքող խումբը իր աշխատանքները սկսել է առավոտյան ժամը 10-ից, ավտոկայանից, նրանց ճշտված տեղեկությունների համաձայն, ուղևորների տեղափոխումը չի ապահովվել: Գրասենյակի արագ արձագանքման խումբը մեկնել է մինչև  Ջաջուռ, որտեղ գլխավոր մայրուղին միանում է Արթիկի ճանապարհին: Այնտեղ կանգնած ոստիկանության աշխատակիցները խմբի անդամների հարցմանը պատասխանել են, թե մարզի կտրվածքով գողությունների թիվը շատացել է, իրենք այդ պատճառով հասարակական կարգ են պաշտպանում: Ըստ Արայիկ Զալյանի` ոստիկանները հերքել են հանրահավաքի պատճառով  տրանսպորտային միջոցները ճանապարհից հետ ուղարկելու փաստը:

Արայիկ Զալյանը նաև ասաց, որ Վանաձոր-Երևան ճանապարհին իրենց մոնիտորինգի ժամանակ Վանաձոր-Երևան երթուղով մեկնող երթուղային տաքսիների չեն հանդիպել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter