HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ձեռնարկատեր պատգամավորները խոստանում են չլքել ԲՀԿ-ն

ԱԺ պատգամավոր Արշակ Մխիթարյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ «100 տոկոսով» դուրս չի գալու ԲՀԿ խմբակցությունից, եթե նույնիսկ կուսակցության փետրվարի 12-ի համագումարում որոշվի կոալիցիայից դուրս գալու մասին: «Ոնց կուսակցությունը, խմբակցությունը որոշեց, այնպես էլ ես կանեմ: Խմբակցությունը ինչ դիրքորոշում ունենա, այդ նույն դիրքորոշումը կունենամ նաեւ ես: 100 տոկոսով կարող եմ ասել, որ դուրս չեմ գալու ԲՀԿ-ից»,- ասում է Արշակ Մխիթարյանը: Պատգամավորը խոստացավ այս մասին ավելի մանրամասն խոսել կուսակցության համագումարից հետո: Նշենք, որ Արշակ Մխիթարյանը 2007 թ. պատգամավոր է ընտրվել ԲՀԿ-ի համամասնական ցուցակով, եւ մինչ այսօր ԲՀԿ խմբակցության անդամ է: Ասում ենք մինչ այսօր, որովհետեւ նախորդ գումարման ազգային ժողովում Ա. Մխիթարյանը ակտիվ ՕԵԿ-ական էր, սակայն անմիջապես լքեց կուսակցության շարքերը, երբ կուսակցությունը որոշեց գործունեություն ծավալել ընդդիմադիր դաշտում եւ դուրս եկավ կոալիցիայից: Այդ ժամանակ նա նույնիսկ չսպասեց Արթուր Բաղդասարյանի հրաժարականի դիմումին եւ կոալիցիայից դուրս գալուն, ու սեփական դիմումի համաձայն լքեց կուսակիցներին: Արշակ Մխիթարյանին հիշեցնելով այս դրվագները` հարցրինք, թե արդյոք այս անգամ էլ նույն արագությամբ դուրս չի՞ գա ԲՀԿ-ից, եթե կուսակցությունը որոշի դուրս գալ կոալիցիայից: Մի քանի վայրկյան մտածելուց հետո պատգամավորը պատասխանեց. «Թողեք համագումարը լինի նոր, էլի»: ԲՀԿ-ն լքելու մտադրություն չունի նաեւ պատգամավոր Աշոտ Տոնոյանը: «Հիմա կոալիցիայից դուրս գալու-չգալու խնդիր չկա, որ մտածենք այդ մասին, իսկ ո՞վ ասեց, որ պիտի կոալիցիայից դուրս գանք»,- ասում է պատգամավորը: Նա նույնպես խորհուրդ տվեց սպասել ԲՀԿ-ի համագումարին, սակայն ավելացրեց. «Ոնց կուսակցությունը որոշեց այնպես էլ ես կանեմ: Ինչի՞ մասին է խոսքը, ես կուսակցությունից դուրս չեմ գալու»,- ավելացրեց Աշոտ Տոնայանը: Թե որքանով ձեռնարկատեր այս երկու պատգամավորները կլինեն իրենց խոսքի տերը, պարզ կլինի փետրվարի 12-ից հետո:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter