Վարչապետը մասնակցել է «Կոկա-Կոլա» ընկերության ջրի մաքրման կայանի բացմանը
Այսօր Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը այցելել է «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերություն: Նա մասնակցել է ընկերության ջրի մաքրման նոր կայանի բացմանը, որում արտադրության ընթացքում օգտագործված ամբողջ ջուրը մաքրվում է բնապահպանական ամենաբարձր չափանիշներին համապատասխան այնպես, որ շրջակա միջավայր վերադարձվող ջուրը լիովին պիտանի է բուսական և կենդանական կյանքի համար:
Կառավարության ղեկավարը շրջել է նորաբաց կայանում, ինչպես նաև ծանոթացել է ընկերության արտադրական հնարավորություններին: Տիգրան Սարգսյանին են ներկայացվել ըմպելիքների պատրաստման գործընթացն, ինչպես նաև Հայաստանում ընկերության 15-ամյա գործունեության արդյունքները:
Այցի ավարտին, պատասխանելով լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին, վարչապետը կարևորել է ընկերության գործունեությունը, նշելով, որ այն ստեղծել է բազմաթիվ աշխատատեղեր և մեր երկրի խոշորագույն հարկատուներից մեկն է:
«Մեր այցելության նպատակն է ուսումնասիրել այն փորձը, որ «Կոկա-Կոլան» ունի ջրերի մաքրման հարցում, քանի որ դա ու միջազգային ստանդարտները, որ նրանք կիրառում են պետք է տարածենք նաև այլ ձեռնարկությունների վրա, որպեսզի էկոլոգիական միջազգային ստանդարտները կիրառվեն Հայաստանի Հանրապետության այլ ձեռնարկություններում»,- կառավարության մամլո ծառայության փոխանցմամբ` ասել է Տ. Սարգսյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել