
Վանաձորի արհեստական լճի ափին` «Էլկանի» ռեստորանի դիմաց գտնվող ուռենին ապօրինաբար հատվել է: Ծառը հատելու համար թույլտվություն չի եղել: Այդ մասին հաստատում են Վանաձորի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության եւ բարեկարգման բաժինն ու ՀՀ բնապահպանական պետական տեսչության Լոռու տարածքային բաժինը: Ուռենին համայնքային սեփականություն է հանդիսանում, չնայած արհեստական լիճն ու նրա հարակից տարածքը վարձակալության սկզբունքով շահագործման է հանձնված «Ազատամարտիկ Պարգեւ» ՍՊԸ-ին:
ՍՊԸ-ի տնօրեն Պատվական Թորոսյանը «Հետքի» հետ հեռախոսազրույցի ընթացքում տեղեկացրեց, որ ուռենին 4-5 օր առաջ է հատվել է իր իմացությամբ: Պատճառաբանում է, թե ծառի ճյուղերից մեկը կոտրվել էր, իրենք էլ մյուս երկուսն էլ կտրեցին` հավասարությունը պահելու համար: Ու դրան «սանիտարական հատում` էտ» անվանումն է տալիս, որով նպաստում է «ծառի նորմալ աճին»:
«Ուռին ու բարդին արագ վերականգնվում են, արդեն գարնանը կտեսնեք` ինչ ծառ ա դառել»,- հավաստիացնում է Պատվական Թորոսյանը:
«Թույլտվություն ոնց վերցնեմ, որ մառոզը խփում ա, սառչում ա, ինքն էլ խոնավ ծառ ա, ծանրությունը շատ ա, ժողովուրդ ա, անցնում ա, բան ա անում, պետք էր շուտ մի բան անել»,- ասում է: Նրա փոխանցմամբ` ուռենուց 1,5 խորանարդ փայտ է ստացվել, որը ինքը բաժանել է մարդկանց:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել