Բրազիլիայում ջրհեղեղի զոհերի թիվը գերազանցել է 700-ը
Բրազիլիան պատուհասած ջրհեղեղների հետևանքով զոհված մարդկանց թիվը անցնում է 700-ից: Երկուշաբթի ուղղաթիռը Ռիո դե Ժանեյրոյի նահանգում 18 մարդու է տարհանել այն բանից հետո, երբ անձրևների պատճառով հեղեղը և լեռնային տարածաշրջանի սողանքներն ամեն ինչ տարել են իրենց ճանապարհին: Այս փրկվածների թվում է եղել 4 երեխա, որոնցից մեկը 30 օրական է:
Սակայն, ինչպես հայտնում է CNN-ը, փրկարարներին դեռ չի հաջողվում հասնել ջրհեղեղից առավել տուժած որոշ վայրեր, և մտավախություն կա, որ զոհերի թիվը շատ ավելի մեծ է: Ըստ օդերևութաբանական կանխատեսումների` անձևները դեռ մի քանի օր կշարունակվեն այն վայրերում, որոնք առանց այդ էլ արդեն ջրի տակ են:
Ըստ երեկվա պաշտոնական տվյալների` Ռիո դե Ժանեյրոյի նահանգնում անօթևան են մնացել հազարավոր մարդիկ:
Այս հարավամերիկյան երկրի այլ նահանգներում ևս տեղատարափ անձրև է եկել: Անցյալ շաբաթ Սան Պաուլուի նահանգի իշխանությունները հայտնեցին, որ ջրհեղեղի հետևանքով 24 մարդ է զոհվել:
Ջրհեղեղը և ցեխը դատարկ տարածության են վերածել Դիո դե Ժանեյրոյի նահանգի Տերեսոպոլիս քաղաքը, որը նախկինում տեսարժան վայրերով հարուստ զբոսաշրջային կենտրոն էր: Երկուշաբթի քաղաքում` գլաքարերի մոտ, զոհերի մարմիններ և տարբեր իրեր էին ընկած, իսկ մարդիկ նրանց մեջ փնտրում էին իրենց հարազատներին:
Ըստ պաշտոնական տվյալների` Տերեսոպոլիսում առնվազն 292 մարդ է զոհվել: Քաղաքի դիարանի մոտ, որը հապճեպորեն է պատրաստվել, մարդիկ հերթ են կանգնում, որ հաստատեն իրենց զոհված հարազատների ինքնությունը:
Մարկո Անտոնիո Սիքերա Կոստան CNN-ին ասել է, որ իր եղբորը, հարսին ու նրանց դստերը վերջին անգամ տեսել է մի քանի օր առաջ` նախքան նրանց տունը կթաղվեր ցախի մեջ: «Կարծում եմ` այդ վերջին հանդիպման միջոցով Աստված մեզ հնարավորություն պարգևեց հրաժեշտ տալ իրար»,- ասել է նա:
Տերեսոպոլիսի բնակիչները, դեմքներին դիմակներ, օգնում էին մաքրել փողոցները և առաջին օգնություն ցուցաբերել: Մյուսները քաղաքում հուսահատորեն փնտրում էին իրենց անհետ կորած հարազատներին:
Մինչ այդ փորձագետներն ու պաշտոնյաները փորձում են որոշել, թե ինչը կարող էր աղետի պատճառ դառնալ:
«Իրար գումարեք եղանակային պայմանները և շրջակա միջավայրի նկատմամբ անպատասխանատու վերաբերմունքը, և արդյունքում կստանաք ողբերգություն»,- ասել է Ռիո դե Ժանեյրոյի շրջակա միջավայրի նախարար Կարլոս Մինքը:
Նա նշել է, որ ուզում է դադարեցնել տների կառուցումը բարձր ռիսկային վայրերում, ինչպիսիք են գետերի ափերը կամ սարերի զառիվեր լանջերը: Նրա խոսքերով` նախորդ կառավարությունները խրախուսել են նման վայրերում շինարարությունները:
Բրազիլիայի իշխանություններին քննադատում են այն բանի համար, որ լավ չեն կառավարում աղետը և մարդկանց թույլ են տվել տներ կառուցել վայրերում, որոնք հայտնի են նրանով, որ անձրևային եղանակներին շատ վտանգավոր են դառնում:
Իշխանությունների վրա ավելի ու ավելի մեծ ճնշում են գործադրում` աղետին արդյունավետ արձագանքելու պահանջով: Նախատեսվում է, որ Բրազիլիան հյուրընկալելու է Աշխարհի գավաթը 2014-ին և Օլիմպիական խաղերը` 2016-ին:
Լուսանկարը` AFP-ի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել