HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

«Հին վրեժխնդրություն է»,- ենթադրում է լրագրողը

Անցած շաբաթ, լույս կիրակի գիշերը փորձել են հրկիզել «Լոռի» հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Նարինե Ավետիսյանին պատկանող ավտոմեքենան: Լրագրողի փոխանցմամբ` ավտոմեքենան այրվել է, բայց չի հրկիզվել: Սա լրագրողի նկատմամբ թվով չորրորդ վնասարարությունն է. վերջինը չորս տարի առաջ են կատարել: Մի անգամ փորձել են նրա անձին վնասել, մյուս դեպքերում` ավտոմեքենան: Իր հանդեպ կատարված ոտնձգությունը լրագրողը չի պայմանավորում ոչ իր գործունեությամբ, ոչ էլ իր անձով: Ենթադրում է, որ դա «հին վրեժխնդրություն է»: -Ճի՞շտ է, որ Ձեր նկատմամբ կատարված ոչ բոլոր վնասարարությունների առթիվ են քրեական գործեր հարուցվել: -Առաջինը` անձամբ իմ նկատմամբ է եղել: Բայց այդտեղ բացահայտելու բան չկար: Կոնֆլիկտ էր ուղիղ եթերի պատճառով: Հետաքննություն էինք արել Արթուր Սաքունցի հետ` երթուղային տաքսիների ուղեւորավճարների շեշտակի բարձրացման հետ կապված: Պարզել էինք, որ ուղեւորավճարները ապօրինի էին բարձրացվել, դրանից ընկերությունները գերշահույթ էին ստանում: Բնականաբար բախում առաջացավ ընկերությունների ղեկավարների` հատկապես նրանցից մեկի հետ: Բայց նա հրապարակային զղջաց, ներողություն խնդրեց: Մենք էլ դադարեցրինք մեր բողոքը: Անցավ-գնաց: Միայն մի դեպքի առթիվ չի հարուցվել քրեական գործ. մեքենայի ապակիներն էին ջարդել: Որոշեցինք, որ անիմաստ է, որովհետեւ նախկինում նմանատիպ բան եղել էր, ու չէր բացահայտվել. ի՞նչ իմաստ ունի քննիչը գա ժամերով հարցեր տա, ես էլ պատասխանեմ: Բայց այս անգամ հույս ունեմ, որ բացահայտվելու է: Նախորդ դեպքերում եղել են կասկածներ, բայց չեն բացահայտվել, քանի որ հանցագործը հետքեր չէր թողնում: Այս անգամ հետքեր կան. ոտնահետքեր են եղել ձյան վրա, օդանցքում լաթ է եղել, որով պիտի այրվեր մեքենան, շշի խցան է գտնվել դեպքի վայրում: Եթե չբացահայտվի, ուրեմն հանցագործը ձեռնոցով է աշխատել: -Ձեր հանդեպ կատարված վերջին ոտնձգությունը կապում են Ձեր վերջին ուղիղ եթերի հետ, որի ընթացքում բարձրացրել եք մի ցավոտ հարց` Վանաձորի տնակային ավանի խնդիրը: -Դա շուտ է եղել: Իրականում դրա հետ կապ չունի: -Գուցե չարակամներ ունե՞ք. նրա՞նց արածն է: -Ես այդքան ճոխ չեմ ապրում, որ ասեմ` աչք եմ ծակել. սովորական ապրող եմ: Իսկ որպես կին-վարորդ` Հայաստանում այնքան շատ են կին-վարորդները: Մեքենաս էլ հին մեքենա է` 93 թվականի, նույնիսկ մի քանի անգամ վնասված, արժեքն էլ եսիմ ինչ չէ: 20 տարի իր աշխատանքով վաստակած մարդը հաստատ կկարողանար նման մեքենա գնել ու դեռ դրանից էլ լավը: -Ի՞նչ եք կարծում` այս ամենի հետեւում ուժե՞ր են, անձի՞նք, թե՞ անձ: -Հավանաբար անհատ է, միեւնույն ձեռագիրն է: Ես գիտեմ, վստահ եմ, որ սա անձնական խնդիր չէ: Մասնագիտականի հետ կապված էլ այս շրջանում անդորր է, խաղաղ վիճակ. մարզային հեռուստաընկերություններում ընտրությունից ընտրություն է ակտիվություն, սրություն նկատվում: Այս պահին դա չկա: Նշանակում է` ինչ-որ հաշվեհարդար է, հին վրեժխնդրություն: Ինչքան մարդ դժգոհ մնացած կլինի ինձնից, հեռուստաընկերությունից. չէ՞ որ ես հեռուստաընկերության ղեկավարն եմ նաեւ: -Իսկ Ձեր աշխատանքի ընթացքում հաճա՞խ եք հանդիպում ճնշումների: -Ճնշումները հիմնականում ընտրությունների ժամանակ են լինում կամ քաղաքի համար կարեւոր իրավիճակներում: Անցյալում էլ շատ ճնշումներ են եղել` չնայած այս դեպքի հետ կապված չէի ցանկանա իմ ողջ գործունեությունը կամ դիմանկարը ներկայացնել: Ո՞ր լրագրողի հետեւից չեն ընկել, ո՞ր լրագրողին չեն ճնշել, եթե չեն ճնշել, ուրեմն այդ լրագրողը միշտ պետական ապարատի կողքին է կանգնած եղել կամ կոմունիստական շրջանի լրագրողի կեցվացքով է աշխատել ու ընդամենը ճառ է գրել: Բայց եթե քիչ թե շատ անկախ է լրագրողը, ճնշումներն անխուսափելի են: -«Լոռի» հեռուստաընկերությամբ հեռարձակվու՞մ են քննադատություն պարունակող հաղորդումներ: -Իհարկե: Իմ հաղորդումն է` «Պատասխան» հաղորդաշարը: Այն արձակուրդի մեջ է, ես` ոչ: Հաղորդումը հասարակական-քաղաքական բնույթի է, եւ քանի որ այս շրջանում մարզերում պասիվ վիճակ է, այն եթեր չի հեռարձակվում: Թեժ գիծ ունենք, որն օպերատիվ աշխատում է, նպաստում մարդկանց խնդիրների լուծմանը, կապող օղակ է իշխանությունների հետ, զգաստացնում է նրանց: Ծանոթ-խնամի-բարեկամ  հաշվի չենք առնում. սուր անկյան տակ ենք դիտում ամեն ինչ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter