HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վրաստան. փախստականներին կրկին տեղահանում է սպասվում

Հակամարտությունների արդյունքում Աբխազիայից եւ Հարավային Օսիայից Թբիլիսի գաղթած փախստականներին պատրաստվում են վերաբնակեցնել շրջաններում: Վրաստանի իշխանությունները ծրագրում են Թբիլիսիում բնակվող հարյուրավոր փախստականներին երկրի արեւմուտքում կառուցված նոր բնակարաններ տրամադրել, չնայած վերջիններս բողոքում են, որ տեղափոխվելու դեպքում կզրկվեն գոյության միջոցներից: Փախստականների համար մշակված նոր ռազմավարության համաձայն` կառավարությունը պատրաստվում է ազատել 20 շինություն, որտեղ այսօր փախստականների շուրջ 500 ընտանիք է բնակվում: Տեղահանվածների մեծ մասը 90-ականների սկզբին տեղի ունեցած հակամարտությունների ընթացքում Հարավային Օսիայից եւ Աբխազիայից գաղթածներն են, մյուսներն այստեղ են հայտնվել 2008 թվականի ռուս-վրացական կարճատեւ հակամարտությունից հետո: Փախստականներն ասում են, որ արդեն հարմարվել են մայրաքաղաքի կյանքին եւ պնդում, որ պարտադիր վերաբնակեցման դեպքում կխախտվեն իրենց քաղաքացիական իրավունքները: «Ընտանիքիս հետ Թբիլիսիում եմ բնակվում 1993 թվականից: Երեխաներս սովորում եւ աշխատում են մայրաքաղաքում: Գաղափար անգամ չունեմ, թե ինչ ենք անելու, եթե մեզ շրջաններում վերաբնակեցնեն: Այնտեղ ո´չ աշխատանք կա, ո´չ բուհ», - դժգոհում է Աբխազիայից փախստական Լեւան Գվարամիան, ով մասնակցում էր հունվարի 12-ին խորհրդարանի մոտ տեղի ունեցած փոքր բողոքի ցույցին: Ներքին տեղահանված անձանց (ՆՏԱ) վերաբնակեցման գործընթացը սկսվեց 2010 թվականի հունիսին, ինչի արդյունքում ավելի քան 5000 փախստականներ ստիպված եղան լքել Թբիլիսին: Սակայն իշխանությունները ստիպված եղան դադարեցնել գործընթացը տեղական եւ միջազգային կազմակերպությունների ճնշման ներքո, որոնք պնդում էին, որ վերաբնակեցումն ապօրինի բնույթ էր կրում: ՄԱԿ-ի Փախստականների գծով գերագույն հանձնակատարի գրասենյակի օգնությամբ կառավարությունը նոր ծրագիր մշակեց, որը հաստատվեց սեպտեմբերին: Պաշտոնական օղակները պնդում են, որ Վրաստանի օրենսդրությունը թույլ է տալիս հարկադրաբար վերաբնակեցնել ՆՏԱ-ներին, եթե վերջիններս հրաժարվում են կամովին հեռանալ: Այնուամենայնիվ, մարդու իրավունքների բազմաթիվ ակտիվիստներ փախստականներին վատ կենսապայմաններով եւ աշխատանք գտնելու սահմանափակ հնարավորություններով շրջաններ տեղափոխելը նրանց իրավունքների խախտում են համարում: «Թբիլիսիում շատ տարիներ ապրած փախստականներին շրջաններում վերաբնակեցնելը փախստականների մասին օրենքի խախտում է: Օրենքը նախատեսում է, որ վերաբնակեցումը… թույլատրելի է միայն այն դեպքում, եթե փախստականները համարժեք բնակարանային պայմաններով են ապահովվում [եւ] նրանց կենսապայմանները չեն վատթարանում», - նշում է Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ Նոնա Կուրդովանիձեն: «Իհարկե, օրենքում ուղղակիորեն նշված չէ, որ փախստականներին շրջաններում վերաբնակեցնելը նրանց կենսապայմանների վատթարացում է նշանակում, սակայն ինքնըստինքյան հասկանալի է, որ շրջաններում նրանք աշխատանք գտնելու քիչ հնարավորություններ կունենան, ինչը կազդի նրանց կենսապայմանների վրա»: Ընդդիմության ներկայացուցիչներն իրենց հերթին մեղադրում են կառավարությանը բնակչության ամենաանապահով խավին աջակցություն չտրամադրելու մեջ: «Շրջաններում փախստականները քաղցած կյանք են վարելու: Դժբախտաբար, իշխանությունները նրանց չեն ապահովում աշխատանքով եւ հողով` թողնելով նրանց վճարվող 28 լարի չնչին գումարի հույսին: Այս մարդիկ երկար ժամանակ Թբիլիսիում են ապրել եւ քիչ թե շատ հարմարվել են մայրաքաղաքի կյանքին: Նրանց շրջաններ տեղափոխելը, ըստ էության, երկրորդ տեղահանումը կլինի», - ասում է ընդդիմադիր Պահպանողական կուսակցության ներկայացուցիչ Լաշա Չխարթիշվիլին: Իսկ ընդդիմադիր «Քարթուլի Դասի» կուսակցության առաջնորդ Ջոնդի Բագատուրիան այս ծրագիրն «անպատասխանատու եւ ցինիկ» է որակում: «Փաստացիորեն նրանք հարկադրաբար սեփական քաղաքացիներին երկրի մի հատվածից մյուսն են տեղափոխում: Սա ազգային եւ միջազգային օրենքների կոպիտ խախտում է», - ասում է նա: Փախստականների եւ վերաբնակեցման հարցերով նախարարության փախստականների բնակեցման վարչության պետ Վալերի Կոպալեիշվիլու խոսքերով` կառավարությունը չի կարող բոլոր փախստականներին պահել մայրաքաղաքում: «Նախարարությունը գործում է Բռնի տեղահանված անձանց եւ փախստականների համար մշակված 2009-2012թթ. պետական ռազմավարության համաձայն: Ռազմավարությունը նախատեսում է երկարաժամկետ կտրվածքով փախստականների բնակեցում: Հազարավոր փախստականներ արդեն բնակարան են ստացել Թբիլիսիում, սակայն դժբախտաբար, մյուսները պետք է շրջաններ տեղափոխվեն: Բնականաբար, մայրաքաղաքում հնարավոր չէ տեղավորել բոլոր փախստականներին»,  - ասում է նա: Կոպալեիշվիլու խոսքերով` փախստականներն իրենք են գրավել այս շենքերը, եւ ժամանակն է` վերադարձնել դրանք իրենց օրինական տերերին: «Այս շենքերը մասնավոր սեփականություն են համարվում, եւ փախստականների վերաբնակեցման գործընթացը լիովին համապատասխանում է օրենքին», - նշում է նա: Սակայն, դատելով անցյալ տարվա ամռան փորձից, փախստականներից շատերը կնախընտրեն վերադառնալ մայրաքաղաք, նույնիսկ եթե զրկված լինեն իրենց նախկին բնակարաններից: «Թբիլիսիում առանձնապես ճոխ կյանքով չեն ապրում, բայց ես սեփական աչքերով եմ տեսել շրջանների դրությունը, որտեղ փախստականներին բնակարաններ են տրամադրում: 2010 թվականի ամռանն ինձ Թբիլիսիից տեղափոխեցին Վրաստանի արեւմուտքում գտնվող Պոցխոեցերի գյուղը` թողնելով ինձ առանց գոյության միջոցների: Ես 20 տարի շարունակ ապրել ու աշխատել եմ Թբիլիսիում եւ պատկերացում անգամ չունեի, թե ինչ պետք է անեի այնտեղ, այդ պատճառով էլ հետ վերադարձա», - ասում է Աբխազիայից փախստական Մադոննա Վեկուան: «Բացի այդ, առողջական վիճակս վատացավ գյուղում, որտեղ ո´չ դեղ կար, ո´չ էլ նորմալ հիվանդանոց»: Պարզ չէ, թե վերաբնակեցման երկրորդ ալիքը երբ կսկսվի: Պաշտոնական օղակների հայտարարությունների համաձայն` փախստականները տեղյակ են իրենց սպասվող վերաբնակեցման մասին, նրանց արդեն իսկ երկարաժամկետ կտրվածքով բնակարաններ են առաջարկվել. նրանց մնում է միայն ընտրել: Կոպալեիշվիլու խոսքերով` նախարարությունը ոչ ոքի փողոցում չի թողնի: «Այն մարդիկ, ովքեր օբյեկտիվ պատճառներով չեն ցանկանում հեռանալ Թբիլիսիից, կարող են մնալ մայրաքաղաքում եւ տեղափոխվել իրենց բարեկամների տները, իսկ եթե դա էլ չեն կարող անել, ապա պետք է գնան Պոցխոեցերի: Ուրիշ ոչինչ առաջարկել չենք կարող», - ասում է նա: Շորենա Լաթաթիան ազատ լրագրող է Վրաստանում: Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից:  (www.iwpr.net) # 574, 15-ը հունվարի, 2011 թ.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter