HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սուս կենալով մեր կյանքն ենք կրճատում

Մերի Սողոմոնյան Հայ բնապահպանները մտահոգված են Սյունիքի մարզկենտրոն Կապանում «Դինո գոլդ մայնինգ» ընկերության կողմից բազմամետաղային հանքի բաց եղանակով շահագործման նախագծի առնչությամբ: Սյունիքի մարզկենտրոն Կապանում «Դինո գոլդ մայնինգ» ՓԲԸ-ի Շահումյանի բազմամետաղային հանքի բաց եղանակով շահագործումը մեծ աղետ կլինի տարածաշրջանի համար: Այս մասին ահազանգում են են ոչ միայն բնապահպանները: Հանքի բաց եղանակով հնարավոր շահագործումը արդեն դարձել է բնակչության անհանգստության ու մտահոգության պատճառ: Կապանի բնակչությունն առանց այն էլ տուժում է տարածաշրջանում գործող կոմբինատների գործունեության հետեւանքով  առաջացած  ազդեցություններից: «Մի կողմից` Քաջարանի կոմբինատը, մյուս կողմից` Կապանի կոմբինատը, ամբողջ ընթացքում ճառագայթների քթի տակ ենք, եթե էս շրջանում մի առողջ մարդ գտնես, չհավատաս: Սուս ենք մնում, ասում ենք` գոնե աշխատատեղ կա, մարդիկ աշխատում են, յոլա գնում: Մեծ մասը կոմբինատում է աշխատում, բա որ էդ էլ փակվի, ի՞նչ կլինի ժողովրդի վիճակը, բայց դե սուս կենալով մեր կյանքն ենք կրճատում, մեր առողջությունը հեչ անում: Հիմա էլ ասում են Քաջարանի նման Կապանում էլ ուզում են բաց հանք շահագործեն, չգիտեմ` ինչ են մտածում էս ժողովրդի համար: Մեծ-փոքր` բոլորը բողոքում են առողջությունից, հղիների մոտ  վիժումները շատացել են: Մեծ եղբայրս ամբողջ օրը Ռուսաստանից զանգում է, թե փող եմ ուղարկում, վեր կացեք եկեղ այստեղ, էդտեղ ապրելու տեղ չի արդեն, ես էլ չեմ ուզում գնալ, ստիպված մնում ենք մեր առողջությունը քայքայում»,- ասում է Կապանի 40-ամյա բնակչուհի Սաթենիկը: Բնապահպանական հասարակական կազմակերպություններն էլ իրենց հերթին ահազանգում են` հայտնելով, որ բաց եղանակով հանքի շահագործումն անթույլատրելի է տարածաշրջանի համար, եւ քայլեր են անհրաժեշտ նախագիծը կյանքի չկոչելու եւ այդ տարածքում հազարավոր ծառեր չոչնչացնելու համար: Բնապահպանական ՀԿ-ները պատրաստվում են նամակով դիմել Եվրոպական զարգացման բանկին եւ այն բոլոր կառույցներին, որոնք պատրաստվում են ներդրումներ անել, վարկեր տրամադրել «Դինո գոլդ»-ին նախագծի իրականացման համար: Մի նամակ էլ նախատեսվում է հասցեագրել Կանադայի վարչապետին, որպեսզի դիմեն «Dandee Precious Metals» կանադական ընկերությանը, որին պատկանում է «Դինո գոլդ»-ը, բնապահպանական նման աղետալի նախագծի իրականացումը Հայաստանի տարածքում չթույլատրելու համար: Հենվելով փաստերի վրա` բնապահպանները նշում են, որ բաց հանքի շահագործման դեպքում պայթեցումների ու հորատումների փոշին ամբողջությամբ նստելու է հանքավայրից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա գտնվող Կապան քաղաքի վրա: «Կապանի ողջ բնակչությունը շնչելու է այդ փոշին: Ստորգետնյա համակարգով աշխատելը թանկ է, բայց այդ եղանակով շահագործման դեպքում քաղաքին, բնակչությանը, շրջակա միջավայրին մեծ վնաս չի հասցվում: Մենք պարծենում ենք մեր բնությամբ, քաղաքի  գեղեցկությամբ, օդի մաքրությամբ, բայց սրանով կապականվի մեր քաղաքը: Եթե էսօր սեփականատերերն ընկնում են գերշահույթի հետեւից` անտեսելով մարդկանց  առողջությունը, դա ընդունելի չէ մեզ համար: Էլի թող շահույթ ստանան, բայց դա կապված չլինի բնակչության առողջության հետ: Մեր քաղաքապետը, ինչպես նաեւ Կառավարությունը պետք է մտածեն ժողովրդի մասին: Բացի այդ, Շահումյան բանավանի տարածքում բազմաթիվ պտղատու ծառատեսակներ կան, որոնք Կարմիր գրքում են գրանցված, նախագծի իրականացման դեպքում հազարավոր պտղատու ծառատեսակներ կոչնչացվեն: Սրանք մտահոգվելու մեծ առիթներ են»,- ասում է «Խուստուփ» բնապահպանական ՀԿ նախագահ Վլադիկ Մարտիրոսյանը: Չնայած թեժ քննարկումներին, «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲ ընկերությունից ասում են, որ վաղաժամ է խոսել Շահումյանի ոսկու բազմամետաղային հանքավայրի բաց եղանակով շահագործման մասին, քանի որ տարածքում դեռ հետախուզական աշխատանքներ են ընթանում, իսկ բաց հանքի նախագիծ որպես այդպիսին գոյություն չունի: «Դեռ նոր ենք հետախուզական աշխատանքները վերսկսել այնտեղ, որ տեսնենք` անհրաժեշտ պոտենցիալ, պաշարներ կա՞ն, հետո արդեն պարզ կլինի` հանքի նախագիծ կլինի՞, թե՞ ոչ: Արդյունքների հիման վրա կկազմվի նախագիծ: Մեկ տարուց ավելի կտեւեն հետախուզական աշխատանքները: Ինչ վերաբերում է ծառերին, կարող եմ ասել, որ մենք բոլորը գնել ենք, ծառահատումներ մասնակի են եղել, միայն այն տարածքներում են ծառեր հատվել, որտեղ հորատումներ, հետախուզական աշխատանքներ են տարվում այժմ: Մնացածի հատումը  կպարզվի նախագծի իրականացման փուլում, եւ դա կարվի օրենքի շրջանակում: Էս պահին դրա մասին խոսելը վաղաժամ է: Դեռ չգիտենք` կտրելո՞ւ ենք, թե՞ ոչ, բայց հարցն արդեն հասարակական հնչեղություն է ստացել: Թիվ չեմ կարող ասել, բայց 50 հազար ծառը չափազանցված է: Մենք Կառավարություն նախագիծ ենք ուղարկել, բայց այդ նախագիծը բաց հանքի շահագործման հետ կապ չունի, մեր ներկայացրած նախագիծը ստորգետնյա մշակման եղանակով հանքի շահագործման մասին է: Հանքի նախագիծ հիմա չի էլ կարող լինել, եթե դեռ նոր ենք հորատումներ սկսել ու դրա հիման վրա պիտի կազմվի»,- տեղեկացնում է «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ-ի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նորայր Աղայանը: Նախկինում հետախուզական աշխատանքներ այդ տեղանքում կատարվել են, սակայն նախատեսված աշխատանքների մի մասն է արվել: Ամբողջ տարածքում հնարավոր չի եղել հետախուզություն անել, որովհետեւ բանավանում մարդիկ էին ապրում, այգիներ մշակում, իսկ այժմ առք ու վաճառքի պայմանագրով բնակիչներից այդ տարածքները ձեռքբերելուց հետո ընկերությունը որոշել է հետախուզական աշխատանքները վերսկսել եւ շարունակել մյուս հատվածներում: Վեց երեխաների մայր Անահիտ Վանյանը Շահումյան բանավանում հողատարածք եւ պտղատու ծառեր ուներ, մշակում էր եւ իր բազմանդամ ընտանիքը կերակրում այգուց ստացված բարիքներով, սակայն այսօր զրկվել է այդ հնարավորությունից: «Հողամաս ունենք, բայց դե կոմբինատը ահագին տեղ վերցրել ա, ոչ մի ծառ չունենք, ծառերը սաղ կտրել են, բալի, հոնի ծառեր ունեինք: Կոնցենտրատը մի անգամ բացվել էր, եկել ամբողջ հողամասը հեչ արել, հիմա մեզ մնացած էն մի կտոր տարածքը պիտի նորից  մշակվի, որ էն եղած հողակտորից նորից կարողանանք բերք ստանանք»,- ասում է Անահիտը: Որոշ ընտանիքներ շարունակում են ապրել Շահումյան բանավանում: Նորայր Աղայանի խոսքով, մարդկանց թույլատրել, ընդառաջել են, քանի որ այդ հատվածներում դեռ հետախուզություն չեն անում, մինչեւ այդ հատվածներում հորատումներ սկսելը շահումյանցիները կարող են բնակվել: Նախատեսված հետախուզական աշխատանքներն ավարտելուց հետո «Դինո գոլդ»-ը հանդես կգա հայտարարությամբ: Ըստ Նորայր Աղայանի` անհրաժեշտ պաշարների առկայության դեպքում բաց հանքի շահագործման նախագծի վերաբերյալ հասարակական լսումներ եւ քննարկումներ կկազմակերպվեն, եւ հաշվի կառնվի բնակչության տեսակետը, բայց դա միայն հետախուզական աշխատանքների ավարտից հետո:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter