HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչպե՞ս Հանրայինը դարձնել Հանրային

Ինչպե՞ս են առաջանում հեռուստաալիքները որեւէ երկրում: Կա երկու տարբերակ` առաջին` հեռուստաալիքն իշխանությունն է բացում:

Վերջինս միանձնյա է որոշում բացել հեռուստաալիք, երբ հասարակությանը ներկայացնելու որեւէ լուրջ խնդիր չունի, ասենք, այնպիսի խնդիր, ինչպիսին քաղաքացիական հասարակության ստեղծումն է, այլ միայն խնդիր ունի ինքն իրեն ներկայացնելու, կամ այլ խոսքով, իրեն պարտադրելու: Իշխանությունը, պարզ բան է, հեռուստաալիք է բացում կառավարելի հասարակություն ունենալու շրջանակներում: Կառավարելի հասարակությունն այն հասարակությունն է, որին տալիս ես հաղորդումներ եւ տեղեկություններ առանց նրա կարծիքը հաշվի առնելու: Դա այն հասարակությունն է, որի «ուղեղը կարելի է լվալ» վստահ լինելով, որ վերջինս որեւէ հոդաբաշխ ըմբոստությամբ չի հակադարձի: 

Երկրորդ տարբերակն այն է, որ հեռուստաալիքներն իրենք են ստեղծվում ըստ անհրաժեշտության: Մեկը որոշում է բացել զուտ լրատվական ալիք, մյուսը` միայն գովազդի, երրորդը` զուտ մշակութային, չորրորդը` սոսկ գեղարվեստական կինոնկարների, հինգերորդը` մանկական, վեցերորդը` կրոնական, յոթերորդը` զվարճալի, ութերորդը` հասարակական, որը ներառում է թվարկված բոլոր ճյուղերը եւ այլն: Սրանցից յուրաքանչյուրն այդ ալիքները բացում է ըստ անհրաժեշտության, այսինքն, հասարակական պահանջի եւ, ամենակարեւորը, չի հարցնում իշխանությունների կարծիքը: Հեռուստաալիքի տերը հասարակական պահանջ ասելով հասկանում է բիզնես, նույնիսկ եթե իր ալիքը սոսկ գովազդային է, որը պիտի որ փոքր լսարան ունենա: Այսպիսով, ըստ այդ պահանջի բացվելով, հեռուստաալիքներն իրենց մասով երկրում կայացնում են քաղաքացիական հասարակության անհրաժեշտ բաղադրիչը` խոսքի ազատությունը: Այսինքն, եթե հեռուստաալիքը բաժնետիրական է կամ սոսկ մեկ-երկուսի սեփականությունը եւ նրանցից ոչ ոք իշխանության հետ ընդհանուր շահ չունի եւ քաղաքական հստակ նպատակներ չունի, կամ եթե ունի, դրանք, առնվազն, իշխանամետ չեն, նա այսպես, թե այնպես արդեն գործում է քաղաքացիական հասարակության մեջ, քանի որ իշխանության հետ «ուղեղների լվացման» քաղաքականության մեջ փայ չունի կամ մերժել է այդ փայը: 

Այս հեռուստաալիքներից յուրաքանչյուրի տերը հանուն իր բիզնեսի շահագրգռված է, որ իշխանությունը քիթը չխոթի իր բիզնեսի մեջ, չորորշի, թե ով իրեն գովազդ տա կամ չտա: Այլ խոսքով, թողնի, որ ինքը հեռուստաընկերություն կայացնի, մարդն այդտեղ է պատկերացնում իր գործունեությունը, քանի որ չի կարող ծխախոտ կամ շաքար ներկրել, չի ուզում գործ ունենալ մաքսային մարմինների հետ: Հեռուստաալիքը նրա եւ նրա ընտանիքի հարմարավետություն է իր երկրում: Ինքը քաղաքացիական հասարակության մի դետալն է իր հեռուստաալիքում: 

Հիմա, ի՞նչ ունենք Հայաստանում: Արտաքնապես մենք ունենք միմյանցից անկախ 17 հեռուստաընկերություն, կարծես թե նրանց հիմնադիրներից յուրաքանչյուրը իր բիզնեսն է անում իր ալիքով: Բայց բոլոր 17-ն էլ ունեն մեկ ընդհանուր տեր` իշխանությունը եւ վերջինս ըստ նրանց քաղաքական լոյալության կամ իշխանամետության է որոշում նրանց գործունեության չափը: Այսինքն, բոլոր այս հեռուստաընկերությունները («ԳԱԼԱ»-ից զատ) իրենց գործունեությունը պայմանավորել են իշխանության դաբրոյով ծավալելիք բիզնեսով: Այսինքն, իրենց հիմնադրման տրամաբանության մեջ արդեն բացառված է քաղաքացիական հասարակության կարեւորումը եւ նույնիսկ իմացությունը նման հասարակության կարեւորման մասին: Այլ խոսքով, Հայաստանում կա Հանրային 17 հեռուստաընկերություն: Այսինքն, սրանց հիմնադիրները (իշխանությունը հիմնադիր չէ, նա սոսկ «դաբրո» տվող է) ՀՌԱՀ-ին ներկայացրել են մի ծրագիր, որով, ըստ իրենց, նպաստելու են ազգային գիտակցության պահպանմանը, ճանաչողական հաղորդումներ սփռելուն եւ օբյեկտիվ լրատվություն հեռարձակելուն: Սրանցից ոչ ոք առանձնապես ՀՌԱՀ-ին հետաքրքրիր չէ, քանզի հիմնադիրներից ոչ ոք այնքան կարճամիտ չէ, որ չհասկանա` կլասիկ իմաստով օբյեկտիվ լրատվություն հեռարձակելու սպառնալիքով նրանք ոչ միայն հաճախականություն չեն վերցնի, այլեւ տեսաերիզներով էլ լուրեր տարածել չեն կարող բնակարան առ բնակարան: Այսինքն, հեռարձակվելու համար, ինչի զարգացմանն էլ փորձես նպաստել, պետք է ի սկզբանե բացառես, որ քո հեռուստաընկերությունը կարող է լինել սպառնալիք, ասենք, ընտրությունների ընթացքում կատարված կեղծիքների հրապարակման համար: Հենց դու բացառում ես այդ սպառնալիքը, չափանիշները հստակվում են` հեռարձակել սերիալներ, շոուներ, գեղ. կինոնկարներ, զվարճալի հաղորդումներ, մուլտֆիլմեր եւ «Հայլուր»-ներ: Վերջ: Բիզնեսը կայացած է: 

Առանձին, բայց այս ամենն ընդհանրացնող դեպք է բուն Հանրային Հեռուստաընկերությունը, այսպես կոչված` Հ1-ը: Բոլոր մյուս հեռուստաընկերությունները TV չեն դառնում հենց Հանրային նայելով, այսինքն, հասկանում են, որ պետության տեղեկատվական պատվերն այն է, ինչ ցուցադրում է Հ1-ը: Բուն Հանրային Հեռուստաընկերությունը, հայտնի բան է, պետության քաղաքականությունն է իր քաղաքացիների դեմ: Հ1-ը իշխանությունների բարդույթների հեռուստաընկերությունն է եւ այդպիսին է լինելու այնքան ժամանակ, քանի դեռ երաշխավորված սփռում ունի Հայաստանի, Արցախի եւ Ջավախքի ողջ տարածքով: Ի՞նչ է նշանակում իշխանությունների բարդույթների հեռուստաընկերություն: Իշխանությունը մեր տիպի երկրներում, որտեղ անկախ դատարան չկա, իրավապահ համակարգը կոռումպացված է, պրոբլեմ ունի հասկանալի լինելու, այսինքն, վախ ունի, որ հասարակությունը կարող է գլխի ընկնել, թե իրականում ինչպիսի երկրում է ապրում: Իր վախի չեզոքացումը նա դարձնում է լրատվություն: Եվ, որ ամենակարեւորն է, չի բավարարվում դրանով, երաշխավորում է բացել այլ հեռուստաընկերություններ, որոնք նույնպես պիտի նպաստեն այդ վախի չեզոքացումը լրատվություն դարձնելու գործին: 

Այստեղ սակայն խնդիր կա: Հավատի խնդիրը: Ո՞րն է երաշխիքը, որ ժողովուրդը կհավատա այդ հեռուստաընկերություններին: Այդ երաշխիքը չկա: Բայց ստելն անհրաժեշտություն է, հեշտ չէ օրը ցերեկով ասել, որ երկրում կոռուպցիա կա եւ որ ընտրությունների օրը Նեմեց Ռուբոյի տղաներն առեւանգել են Ավանի տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամներից մեկին: Հարցն այն չէ, որ հասարակությունը այս ամենի մասին իմանում է թերթերից եւ էլեկտրոնային այլ լրատվամիջոցներից` կայքերից: Այլ այն է, որ ինքը` հեռուստաընկերությունն արդեն պայմանավորվածություն ունի իշխանությունների հետ, որ երկրում չկա այնպիսի հակահասարարակական խնդիր, որի մասին արժե, որ հեռուստաալիքները խոսեն: Իսկ մանր-մունր խնդիրների համար կան թերթերը: 

Ընդհանրապես, հեռուստաընկերությունները մեկ խնդիր ունեն մեր երկրում` ոչ միայն մեր հասարակությանը զերծ պահել հուզումների առիթ տվող ներքաղաքական տեղեկություններից, այլեւ անել հակառակը` հավատացնել, որ ամեն ինչ լավ է: Այսինքն, հավատը, որ որեւէ կապ չունի քաղաքականության հետ, ուղղորդվում է միայն մեկ անձի իշխանության պահպանման վրա: Մարդիկ, որոնք կարիք չունեն հավատալու կամ չհավատալու իշխանություններին, որոնք կարող էին իրենց ամենօրյա հացը վաստակել տնտեսական իրական աճի արդյունքում, իրականում հեռուստաընկերություններին են ուղղում իրենց հայացքը իմանալու համար` իրենցից յուրաքանչյուրի համար առանձին վերցրած կա՞ այնպիսի նորություն, որը հույսեր է տալիս: Այդպես է Հայաստանի պարագայում, եւ այն երկրների, որտեղ կյանքը ծանր է: Քանզի ո՞րն է հեռուստադիտողի շահը որեւէ հեռուստաընկերությունից` տեղեկանալ եւ զվարճանալ: Հեռուստաընկերությունը չի կարող ապակողմնորոշելու գործառույթներ ունենալ այն պարզ պատճառով, որ այդպիսի հեռուստաընկերություն չկա: Առավելագույնը այն կարող է այլասերել: Բայց տեղեկացնել պարտավոր է, որովհետեւ միայն այդպես այն կարող է գովազդի հույս ունենալ, մարդիկ հեռուստաընկերության միջոցով ճանաչում են բազում իրականություններ, որոնց մեծ մասին մասնակից չեն, ասենք, գյումրեցին իմանում է, թե ինչ է կատարվում Երեւանում, նույնը նաեւ կապանցին: Բոլորով միասին հասարակությունն են: 

Հեռուստաընկերությունը կարող է մարդկանց մեջ երգելու ցանկություն առաջացնել, ինչպես դա անում են ԱԼՄ-ն, «Շանթը» «Երեւան»-ը կամ Հ1-ը: Այն կարող է փորձել ամրապնդել մարդկանց հավատքը քրիստոնեական եւ ավանդական արժեքների նկատմամբ, ինչպես դա փորձում է անել «Շողակաթ»-ը: Կարող է պարզապես զվարճացնել, ճաշակ պարտադրել կամ առաջնորդվել ճաշակով, ինչպես դա անում են «Արմենիան» կամ Հ2-ը: Կարող են օրերով պատմել տեղական նշանակության շոու աստղերի մասին, ինչպես դա անում են Հ1-ը, Հ2-ը, «Դար 21»-ը կամ «Արմենիան»: Կամ կարող են սերիալներ ցուցադրել, ինչպես դա անում են գրեթե բոլոր հեռուստաընկերությունները: Հաղորդում կամ ծրագիր ստեղծելու ոճական լուծումներով սրանցից գրեթե ոչ ոք հեռուստաընկերություն չէ, կաբելային ալիք է, որը ճաշակի պատասխանատվություն չունի: Պատճառն այն է, որ նրանցից ոչ մեկի վրա այդպիսի պատասխանատվություն դրված չէ: Իսկ դրված չէ, քանզի նրանց առաքելությունն ուրիշ է`չտեղեկացնել: Դրանից հետո կարող են անել այն, ինչ ուզում են: Եվ Հ1-ն այստեղ բացառություն չէ: 

Այսպիսով, ինչպիսի՞ն պիտի լինի Հ1-ը: Որպեսզի պարզենք, թե ինչպիսի՞ն պիտի լինի Հ1-ը, պիտի պարզենք, թե ինչպե՞ս է իրականացվում նրա կառավարման գործառույթները եւ որտեղի՞ց է ֆինանսավորվում այն: Թե որտեղից է ֆինանսավորվում Հ1-ը` գիտենք, ողջ հասարակության գրպանից. ինչպես` թոշակները կամ նպաստները: Այսպիսի ֆինանսավորման իմաստն այն է, որ հասարակությունը ոչ թե մասնակցում է հեռուստաընկերության կառավարմանը, այլ պատվերներ է առաջարկում, ասենք, ուզում է նայել սերիալներ, ուզում է լսել քաղաքական բանավեճեր, ուզում է տեղեկանալ: Այդ պատվերները հասարակությունը չի հրապարակում, դրանք ենթադրվում են, քանի որ մենք արդեն գիտենք այն շերտերը, որոնց ճաշակը ձգում է մինչեւ այս կամ այն հաղորդումը: Իսկ թե ո՞վ է պարզում, թե որն է հասարակության ճաշակը, այլ հարց է: Բայց հասարակությունից ոչ մեկի ճաշակը չի ձգում լսել սուտը կամ ծածկադմփոցը, որովհետեւ դրանք գեղագիտական գործառույթներ չունեն: Դրանք բարոյական գործառույթների ոլորտից են: Գեղագիտական գործառույթներ ունի պրոպագանդան, կամ` ագիտացիան: Այսինքն, կարելի է պրոպագանդա անել շատ գեղեցիկ «սոուսի» մեջ: Ինչպես նախընտրական հոլովակը: Սերիալը, որքան էլ տհաճ է դիտելը, գեղագիտական գործառույթներ է կրում իր մեջ` Խոսե Իգնասիոն համակրելի տղամարդ է եւ տանտիրուհիներին դուր է գալիս, որ նա հավակնում է հատկապես սերիալի ամենագեղեցիկ կնոջը: Ընտրությունների ժամանակ հասարակական պատվեր է համարվում ոչ միայն այն, թե ո՞վ հաղթեց, այլ` ինչպես հաղթեց: Նրա պատվերն է, որ հեռուստաընկերությունների լրագրողները ստելու կամ խաբելու իրենց իրավունքով իրենց վեր չդնեն շարքային քաղաքացուց , ի վերջո ինքն է ֆինանսավորում է նրանց: Այսպիսով հասարակությունն իր կառավարումն իրականացնում է իր պատվերով: Բայց այդ կառավարումը նա չի կարող իրականացնել ուղղակիորեն, անհրաժեշտ են ներկայացուցիչներ, որոնց կերաշխավորի, ասենք, ԱԺ-ն, որը ձեւավորվելու է ընտրությունների արդյունքում: 

Օրենքը թույլ է տալիս որ Հեռուստառադիոընկերության խորհրդի ձեւավորման մեջ փայաբաժին ունենա ԱԺ-ն` «հանձնաժողովի անդամների կեuը վեց տարի ժամկետով ընտրվում է Ազգային ժողովի կողմից, իuկ մյուu կեuը նշանակվում է Հանրապետության Նախագահի կողմից` վեց տարի ժամկետով, բացառությամբ առաջին կազմի» («ՀՌԱՀ կանոնակարգ» ՀՀ օրենքի 5-րդ հոդված): Սա` դե յուրե: Իսկ դե ֆակտո հեռուստառադիոընկերության խորհրդի ձեւավորման մենաշնորհը երկրի նախագահինն է: Չքննարկենք, թե ինչպես է մարդը դարձել նախագահ, փաստն այն է, որ նման բանն ինչ-որ մեկը միանձնյա չի կարող անել: Բայց անում է: Այսպիսով, չի աշխատում հասարակական պատվերը, չի աշխատում նաեւ կառավարումը: 

Հասարակական պատվերը չի աշխատում, քանի որ ինքն իր ֆինանսավորման վրա վերահսկողություն չունի, այսինքն, հասարակության գումարները հենց հասարակության դեմ ուղղելու համար չի կարող պահանջել քրեական պատասխանատվության ենթարկել «Հայլուրի» ողջ աշխատակազմին, որն իրականում զոհ է, ոչ թե մեղադրյալ, քանի որ միշտ մի թեթեւ հույս ունի, որ սանձերը կթուլացնեն եւ կթողնեն, որ լրատվությունը դառնա լրատվություն, մյուս կողմից, չի աշխատում նաեւ կառավարման համակարգը, քանի որ պարզ չէ, թե այդ ովքե՞ր են, ո՞ր արժանիքների համար են մարդիկ դարձել Հանրային հեռուստառադիոխորհրդի անդամներ կամ նախագահ: 

Ինչպե՞ս փոխել խորհրդի կազմը եւ առավել վերահսկելի դարձնել Հ1-ի ֆինանսավորումը: Խորհրդի կազմը ըստ հասարակության քիմքի երկրի նախագահը կամ ԱԺ-ն չի փոխի: Հանրային հեռուստառադիոխորհուրդը դեմոկրատական ինստիտուտ է կամ հավակնում է լինել այդպիսին: Նշանակում է իսկապես դեմոկրատական դարձնելու համար նախ եւ առաջ անհրաժեշտ է երկրի նախագահի դերի վերացում կառավարման խորհրդի ձեւավորման գործում: 

Երկրորդ, այդ խորհուրդը կարող է ձեւավորվել միայն ԱԺ-ի ուժերով պայմանով, որ մինչեւ խորհրդի ձեւավորումը անցկացվեն նոր ԱԺ ընտրություններ, քանի որ գործող ԱԺ-ն երկրի նախագահի աթոռն զբաղեցնող մարդու հայելին է, ինչպիսին է արդեն 18 տարի: Երրորդ, խորհրդին պիտի անդամակցեն բացառապես ստեղծագործական ոլորտի եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Խորհուրդը չի կարող լինել եթերի միանձնյա պատվիրատու, նա պիտի արձագանքի հասարակական, քաղաքական, սոցիալական եւ մշակութային հրամայականներին: 

Հրամայականներ ասելով ես հասկանում եմ ոչ թե կամ ոչ միայն հանրամատչելի երգի կամ սերիալների առատությունը, այլեւ այնպիսի հաղորդումներ, որոնք ճաշակ են զարգացնում եւ ի վերջո դուրս են մղում հանրամատչելի եւ օճառային «ստեղծագործությունները»: 

Չորրորդ, պետության դերը պիտի զրոյացվի Հանրային Հեռուստառադիոխորհրդի կառավարման գործում: Պետությունն, ինչպես հասարակությունը, կարող է ունենալ պատվերներ, ասենք, «Զինուժ» հաղորդման տեսքով: Ոչ ավելին: Ընդհանրապես, հեռուստաընկերությունները աշխատում են պատվերներով, որոնք ուղեկցվում են վարկանիշային հարցումներով: Հայաստանում նման պրակտիկա չկա: Նշանակում է, պիտի ուժեղացվեն վարկանիշային հարցումները, որը յուրաքանչյուր հեռուստաընկերություն ինքն է անում սոցիոլոգիական ընկերությունների կամ սեփական սոցիոլոգիական թիմի միջոցով: Հայաստանում անհուսալիորեն ընկած է սոցիոլոգիական ընկերությունների վարկը: Նշանակում է, սրանք եւս պիտի վստահության իմիջ ձեռք բերեն: 

Հինգերորդ, Հանրային Հեռուստաընկերությունը կամ պիտի հրաժարվի լրատվական թողարկումներ ունենալ, եթե նախորդ չորս կետերից ոչ մեկը իրականություն չի դառնում, կամ նախորդ կետերի իրականություն դառնալու դեպքում պիտի ունենա լրատվական թողարկում, որում երկրի նախագահի եւ պետական մյուս պաշտոնյաների գործունեությունը կլուսաբանվի դրանց օգտակար գործողության գործակցի կամ այդ գործակցի բացակայությունը: Իսկ օգտակար գործողության գործակիցը կամ դրա բացակայությունը կորոշեն հեռուստաընկերություն հրավիրվելիք անկախ վերլուծաբանները: Ենթադրում եմ, սա ամբողջն է որը թույլ կտա Հանրային հեռուստաընկերությունն իսկապես Հանրային դարձնել:

Սերգեյ Սարգսյան 
Հ1-ի նախկին լրագրող

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter