«2010-ը գրական կյանքի համար բեկումնային էր»
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը գրականագետ Արքեմնիկ Նիկողոսյանը եւ բանաստեղծ Կարեն Անտաշյանը ամփոփում էին 2010 թ. գրական տարին եւ նշում 2011 թ. անելիքները: «Գրականությունը միշտ հանդիպում է մեկ պրոբլեմի` քարոզչության պակասն է հատկապես հեռուստատեսությամբ:
Ամեն հեռուստաընկերություն պետք է պարտադիր ունենա գրական հաղորդում, չեմ ասում` մշակութային, քանի որ մեզանում մշակույթ ասելով` հասկանում են շոու բիզնեսը»,- ասաց գրականագետ Արքեմնիկ Նիկողոսյանը: 2010 թ.-ը տվեց լավ գրքեր, լավ արդյունքներ, նրա խոսքերով`վերջին մի 2-3 տարվա լճացումից հետո գրականությունը կրկին զգաստացման նշաններ է ցույց տալիս: Շատ գրքեր ընթերցողների ուշադրությանն արժանացան, օրինակ` Հովհաննես Գրիրգորյանի, Մհեր Իսրայելյանի, Հովիկ Չարխչյանի գրքերը: Բայց անգամ այդ գրքերը կարդում են գրողների ընկերները, նրանց շրջապատի մարդիկ, ինչպես նաեւ ինտերնետից օգտվողները: Բանաստեղծ Կարեն Անտաշյանը եւս շեշտեց, որ այսօր մեր գրականությանը ամենից շատ պակասում է պրոպագանդան: Այդ առումով 2010 թ.-ը նշանավոր էր նաեւ հեղինակ-ընթերցող սերտացմամբ`շնորհիվ ինտերնետի:
«2010 թ.-ը գրական կյանքի համար բեկումնային էր եւ որակապես նոր փուլի սկիզբը դարձավ: Բեկումի հիմնական գործոնը, խթանը հայրենական մեդիա արտադրության ճեղքումն է ինտերնետի միջոցով: Բլոգային, ֆեյսբուքային բումը, որ ունեցանք 2010-ին նպաստեցին նրան, որ կարողացան գրականությունը տեղափոխել ինտերնետի քննարկման դաշտ»,- ասաց բանաստեղծ Կարեն Անտաշյանը:
2010 թ.-ի սկզբին մի խումբ գրողներ, գրականագետներ որոշեցին ստեղծել «Գրանիշ» գրական ակումբը, որտեղ փորձեցին ներկայացնել լավ հեղինակների ստեղագործությունները, երեւան եկավ ինքնորոշման առաջին ազդակները ցույց տվող սերունդ, որի վրա կարելի է հույս դնել եւ հավատալ, որ հայ գրականության ապագան լավ է լինելու:
«Գրանիշ» ակումբը նախաձեռնել է «Գրանիշ» գրական ամսագրի տպագրումը, որը կառանձնանա նրանով, որ կանի թեմատիկ համարներ, օրինակ` կանդրադառնա գրական լեզվի խնդրին, կլինեն թարգմանություններ, Ցեղասպանության վերաբերյալ անդրադարձներ գրականության մեջ, մանկական համար: Մյուս կարեւոր իրադարձությունը, Կարեն Անտաշյանի կարծիքով, 2012 թ.-ին Երեւանը գրքի մայրաքաղաք հռչակելն էր: Առիթը պետք է օգտագործել եւ լավագույնս պատրաստվել, սթափվել եւ փոխել իրավիճակը` «ուշադրության չարժանացած գրողներ, պետպատվերով անորակ եւ սահմանափակ տպաքանակով ժամանակակից հայ գրականություն` չտարածվող, ընթերցողին չհասնող»:
Բանաստեղծը նշում է, որ այսօր չունենք շուկայական տնտեսության հարմար գրական մեխանիզմներ եւ մեզանում գրական գործընթացը կապվում է Գրողների միության հետ, հրատարակիչները հիմնականում հետաքրքրված չեն կամ չեն ճանաչում ժամանակակիցենրին, ոգեւորված չեն դրանք տպագրելու, թարգմանելու գործում:
«Մինչեւ մենք չստեղծենք գրական շուկա, չենք ունենա լավ ապագա գրականության համար»,- ասում է նա:
2011 թ.-ի անելիքների մասին խոսելով` Կարեն Անտաշյանը նշեց, որ կարեւոր խնդիր է նաեւ ընթերցող ստեղծելը, քանի որ մենք չունենք ընթերցանության ավանդույթ, բայց ունենք սերիալ նայելու ավանդույթ: Հաջորդ կարեւոր խնդիրը այն է, որ մեր գրական ժառանգությունը պետք է թվայնացվի եւ ներկայացվի ինտերնետում: Երրորդ խնդիրը ժամանակակից հայ հեղինակների թարգմանությունն է ու արտահանումը, քանի որ այդ դեպքում կկարողանան հաջողությունների հասնել:
Մեկնաբանել