HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստան-Շոտլանդիա. մշակութային երկխոսությունը շարունակվում է

Հունվարի 22-ին` ժամը 19:00-ին, Հայ-բրիտանական գործարարության պալատը (ABBC, www.abbc.am) և Երևանում բրիտանական դեսպանատունը կազմակերպում են շոտլանդացի հայտնի բանաստեղծ Ռոբերտ Բըրնսին նվիրված բարեգործական երեկո` Բըրնսի Ընթրիք: Արդեն տասներեք տարի շարունակ Արմենիա-Մարիոթ հյուրանոցը հյուրընկալում է Բըրնսի Ընթրիքը՝ հուսալով ոչ միայն ուրախ ժամանց կազմակերպել ներկաների համար, այլ նաև գումար հավաքագրել բարեգործական նպատակներով: Անցած տարիներին հանգանակված գումարներով մարզային ծննդատների համար ձեռք է բերվել $74,000 արժողության ժամանակակից սարքավորում (Project Nova կազմակերպության հետ համատեղ), վերականգնվել է երկու նորածինների տեսողությունը (Հայկական Ակնաբուժության նախագծի հետ համատեղ), աջակցություն է տրամադրվել Հայ Ձմեռ Պապ բարեգործական հիմնադրամին, Զատիկ մանկատանը ստեղծվել է Ռոբերտ Բըրնսի անվան երիտասարդական կրթական կենտրոն: Բըրնսի Ընթրիքը շոտլանդացիների համար ազգային տոնի արժեք ունի և ամեն տարի հունվարի վերջին նշվում աշխարհի տարբեր երկրներում: Ընթրիքի առանցքը շոտլանդական յուրահատուկ «հագիս» ուտեստն է, որը ավանդաբար Շոտլանդիայից Հայաստան է ժամանում Բըրնսի Ընթրիքից մի քանի օր առաջ՝ «հագիս» պատրաստող խոհարարի և շոտլանդացի պարկապզուկահարի ուղեկցությամբ: Հունվարի 20-ին, ժամը 13:00-ին Հայաստանի Ժողովրդական արվեստի թանգարանում շոտլանդական պարկապզուկի ուրույն երաժշտության ներքո «հագիս» ուտեստը հանդիսավոր կհանձնվի Մեծ Բրիտանիայի Արտակարգ և Լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլին: Այնուհետև երաժշտական էստաֆետը կվերցնի հայկական Բամբիռ ռոք-խումբը, ներկայացնելով երգեր վերջերս լույս տեսած ARMENIAN SCOTCH ձայնասկավառակից, որում տեղ են գտել Ռոբերտ Բըրնսի և Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունները: Առաջին հայացքից տարօրինակ այս համադրումը բամբիռցիները բացատրում են այն բանով, որ երկու պոետներն էլ հումորով են, երկուսն էլ խոսում են ժողովրդական պարզ լեզվով. «Երկու պոետ մի հանգի, Երկու rock-այր, լեռնցի, Սար տղերք են, որ չեն հանգչի»: Միջոցառումը կեզրափակի Բամբիռ խմբի և շոտլանդացի պարկապզուկահարի միացյալ երաժշտական համարը և կմատուցվի շոտլանդական վիսկի և հայկական կոնյակ: Հայերի ու շոտլանդացիների եզակի «երկխոսությունը» տեղի կունենա հունվարի 20- ին` ժամը 13:00-ին, Հայաստանի Ժողովրդական արվեստի թանգարանում (հասցեն՝ Աբովյան փ. 64):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter