Առաջարկվել է միջոցներ նախատեսել ինքնակամ շինությունները քանդելու համար
Այսօր տեղի է ունեցել «Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի խորհրդի նիստը` խորհրդի նախագահ, ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի ղեկավարությամբ:
Մինչ օրակարգային հարցերին անցնելը` փոխվարչապետն անհրաժեշտ է համարել խորհրդի աշխատակարգի մշակումը` նշելով, որ դրանում պետք է հաշվի առնվեն խորհրդի կանոնադրությամբ նախատեսված լիազորությունները եւ գործառույթները: Նկատի ունենալով, որ հողի վարձակալության թույլտվությունները եւ պայմանագրերը, համաձայն կանոնադրության, հավանության պետք է արժանանան խորհրդի կողմից, խորհուրդը նիստերը կգումարի ըստ անհրաժեշտության:
Նիստում քննարկվել եւ հաստատվել է «Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 2010թ. բյուջեի կատարման մասին հաշվետվությունը: Մասնավորապես անդրադարձ է եղել հողի վարձավճարներից համայնքին փոխանցվող գումարների չափին եւ ՊՈԱԿ-ի հարկային պարտավորությունների կատարմանը:
Ներկայացվել է նաեւ ՊՈԱԿ-ի 2011թ. բյուջեի նախագիծը: Ա. Գեւորգյանը հանձնարարել է ՀՀ բնապահպանության նախարարությանը եւ ՊՈԱԿ-ին վերանայել այն` առաջարկելով փաստաթուղթը ձեւավորել հաշվի առնելով ՊՈԱԿ-ի բազային եկամուտների եւ իրավական ակտերից բխող ֆինանսական պարտավորությունների ողջ ծավալը, այդ թվում` ՊՈԱԿ-ի պարտավորությունները համայնքների նկատմամբ: Առաջարկվել է բյուջեի նախագծում միջոցներ նախատեսել նաեւ ինքնակամ շինությունների քանդման համար: Փաստաթղթի նախագիծը կներկայացվի խորհրդի հաջորդ նիստի քննարկմանը:
Խորհուրդը որոշել է դիմել ՀՀ ֆինանսների նախարարությանը` ՊՈԱԿ-ի վերջին տարիների ֆինանսական գործունեության վերաբերյալ աուդիտ իրականացնելու համար, եւ համոզմունք է հայտնվել, որ դրա արդյունքները հիմք կհանդիսանան ՊՈԱԿ-ի գործունեությունն առավել արդյունավետ կազմակերպելու համար:
Առաջարկվել է նաեւ, որպեսզի ՀՀ բնապահպանության նախարարությունը եւ ՊՈԱԿ-ը մշակեն «Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի զարգացման ծրագիր` հաշվի առնելով ՊՈԱԿ-ի լիազորություններից բխող վճարովի ծառայությունների տրամադրումը եւ նոր եկամուտների բացահայտումը: Այս մասին հայտնում են ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել