HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Հ. Սահակյան. «Մինչեւ տարեվերջ լրագրողների համար լավ լուրին ականջալուր չենք լինի»

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը «Հետքի» հետ զրույցում ռոմանտիկա բնութագրեց այն, որ առաջիկա օրերին Հայաստանի առաջադիմական եւ Հայաստանի երիտասարդական կուսակցությունները ԲՀԿ-ին միանալով` կարող է դրանից «Հանրապետականը» թուլանալ: Նշենք, որ նախկինում երկու կուսակցություններն էլ սատարել են ՀՀԿ-ին: «Երկուսին էլ աղոտ, մամուլից գիտեմ եւ չեմ կարող իրենց անցած ուղու մասին գնահատականներ տալ, թե ինչի համար են նման կերպ վարվել: Տեղեկատվությանը շատ քիչ եմ տիրապետում եւ այնքան էլ էական ու կարեւոր բան չէ, որ ավելի լուրջ վերաբերվենք եւ մեկնաբանենք: Մեծ, արտառոց բան չի եղել, որ ասենք, վա~յ գիտես ինչ, հետագայում լիքը խնդիրներ կլինեն… Յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն է որոշում իր քաղաքական անելիքները եւ ռազմավարությունը»,- ասում է Հովհաննես Սահակյանը: Նրա ասելով` ՀՀԿ-ն ավելի հեռուն է նայում եւ ավելի լուրջ երեւույթների եւ գործընթացների վրա է ուշադրություն դարձնում: Պատգամավորը զերծ մնաց նաեւ մեկնաբանություններից, թե արդյո՞ք ԲՀԿ-ն առաջիկայում դուրս կգա կոալիցիայից: Ըստ նրա` քանի դեռ ԲՀԿ-ն իր համագումարը չի անցկացրել եւ քաղաքական նոր շեշտադրումներ, հայտարարություններ չի արել, այս պահին չի ցանկանում որեւէ բան ասել:  «Եթե համագումարում լինեն նոր շեշտադրումներ, ապա բնական է, որ քաղաքական դաշտում որոշակի ակտիվություն, աշխուժություն եւ ուղղվածություն կմտնի, կամ կփոխվի: Իսկ եթե դա լինի հերթական համագումար, որ օրենքով սահմանված կարգով յուրաքանչյուր կուսակցություն պարտավոր է անցկացնել, եւ նոր շեշտադրումներ չհնչեն, ապա չեմ կարծում, որ ինչ որ բան կփոխվի»,- ավելացրեց պատգամավորը: Հ. Սահակյանի խոսքերով` կոալիցիան շարունակում է գործել, եւ գոնե այս պահին հիմքեր չկան ասելու, որ տարաձայնություններ կան: «Կոալիցիան իր վրա դրված բոլոր պարտականություններն ու պարտավորվածություններն իրականացնում է: Եթե քաղաքական դաշտում կան որոշակի տարաձայնություններ, կամ, լրագրողների ասած, «հրաձգություններ», ապա դա նույնպես քաղաքական դաշտին եւ ժողովրդավարական այն կանոններից է, որ քաղաքական թիմերը նաեւ ազատ են իրենց կարծիքների մեջ եւ որոշակի հարցերի շուրջ կարող են ունենալ այլ մոտեցումներ; Ինձ թվում է` մինչեւ տարեվերջ  լրագրողների համար լավ լուրին ականջալուր չենք լինի»,- ավելացրեց ՀՀԿ-ական պատգամավորը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter