Հասնել ֆինանսների ճիշտ կառավարման
Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը այսօր խորհրդակցություն է անցկացրել կառավարության անդամների և պետական համակարգում գործող մյուս մարմինների ու կառույցների ղեկավարների հետ: Խորհրդակցությունը հրավիրվել էր վերջերս ուժի մեջ մտած պետական գնումների մասին նոր օրենքի կապակցությամբ, որի պահանջների կատարումով ակնկալվում է այդ ոլորտում հստակության, օրինականության և պարզեցված ընթացակարգի արմատավորում:
Մեկնաբանելով գնումների սահմանված նոր կարգը` վարչապետ Ա. Հարությունյանը ի մասնավորի նշել է, որ նախկին օրենքը արդյունավետորեն չի գործել, հաճախ էին թույլ տրվում խախտումներ և ոչ նպատակային գնումներ: Այժմ կենտրոնացված կարգի փոխարեն գնումների իրավունքը վերապահվում է պետական գերատեսչություններին ու հաստատություններին: Կառավարության ղեկավարը ներկաներին կոչ արեց առաջնորդվել բացառապես օրենքի պահանջներով. օրինախախտներն անպայմանորեն կպատժվեն` զգուշացրել է նա:
Նոր օրենքի հիմնական դրույթների պարզաբանմամբ խորհրդակցությունում հանդես եկավ փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը: Նրա խոսքով` պետական գնումների նոր կարգը ավելի թափանցիկ ու հրապարակային է, համահունչ ՀՀ նույնանուն օրենքին ու միջազգային ժամանակակից փորձին: Ս. Թևոսյանը հայտնեց, որ «Պետական գնումների գործակալություն» ՊՈԱԿ-ի փոխարեն այսուհետ կգործի գնումների աջակցման կենտրոնը, որը պետք է համագործակցի պատվիրատու գնորդների հետ: Առաջիկայում կընդունվեն ենթաօրենսդրական համապատասխան ակտեր, որոնք կամբողջացնեն պետգնումների ընթացակարգը: Այն լիովին հասկանալի դարձնելու և հստակ կիրառում ապահովելու նպատակով ֆինանսների նախարարությունը իրավասու անձանց համար կկազմակերպի սեմինար-խորհրդակցություններ:
Կառավարության ղեկավարությունը որոշ պարզաբանումներ է տվել խորհրդակցությունում հնչած մի շարք հարցերի վերաբերյալ: Ամփոփելով` վարչապետ Ա. Հարությունյանը համոզմունք է հայտնել, որ պետգնումների նոր կարգը հնարավորություն կտա խնայողաբար օգտագործել բյուջետային հատկացումները և հասնել ֆինանսների ճիշտ կառավարման:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել