Իրադրության ե'ւ տերը, ե'ւ թելադրողը մե՞նք ենք
ՀՀԿ խմբակցության ԱԺ պատգամավոր Հովհաննես Սահակյանը եւ «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Կարինե Հակոբյանը այսօր բանավիճում էին արտաքին քաղաքականության շուրջ: Անդրադառնալով նախագահ Սերժ Սարգսյանի` Կիպրոս եւ Հունաստան կատարած այցերին ու ելույթներին եւ դրանց համատեքստում հայ-թուրքական հարաբերություններին` Կարինե Հակոբյանը նշեց, որ հայ-թուրքական հարաբերությունները չեն կարող ոչ սկսվել,
ոչ ավարտվել մեկ այցով, քանի որ շատ խորը արմատներ ունեն. «Ռազմավարությունն է փոխվել, կրավորական պահվածքը` նստելը, սպասելը, պատասխան տալու գործելաոճը միշտ էլ սխալ ենք համարել: Թուրքիայի ամբողջ գործելակերպը հիմնված է կեղծ պահանջատիրության վրա, իսկ մենք, որ այդքան իրավունքներ ունենք, չենք կարողանում արժանավայել պաշտպանել դրանք»,- ասում է նա:
Բանախոսի կարծիքով`մենք չունենք արտաքին քաղաքականություն, միայն պատասխան ենք տալիս, նախաձեռնող չենք, մինչդեռ քաղաքականությունը այն է, երբ դու ինքդ ես որոշում քո քայլերը, նախապես ես որոշում, ոչ թե սպասում` բոլորը որոշեն, նոր պատասխան տաս: Իսկ ԱԺ պատգամավոր Հովհաննես Սահակյանը կարեւորեց այն, որ Կիպրոսի նախագահը նշել է, որ այդ հարաբերությունները սառեցվել են թուրքական կողմի նախապայմաններ առաջ քաշելու պատճառով: Ինչպես նաեւ շեշտեց, որ առաջին անգամ Կիպրոսը գրավոր ձեւով հաստատեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հիման վրա Մինսկի նախագահների աջակցությամբ: Պատգամավորը սա համարեց 2011թ. արտաքին քաղաքականության համար նոր ազդակ:
Հակադարձելով Կարիեն Հակոբյանին` Հովհաննես Սահակյանը վստահորեն նշեց, որ իրադրության ե'ւ տերը, ե'ւ թելադրողը մենք ենք. «Հիշեցնեմ, որ առաջինը Հայաստանն է առկախել արձանագրությունների գործընթացը: Եթե մենք տուրք տայինք Թուրքիայի նախապայմաններին, մենք կընդունեինք, որ Թուրքիան հզոր պետություն է տարածաշրջանում»: Կարինե Հակոբյանը համոզված է, որ մեր արտաքին քաղաքականությունը ներքին քաղաքականության շարունակությունն է, իսկ մեր ԱԳՆ-ն այդքան ռեսուրս չունի, որ լուծի այդ հարցերը, որոնք պետք է տեղափոխվեն իրավական ոլորտ. «Այսպիսի կոռումպացված երկիրը չի կարող ոչ մի ոլորտում հարց լուծել, այդ թվում` ԼՂՀ հարցը և հայ-թուրքական գործընթացը: Պատճառ մեզանում է, մեր անկախության չափից ավելի նվազ մակարդակի հետ է պետք կապել, գնալով մենք հետ ենք նահանջում հենց մեր ինքնիշխան երկիր լինելու ոլորտից»: Անդրադառնալով ղարաբաղյան հարցին` Հովհաննես Սահակյանը նշեց, որ դրա հետ կապված խնդիրներ չկան, ասել եւ ասելու են` ԼՂՀ-ն պետք է լինի անկախ եւ չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Իսկ այն, որ Լեռնային Ղարաբաղը վերջերս Freedom house-ի կողմից ճանաչվել է «ոչ ազատ» երկիր. ՀՀԿ-ական պատգամավորը նշեց, որ իր համար անհասկանալի է միջազգային գործընկերների դիրքորոշումը, քանի որ եթե ընդդիմադիր հատված չկա, դա դեռ չի նշանակում, որ ժողովրդավար չէ:
«Դուք սխալ պատկերացում ունեք ընդդիմության մասին: Առանց ընդդիմության ժողովրդավար երկիր չի կարող լինել, ընդդիմությունը պետք է օգնի իշխանությանն իր առողջ քննադատությամբ: Արցախում այսօր շատ խնդիրներ կան, կա արտագաղթ, Արցախը բնակեցված չէ»,- ասաց Կարինե Հակոբյանը: Խոսելով հայաստանյան ընդդիմադիր ուժերից`Կարինե Հակոբյանն ասաց, որ հնարավոր է և ցանկալի է, որ ընդդիմադիր բոլոր ուժերն ընտրությունների գնան միասնական ուժերով, բայց դա շատ բարդ խնդիր է, քանի որ նրանք բոլորն ունեն տարբեր ընտրազանգված: Օրինակ` նրա խոսքերով, երբ «Ժասռանգությունը» սատարեց Լեւոն Տեր- Պետրոսյանին, կուսակցության շատ անդամներ դիմում գրեցին եւ դուրս եկան:
«Եթե կարելի է բոլոր տարաձայնությունները մոռանալ, ապա դա շատ լավ է, բայց դա կախված է նաեւ հասարակության դիրքորոշումից: Կուսակցությունները նաեւ հասարակական պահանջին են գնում ընդառաջ: Ընդդիմությունն, ի տարբերություն իշխանության, բաժանելու ոչինչ չունի: Ընդդիմությունը նրա համար է, որ ժողովուրդը համախմբված լինի, որ իշխանությունը ավելի լավ աշխատի»,- ասաց «Ժառանգության» քարտուղարը:
Մեկնաբանել