HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստան. երիտասարդ հաշմանդամները մեկուսացված են հասարակությունից

Ավանդական մանկատների երիտասարդ սաները զրկված են սոցիալական ինտեգրման հնարավորությունից: 20 տարի առաջ անկախություն ձեռք բերած Հայաստանում տասնյակ երիտասարդներ, ովքեր ունեն սոցիալական ինտեգրման կարիք, մեկուսացված կյանք են վարում Խարբերդի մանկատան մասնաշենքում, քանի որ կառավարությունն անտեսում է խմբային տան մոդելը, որի օրինակով Հայաստանում գործում է «Ջերմիկ անկյուն» հաստատությունը: Երկրի 8 պետական եւ 4 բարեգործական մանկատներում ապրում են գրեթե 1000 երեխաներ, նրանցից 360-ը, ովքեր ունեն բնածին կամ ձեռքբերովի մտավոր կամ ֆիզիկական խնդիրներ` հատուկ մասնագիտացում ունեցող մանկատներում: «Բոլոր այս հաստատություններում կան երիտասարդներ, ովքեր շարունակում են այստեղ ապրել չափահաս դառնալուց հետո»,  - ասում է Ելենա Կիրակոսյանը, ով ղեկավարում է Երեւանում գործող «Ջերմիկ անկյուն»  հաստատությունը: «Ջերմիկ անկյունը» Երեւանի Աջափնյակ համայնքում տեղակայված խմբային տուն է, Հայաստանում միակը, որտեղ 2005-ից իրավաբանորեն գրանցվել եւ բնակվում են մտավոր եւ ֆիզիկական խնդիրներ ունեցող 12 երիտասարդներ. հաստատության համարյա բոլոր սաներն այստեղ են տեղափոխվել պետական մանկատներից: 1953 թվականից գործող Խարբերդի մանկատունը նախատեսված է կենտրոնական նյարդային համակարգի օրգանական եւ ֆունկցիոնալ ախտահարումներով բնածին ու ձեռքբերովի ֆիզիկական եւ մտավոր խնդիրներ ունեցող 6-18 տարեկան հաշմանդամ երեխաների խնամքի համար: Խարբերդի մանկատունը միակն է Հայաստանում եւ խիստ ծանրաբեռնված է, շինության հիմնական մասնաշենքը նախատեսված է 160 երեխաների համար, իսկ այնտեղ ապրում է 277 սան: 2007-2010 թվականներին մանկատան նոր մասնաշենքի շինարարության համար պետբյուջեով հատկացվել էր 600 մլն դրամ (մոտ 1,7 մլն դոլար): Այն նախատեսված էր տարբեր բարդության ֆիզիկական եւ մտավոր խնդիրներ ունեցող 30-40 երիտասարդի համար: Սակայն, նոր մասնաշենքում այսօր ապրում են Հայաստանի 118 չափահաս քաղաքացիներ: Մինչդեռ սա բարդացնում է նրանց հետ անհատական աշխատանքի կազմակերպումը, կառավարությունը առաջիկայում որեւէ հստակ ծրագիր չի նախատեսում հատուկ կարիքներ ունեցող այս մարդկանց համար: Խարբերդի մանկատան դաստիարակչական գծով պրոռեկտոր Իրինա Յաղուբյանն ասում է` միակ լուծումը երիտասարդների հետ անհատական աշխատանքն է, ինչն անհնար է ներկա պայմաններում: «Հույս ունենք, որ միգուցե նոր ծրագրեր կլինեն: 18 տարեկանից հետո նրանց հետ բնականաբար ուրիշ աշխատանք է տարվում: Երբ նրանք մի խմբում են գտնվում 10 տարեկանների հետ կամ երեխաների քանակը շատ է, արդեն հնարավորությունը քչանում է անհատական մոտեցում ցուցաբերելու», - ասում է Յաղուբյանը: Իշխանություններն ընդունում են, որ չեն կարողանում հատուկ պայմաններ ապահովել մանկատներում տարբեր տարիքային խմբերի մեջ մտնող սաների համար, ինչպես նաեւ նպաստել նրանց սոցիալական ինտեգրմանը` պատճառաբանելով այս ամենը ֆինանսական միջոցների պակասով: 2010-ի սեպտեմբերին Խարբերդի մանկատան նորակառույց մասնաշենքի բացմանը մասնակից Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը խոստովանել էր, որ այս խնդրին լուծում չեն տեսնում: «Խնդիրը բավական լուրջ է, եւ նույնիսկ եվրոպական երկրներում այս տիպի խնդիրները դեռեւս ամբողջովին կարգավորված չեն: Ստիպված մենք [նրանց] պահում ենք այստեղ, նույն հաստատությունում պահում ենք երեխաներին», - ասել էր նախարարը: Խարբերդի մանկատունն ապահովված է տաք եւ սառը ջրով, բավարար սանիտարահիգիենիկ պայմաններով, եւ աշխատակիցները նշում են, որ կյանքի պայմաններն այստեղ տարեցտարի բարելավվում են: Մինչ այս մասնաշենքի բացումը` մանկատան չափահաս սաների կյանքն ավելի անապահով էր: Միակ հնարավոր վայրը, ուր նրանք կարող էին տեղափոխվել` Վարդենիսի հոգեբուժական տուն-ինտերնատն էր: Սակայն մասնագետների խոսքերով` Վարդենիսում գործող այս հաստատությունում հարաբերականորեն թեթեւ հոգեկան խանգարումներով տառապող սաների համար նախատեսված անհրաժեշտ բուժում չի իրականացվում: «Վարքի խանգարում ունեցող անձիք գտնվում են սահմանային գոտում: Կարող են դրսեւորել ոչ սոցիալական վարք, ինչը չի նշանակում, թե հոգեբուժական խնդիրներ ունեն», - ասում է երեխաների հետ աշխատող անկախ արտ թերապեւտ Դիանա Գալստյանը: Այսօր «Ջերմիկ անկյունում» ապրող 12 սաներից միայն մեկն է տառապում հոգեկան խանգարմամբ. հաստատության կազմակերպիչների ջանքերով էլ նա ժամանակին տեղափոխվել է այստեղ Վարդենիսի հոգեբուժարանից: Այժմ նրան համապատասխան հոգեբանական օգնություն են տրամադրում, եւ Կիրակոսյանի խոսքերով` նրա վիճակը օրեցօր բարելավվում է: «Ջերմիկ անկյուն» խմբային տունը հիմնադրել է «Խաղաղության կորպուս» միջազգային կազմակերպության նախկին կամավոր Նաթալի Ռիզզիեռին, ով երկու տարի աշխատել է Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիրում: «Նաթալին շոկ էր ապրել` իմանալով, որ Հայաստանում թերապեւտի եւ հոգեբանի կարիք ունեցող երիտասարդները հայտնվում են «գժանոցում»», - պատմում է  «Ջերմիկ անկյան» ղեկավարներից` Օլգա Դաբաղյանը: «Ջերմիկ անկյուն» խմբային տունն աջակցում է պետությանը` մտավոր եւ ֆիզիկական սահմանափակումներ ունեցող չափահաս անձանց սոցիալական ինտեգրման գործում, սակայն ամեն տարի ֆինանսավորման հայցով դիմում է պետությանն ու օգնություն չի ստանում: Տան գործունեությունը ֆինանսավորում են արտերկրի անհատ բարեգործները: Հայաստանում կան 150 մտավոր եւ ֆիզիկական սահմանափակ կարողություններ ունեցող երիտասարդներ, ովքեր ծնողազուրկ են կամ ծնողները հրաժարվել են նրանցից: Թերապեւտ Դիանա Գալստյանը եւ «Ջերմիկ անկյան» կազմակերպիչները կարծում են` պետության համար մեծ դժվարություն չէ գնել 10-15 առանձնատուն եւ երիտասարդների սոցիալական ներառման (ինտեգրման) համար տրամադրել համապատասխան մասնագետներ: Սակայն «Ջերմիկ անկյան» տան օրինակն անտեսվում է, եւ տասնյակ երիտասարդներ առանձնացված են մնում հասարակությունից` ապրելով Խարբերդի մանկատանը: Ոչ ոք չի զբաղվում նրանց սոցիալական, անձնական ու աշխատանքային կյանքի կազմակերպմամբ: «Հնարավոր է, որ այդ խնդիրները տեղ գտնեն հաշմանդամության սոցիալական ներառման նոր օրենքում», - ասում է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության տարեցների եւ հաշմանդամների հիմնահարցերի վարչության պետի տեղակալ Անահիտ Գեւորգյանը: «Հայաստանը բավական ետ է սոցիալական ներառման եվրոպական մոդելից, բայց նպատակ ենք դրել հասնել դրան», - վստահեցնում է նա: Կարին Գրիգորյանն ազատ լրագրող է: Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից:  (www.iwpr.net) # 573,  7-ը հունվարի, 2011թ.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter