HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նոր նախաձեռնողականության կիպրոսյան էֆեկտը

Արմեն Առաքելյան Պաշտոնական Երեւանը երբեք այնպիսի սկզբունքային դիրքորոշումներ չէր հայտնել հայ-թուրքական հաշտեցման գործընթացի վերաբերյալ, ինչպիսիք առկա էին Կիպրոսի Ներկայացուցիչների պալատում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հնչեցրած ելույթում: Սակայն որքան կարեւոր էր այդ հայտարարությունների բովանդակությունը, նույնքան էական էր, թե հատկապես որտեղ, ինչ ամբիոնից էին դրանք արվում: Ըստ էության, Կիպրոսում Հայաստանը փորձեց դնել ցյուրիխյան արձանագրությունների կամ այսպես կոչված` ֆուտբոլային դիվանագիտության տապանաքարը: Նախագահի արած շեշտադրումները Հայաստան-Թուրքիա հարաբերությունների` «փակուղում գտնվելու» մասին, ինչպես նաեւ Անկարային ուղղված մեղադրանքները` ստանձնած պարտավորություններից հրաժարվելու եւ գործընթացից առաջ որդեգրած հին դիրքերին վերադառնալու մասին, պարզորոշ դարձրին, որ Երեւանը ձգտում է այդ էջը վերջնականապես փակելու համար միջազգային հանրության մոտ համապատասխան ընկալում ձեւավորել: Չի կարելի բացառել, որ նման մեկնաբանություններն ուղղված են առհասարակ արձանագրություններից միակողմանիորեն ստորագրությունը ետ վերցնելուն, որը Սերժ Սարգսյանը չհամարձակվեց անել անցած տարվա ապրիլին, երբ հայտարարում էր դրանք սառեցնելու մասին: Կիպրոսյան ելույթը անուղղակի կերպով արած դիվանագիտական կոպիտ սխալի խոստովանություն էր, որովհետեւ Թուրքիան ոչ թե վերադարձել էր հին դիրքերին, այսինքն` նախապայմաններին, այլ հենց սկզբից չէր դավաճանել այդ քաղաքականությանը: Թուրքիային ուղղված հանդիմանությունները Սերժ Սարգսյանը չհնչեցրեց ոչ Երեւանից, ոչ էլ միջազգային ինչ-որ կազմակերպության ամբիոնից: Դրա փոխարեն նախընտրեց Կիպրոսը, մի երկիր, որը գրեթե թշնամական հարաբերություններ ունի Թուրքիայի հետ: Ավելին, ՀՀ նախագահն ամեն ինչ արեց, որ այդ այցն ընկալվի որպես Թուրքիայի դեմ Հայաստան-Կիպրոս-Հունաստան տանդեմի, ընդհուպ` դաշինքի ստեղծման նախերգանք: Մասնավորապես` նա իր ելույթում ուղղակի հայտարարեց. «Հայերն ու կիպրոսցիները ոչ միայն բարեկամներ եւ եղբայրներ են, այլեւ բնական դաշնակիցներ, եւ մենք հավատարիմ ենք այդ դաշինքին»: Իր հավատարմությունը Երեւանն արտահայտեց` սեփական տարածքային ամբողջականությունը վերականգնելու Կիպրոսի քաղաքականությունը պաշտպանելով: «Հայաստանը երբեք չի ընդունել եւ չի ընդունի եղբայրական Կիպրոսը մասնատելու որեւէ փորձ: Մենք երբեք չենք համակերպվել եւ չենք էլ համակերպվելու մեր այս բարեկամ երկրի հյուսիսի գրավման հետ»,- բառացիորեն ասաց Սերժ Սարգսյանը: Դաշինքի ստեղծման ուղղակի վկայությունը, ավելի ճիշտ` դրա ցուցադրությունն էին նաեւ Կիպրոսի հետ ռազմական եւ տեխնիկական բնագավառում համագործակցությունն ընդլայնելու ընդհանուր նպատակի ամրագրումը Նիկոսիայում ստորագրված հռչակագրով եւ Աթենքում «ՀՀ պաշտպանության նախարարության եւ Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարության միջեւ ռազմական համագործակցության վերաբերյալ համաձայնագրի» ստորագրումը: Պաշտոնական Անկարան առայժմ չի արձագանքել հունական երկրներում Սարգսյանի արած հայտարարություններին ու ձեռք բերված համաձայնություններին: Սակայն թուրքերը հասկացել են Սերժ Սարգսյանի` Կիպրոս եւ Հունաստան այցելությունների նպատակը եւ այնտեղից իրենց հղված ուղերձները: Թուրքական մամուլը, մասնավորապես CNNTurk-ն արդեն գրում է, թե հայերն ու հույները միավորվում են ընդդեմ Թուրքիայի: Լրատվամիջոցներին առանձնապես հետաքրքրել է Կիպրոսում Սարգսյանի արտահայտած այն միտքը, թե Թուրքիայի` ԵՄ-ին անդամակցության նպատակներն անցնում են «սեփական անցյալի եւ հարեւանների հետ քաղաքակիրթ գործակցության ճանապարհներով»: Ըստ էության, կարելի է ասել` Հայաստանը փոխում է իր արտաքին նախաձեռնողական քաղաքականության վեկտորները, որոնք ուղղված են ֆուտբոլային դիվանագիտության արդյունքում ստեղծված մեղմ ասած խիստ անհարմար իրավիճակից դուրս գալուն: Հայաստան-Կիպրոս-Հունաստան տանդեմն, իհարկե, լուրջ անհանգստություն չի կարող պատճառել Անկարային: Կիպրոսը դեռեւս այնպիսի ազդեցություն չունի համաշխարհային քաղաքականության վրա, որ ազդի Անկարայի վարքագծի վրա, իսկ Հունաստանը չի կարող շրջանցել ՆԱՏՕ-ի շրջանակներում Թուրքիայի հետ համագործակցելու եւ Անկարայից էներգետիկ կախվածության իրողությունները: Դրանք Անկարայի ձեռքին թե Կիպրոսին եւ թե Հունաստանին զսպող լծակներ են: Այս ամենի ֆոնին շատ ավելի է ընդգծվում Թուրքիայի հետ ստորագրված արձանագրություններից, անգամ հարաբերություններն էլ ավելի վատացնելու գնով, ձերբազատվելու` Հայաստանի որդեգրած նոր քաղաքականությունը: Այն նպատակաուղղված է առաջին հերթին զսպելու Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա ազդելու` Թուրքիայի նկրտումները, «մանդատ», որն Անկարային տվեց հենց Հայաստանը` ստորագրելով տխրահռչակ արձանագրությունները: Այսպիսի վիրտուալ դաշինքներ ստեղծելու միջոցով Հայաստանը նաեւ փորձում է ԼՂ հարցում պրոհայկական ընկալումներ ձեւավորել միջազգային հանրության մոտ եւ հատկապես հիմքեր ստեղծել ԼՂ հիմնահարցի հետ կապված ԵՄ-ում, ՄԱԿ-ում եւ ԵԱՀԿ-ում հունական կողմի աջակցությունը ստանալու համար: Այս տեսակետից Սարգսյանի այցերը Կիպրոս եւ Հունաստան, ինչպես նաեւ արած շեշտադրումները նպատակային էին: Դա վերաբերում է թե ռազմական համագործակցության խորացմանը, որի թիրախը թուրք-ադրբեջանական ռազմաստրատեգիական գործակցությանը հակակշռելն է, եւ ԼՂ հարցը ղարաբաղցիների կամարտահայտման կամ ինքնորոշման սկզբունքի հիման վրա լուծելու գաղափարի ընդունումը Կիպրոսի կողմից: Սակայն իր այս նոր քաղաքականության մեջ Երեւանը պետք է չափազանց զգույշ լինի` չտրվելու ծայրահեղության մեջ ընկնելու գայթակղությանը կամ հերթական անգամ չդառնալու գործիք գերտերությունների ձեռքին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter