HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

Որդու նկատմամբ մահափորձից հետո հայրը հանկարծամահ է եղել

Լոռու մարզի քննչական բաժնից տեղեկացնում են, որ հունվարի 15-ին` ժամը 16:45-ի սահմաններում, ոստիկանության Վանաձորի բաժին է ահազանգել Վահագ Անդրանիկի Օհանյանը եւ հայտնել, որ Վանաձորի Վարդանանց 43/1 շենքի 34 հասցեի իր բնակարանում հանկարծամահ է եղել եղբայրը` Վահրամ Անդրանիկի Օհանյանը: Ներսից կողպված բնակարանում վերջինս մենակ է եղել: Երկար ժամանակ Վահագը փորձել է զանգել եղբորը, որը չի պատասխանել նրա զանգերին: Անհանգստանալով` Վահագը եկել բացել է եղբոր բնակարանի դուռը եւ նրան մահացած գտել: Դեպքի վայրի զննության ժամանակ որեւէ կասկածելի առարկա չի հայտնաբերվել, ինչպես նաեւ դիակի վրա չեն հայտնաբերվել բռնության հետքեր: Վահրամ Օհանյանը վանաձորցիներին հայտնի է «Ոչխարագող» մականունով: Նա 16-ամյա Դավիթ Օհանյանի հայրն է, ում նկատմամբ վերջերս (2010 թվականի դեկտեմբերի 19-ին) մահափորձ էր կատարվել: Սեփական շենքի շքամուտքում անհայտ անձը հրազենից մի քանի անգամ կրակել էր նրա ուղղությամբ: Վերջինս հրազենային վնասվածքներով եւ անգիտակից վիճակում տեղափոխվել էր Վանաձորի թիվ 1 հիվանդանոց: Ըստ քաղաքում շրջանառվող լուրերի` Դավիթ Օհանյանի նկատմամբ մահափորձի ամենահավանական դրդապատճառը վրեժխնդրությունն է նրա հոր կամ եղբոր կատարած հանցագործությունների համար: Հունվարի 7-ին Դավիթ Օհանյանը դուրս է գրվել հիվանդանոցից, բայց մեզ հայտնի տեղեկություններով` նրա առողջական վիճակը լավ չէ: Խոսակցություններ են պտտվում, որ ծնողները պատրաստվում էին բուժման համար նրան տեղափոխել արտասահման: Դավիթ Օհանյանի հոր` Վահրամ Օհանյանի մահվան պատճառը դեռեւս հայտնի չէ: Այն պարզ կդառնա քրեագիտադատաբժշկական փորձաքննության արդյունքում, որը, ըստ Լոռու մարզային դատաբժշկական կենտրոնի բաժնի վարիչ Վարուժան Սաքանյանի, հունվարի 16-ին արդեն կատարվել է: Լոռու մարզի քննչական բաժնի պետ Գագիկ Իսպիրյանի փոխանցմամբ` Վահրամ Օհանյանի մահվան փաստի կապակցությամբ քննչական բաժնի կողմից նման փորձաքննություն նշանակելու վերաբերյալ որոշում է կայացվել ոչ թե այն պատճառով, որ մահը տեղի է ունեցել կասկածելի հանգամանքներում, այլ որ նման որոշում, ըստ նրա, պետք է կայացվեր: «Ընդհանրապես, Լոռու մարզում պրակտիկա է. բոլոր հանկարծամահությունները մանրազնին ստուգվում են, նշանակվում են դատաբժշկական փորձաքննություններ, նախապատրաստվում են նյութեր»,- նշեց ոստիկանության գնդապետ Գ. Իսպիրյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter