HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահ Սարգսյանը` Կիպրոսի առևտրաարդյունաբերական պալատում

Կիպրոսի Հանրապետություն կատարած պետական այցի շրջանակներում նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կիպրոսի առևտրաարդյունաբերական պալատում ներկա է գտնվել երկու երկրների գործարար համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացվող գործարար համաժողովի բացմանը: Նախագահը ողջունել է  համաժողովի մասնակիցներին և հյուրերին, խոսել հայ-կիպրական տնտեսական համագործակցության ներկայիս վիճակի և զարգացման հեռանկարների, Հայաստանի և Կիպրոսի առևտրաարդյունաբերական պալատների, գործարար միությունների, ներդրումներն ու առևտուրը խթանող կառույցների միջև կապերի հաստատման ու ամրապնդման, ինչպես նաև առևտրատնտեսական հարաբերությունների խորացմանն ուղղված երկկողմ ջանքերին ամենաբարձր մակարդակով` երկու երկրների իշխանությունների կողմից հետևողական աջակցության  մասին, որի վերաբերյալ Հայաստանի և Կիպրոսի նախագահները խոսել են նաև իրենց առանձնազրույցի ժամանակ: Սերժ Սարգսյանի խոսքը հայ-կիպրական գործարար համաժողովի բացմանը Մեծարգո՛ Նախագահ Խրիստոֆիաս, հարգարժա՛ն գործարարներ, տիկնա՛յք և պարոնա՛յք, Ողջունում եմ հայ-կիպրական գործարար համաժողովի մասնակիցներին և հյուրերին: Նախագահ Խրիստոֆիասի` 2009թ. հուլիսին Հայաստան կատարած այցի շրջանակներում մեր ունեցած բանակցությունների ընթացքում, ի թիվս այլ հարցերի, հանգամանալից անդրադարձել էինք Հայաստանի և Կիպրոսի միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման խնդիրներին` առաձնահատուկ կարևորելով գործարար կապերի ամրապնդման անհրաժեշտությունը: Այս գործարար համաժողովի անցկացումը հենց այդ նպատակին է ուղղված։ Տնտեսական համագործակցության պատկերը, մեղմ ասած, համապատասխան չէ մեր բարեկամ ժողովուրդների հարաբերությունների բնույթին և ոգուն: Այդ բացը լրացման կարիք ունի: Այսօր չէի ուզենա կենտրոնանալ ստեղծված իրավիճակի պատճառների վրա. ակնհայտ է, որ այն երկուստեք ցուցաբերած որոշակի պասիվության, անբավարար ջանքերի, անբավարար տեղեկացվածության արդյունք է: Պետք է շտկել այս վիճակը, ծավալել փոխշահավետ այնպիսի առևտրատնտեսական, գործարար համագործակցություն, որի արդյունքներն ամենամոտ ապագայում տեսանելի կլինեն: Առաջին հաջողությունները վստահաբար ոգևորիչ նշանակություն կունենան մեր երկրների գործարար համայնքների համար: Այս ուղղությամբ խիստ կարևոր են Հայաստանի և Կիպրոսի առևտրաարդյունաբերական պալատների, գործարար միությունների, ներդրումներն ու առևտուրը խթանող կառույցների միջև կապերի հաստատումն ու ամրապնդումը, նման գործարար համաժողովների հաճախակի և պարբերական անցկացումը մեր երկրներում: Լիահույս եմ, որ արդեն այս գործարար համաժողովը լուրջ խթան կհանդիսանա մեր առևտրատնտեսական հարաբերությունների աշխուժացման և գործարար շրջանակների միջև փոխշահավետ համագործակցության հաստատման համար: Տիկնա՛յք և պարոնա՛յք, Օրերս Երևանում գումարվեց Հայ-կիպրական միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստը: Այդ ձևաչափը համագործակցության ընդլայնման ուղղությամբ հետևողական քայլեր ձեռնարկելու լավ հնարավորություն է: Կապերի զարգացման ներուժի առումով կցանկանայի հատուկ առանձնացնել բանկային և զբոսաշրջության ոլորտները։ Այս այցի ընթացքում ստորագրվել է երկու երկրների կառավարությունների միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության մասին Համաձայնագրի իրագործման 2011-2012թթ. համատեղ գործողությունների Ծրագիրը, որն այդ ոլորտում արդյունավետ գործակցության համար լավ հիմք է ապահովում։ Կարևորում եմ նաև գյուղատնտեսության և սննդամթերքի արտադրության ոլորտում, հատկապես օրգանական սննդամթերքի արտադրությամբ զբաղվող գործարարների միջև փորձի փոխանակման, ներդրումների իրականացման և համատեղ ձեռնարկությունների ստեղծման անհրաժեշտությունը: Հարգելի՛ գործընկերներ, Առևտրատնտեսական հարաբերությունների խորացման տեսանկյունից առանցքային է գործարարության աջակցության պետական և ոչ պետական կառույցների միջև համագործակցության հաստատումն ու զարգացումը: Երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններին նոր խթան հաղորդելու գործում, անշուշտ, ոչ պակաս կարևոր է նաև երկու երկրների դիվանագետների նպատակաուղղված, համակարգված և հետևողական աշխատանքը: Վստահ եղեք, որ առևտրատնտեսական հարաբերությունների խորացմանն ուղղված բոլոր ջանքերը գտնվելու են երկու երկրների իշխանությունների անմիջական ուշադրության կենտրոնում, և անհրաժեշտության դեպքում հետևողական աջակցությունը կլինի ամենաբարձր մակարդակով: Մի բան ակնհայտ է. բարեկամ երկրի հետ իրականացվող առևտրատնտեսական գործունեությունն ի սկզբանե զերծ է բազմաթիվ ռիսկերից, և սա դժվար է ժխտել: Մեր տնտեսություններում առկա կապիտալը, մարդկային և գործարար ռեսուրսը պետք է նպաստեն առաջին հերթին մեր և մեր բարեկամ երկրները շենացնելու գործին: Այլապես կարելի է ասել, որ մենք պատմությունից դասեր չենք քաղել: Եվս մեկ անգամ ողջունում եմ հայ-կիպրական գործարար համաժողովի կազմակերպիչներին և մասնակիցներին, հաջողություն եմ մաղթում բոլորիդ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter