HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իսլամիստներին հալածում են Ադրբեջանում

Ադրբեջանում Իսլամիստական կուսակցության ակտիվիստների ձերբակալությունները սկսվել են այն ժամանակ, երբ նրանց առաջնորդը երկրի նախագահին չարագործ է անվանել: Ադրբեջանի Իսլամիստական կուսակցության մի շարք ակտիվիստներ են ձերբակալվել, երբ նրանց առաջնորդը համեմատել է նախագահ Իլհամ Ալիեւին շիաների պատմության մեջ ամենաատելի անձնավորություններից մեկի հետ: Հունվարի 7-ին ձերբակալվել են Ադրբեջանի Իսլամիստական կուսակցության առաջնորդ Մովսում Սամեդովը, նրա տեղակալ Վագիֆ Աբդուլլաեւը, վարորդ Միրհուսեյն Քազիմովը եւ կուսակցության ակտիվիստ Էլչին Հասանովը: Ներքին գործերի նախարարության եւ գլխավոր դատախազության հայտարարությունների համաձայն` նրանք կասկածվում են ահաբեկչական հարձակումներ ծրագրելու մեջ: Իսլամիստական կուսակցության անդամներին 10-15 օրվա ազատազրկման են դատապարտել` ոստիկանությանը դիմադրություն ցույց տալու համար: Սակայն այսքանով ձերբակալությունները չեն ավարտվել: Հունվարի 10-ին բանտարկվել են աստվածաբան Զուլֆուգար Միքայիլզադեն եւ «Ազգային բարոյական արժեքներ» կազմակերպության նախագահ Մեհդի Մամեդովը, ինչպես նաեւ` Իսլամիստական կուսակցության մի շարք այլ ակտիվիստներ: Հունվարի 11-ին Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը եւ գլխավոր դատախազությունը հայտարարել են, որ Սամեդովի ձերբակալված երկու զարմիկների տներում ոստիկանությունը ձեռքի նռնակներ եւ փամփուշտներ է հայտնաբերել: Վերլուծաբանների կարծիքով`այս ձերբակալությունների պատճառը հունվարի 2-ին տեղի ունեցած Սամեդովի ելույթն է եղել: YouTube-ում լայնորեն շրջանառվող տեսահոլովակներում Սամեդովը քննադատում էր դպրոցներում աշակերտուհիների` հիջաբ կրելու վերաբերյալ արգելքը, պաշտոնական օղակներում տարածված կոռուպցիան եւ խոսքի ազատության սահմանափակումները: Այնուամենայնիվ, Սամեդովի ելույթի ամենավիճահարույցը մասը վերաբերում էր երկրի նախագահին: Իսլամիստական կուսակցության առաջնորդը 2003-ին նախագահի պաշտոնը հորից ժառանգած Իլհամ Ալիեւին համեմատել էր Եզիդ իբն Մուավիայի հետ, ում ղեկավարած ուժերը ժամանակին սպանել էին Մուհամմեդ մարգարեի թոռ Հուսեյնին`ինչի արդյունքում մահմեդականները բաժանվեցին սուննիների եւ շիաների: «Իլհամ Ալիեւը կուռքի է վերածել իր հորը եւ ստիպում է ժողովրդին պաշտել նրան: Սակայն Ադրբեջանի բնակչության մեծամասնությունը մահմեդական է եւ պետք է պայքար սկսի այս անգութ ռեժիմի դեմ` վերջ տալով Եզիդին հիշեցնող այս մարդու իշխանությանը», - հայտարարել էր Սամեդովը: Ադրբեջանի բնակչության մեծամասնությունը կազմում են շիաները, ինչպես եւ հարեւան Իրանում: Վերլուծաբանների խոսքերով` անցյալ տարվա ընտրությունների ժամանակ իշխանությունները համարյա ոչնչացրել էին աշխարհիկ ընդդիմությանը, երբ այն ներկայացնող երկու գլխավոր կուսակցություններին չէր հաջողվել անցնել խորհրդարան, իսկ այժմ ուշադրությունը սեւեռել են իսլամիստական ուժերի վրա: «2010 թվականի ընտրությունների ժամանակ տեղ գտած կեղծումների հետեւանքով` ընդդիմության ոչ մի ներկայացուցիչ չկարողացավ մուտք գործել խորհրդարան: Եթե իշխանությունները նպատակադրվել են ոչնչացնել քաղաքակիրթ, աշխարհիկ ընդդիմությունը, ապա պետք է պատրաստ լինեն դրա փոխարեն կրոնական կամ էթնիկական քաղաքական ուժերի ի հայտ գալուն», - կարծիք է հայտնել «Ատլաս» հետազոտական կենտրոնի տնօրեն Էլխան Շահինօղլուն: Սամեդովն ակտիվ գործունեություն է իրականացնում քաղաքական ասպարեզում 1993 թվականից: 1996-97 թթ. նա սովորել է շիաների գլխավոր կրոնական կենտրոնում, որը գտնվում է իրանական Քոմ քաղաքում, իսկ 2007 թվականից գլխավորում է Ադրբեջանի Իսլամիստական կուսակցությունը: Ձերբակալված իսլամիստական բոլոր ակտիվիստները գտնվում են Բաքվի բանտում, մինչդեռ Սամեդովի ձերբակալության վայրն իշխանությունները գաղտնի են պահում: Ներքին գործերի նախարարության մամլո խոսնակ Էհսան Զահիդովը մերժել է մեկնաբանություններ տալ Սամեդովի գտնվելու վայրի, ինչպես նաեւ` նրան սպառնող կտտանքների մասին ենթադրությունների վերաբերյալ: Ադրբեջանի պաշտոնական մահմեդական կառույցը, որը մոտ է իշխանություններին, հայտարարություն է տարածել` բացեիբաց մեղադրելով Սամեդովին: «Մովսում Սամեդովի մեկնաբանությունները… բողոքի ալիք են բարձրացրել երկրի հավատացյալների շրջանում: Այս մեկնաբանություններն ուղղված են ժողովրդի եւ պետության դեմ եւ նպատակադրված են հասարակական լարվածություն ստեղծել: Հավատացյալները չեն հանդուրժի այն դիտողությունները, որոնք ուղղված են ընդդեմ Իլհամ Ալիեւի, ով հետեւել է մեծն Հեյդար Ալիեւի օրինակին` լուսավորելով ադրբեջանական պետությունը եւ ժողովրդին իր գիտակցական ողջ կյանքի ընթացքում», - նշվում է հայտարարության մեջ: Հայտնի քաղաքագետ եւ Բաքվի Լրագրության դպրոցի տնօրեն Զարդուշտ Ալիզադեն ձերբակալված իսլամիստներին քաղաքական բանտարկյալներ է համարում: «Ժողովրդին հնարավոր չէ խաբել. այս մարդիկ ահաբեկիչներ չեն: Նրանք ձերբակալվել են Մովսում Սամեդովի կտրուկ մեկնաբանությունների պատճառով: Իշխանությունները ցանկանում են ահաբեկել ընդդիմության կողմնակիցներին, ովքեր քննադատաբար են վերաբերվում իրենց քայլերին», -  ասում է նա: Սակայն ոմանց կարծիքով` Իսլամիստական կուսակցությունը նպատակ ունի վերջ տալ Ադրբեջանի` որպես աշխարհիկ պետության գոյությանը: «Ադրբեջանի Իսլամիստական կուսակցությունը եւ նրա անդամները կիսում են Իրանի Իսլամական Հանրապետության տեսակետները: Կուսակցության գլխավոր նպատակն է` Ադրբեջանն Իրանի նման պետություն դարձնելը: Ոչ բոլորն են ընդունում այն փաստը, որ երկրում հզոր իսլամիստական ընդդիմություն է ձեւավորվել, որը հանդես է գալիս ոչ միայն Ալիեւի ռեժիմի, այլ նաեւ բոլոր արեւմտյան արժեքների դեմ», - նշում է Շահինօղլուն: Իդրակ Աբբասովը «Ayna-Zerkalo» թերթի թղթակիցն է: Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից:  www.iwpr.net # 574, 15-ը հունվարի, 2011թ.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter