Պահանջում են Մանուկ Վարդանյանի հրաժարականը և արդեն պատրաստել են նրա հրաժարականի տեքստը
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ձևավորված «Արժանապատիվ տրանսպորտ» քաղաքացիական նախաձեռնությունը, հաշվի առնելով վերջին օրերին (մասնավորապես սեպտեմբերի 30-ից) մարզերից Երևան եկող տրանսպորտի բացակայությունն ու պատկան մարմինների` քաղաքացիների ազատ տեղաշարժվելու իրավունքի զանգվածային խախտման դեպքերը, պահանջում է ՀՀ կապի և տրանսպորտի նախարարի հրաժարականը:
Պահանջի մասին հայտարարությունը տարածվել է այս կեսգիշերին: Կոչին միացել է արդեն ֆեյսբուքյան 50-ից ավելի օգտատեր:
Նախաձեռնող անդամները, որպեսզի ավելի դյուրին դարձնեն նախարարի հրաժարականի աշխատանքները, նախապատրաստել են նաև հրաժարականի տեքստը:
Ներկայացնում ենք այն ձեր ուշադրությանը.
«Հարգելի համերկրացիներ,
Ես` Մանուկ Վարդանյանս, լինելով Տրանսպորտի և կապի նախարար, ապահովել եմ ձեզ տրանսպորտի այնպիսի միջոցներով, որի մեջ դուք ստիպված եք եղել կռանալ ծալապատիկ, հպվել հասարակական տրանսպորտից օգտվող այլ քաղաքացիների: Բարենպաստ պայմաններ եմ ստեղծել ջեբկիրների համար` իրենց «գործն» անելու, վարորդներին թույլ եմ տվել ոչ հիգիենիկ տեսքով սպասարկել հասարակությանը, ինչի հետևանքով ձեզանից շատերը ձեռք են բերել նյարդային բազմաթիվ հիվանդություններ և ՎՏԱՆԳԵԼ ԵՆ ԿՅԱՆՔԸ (ոմանք նույնիսկ զոհն են դարձել` իմ վերահսկմամբ գործող տրանսպորտի վթարների), իսկ վերջին շրջանում քաղաքական ենթատեքստով կոպտորեն խախտում եմ մարդու ազատ տեղաշարժվելու իրավունքը` նպաստելով դրանով մարդու` կարծիք ու տեղեկություն արտահայտելու, ստանալու և տարածելու իրավունքների խախտմանը:
Հաշվի առնելով այս և մի շարք այլ փաստեր` բարոյապես ինձ թույլ չեմ տալիս շարունակել նման իրավիճակն ու հայտնում եմ իմ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ մասին:
Հույս ունեմ ապագայում տեսնել ձեզ առավել արժանապատիվ և մարդկային պայմաններում երթևեկելիս:
Հարգանքներով` Մանուկ Վարդանյան»:
Նախաձեռնող խմբի անդամները, սակայն, չեն պատրաստվում սահմանափակվել միայն ֆեյսբուքյան կոչերով: Վերջիններս պատրաստվում են նաև բողոքի ակցիաներ իրականացնել Կապի և տրանսպորտի նախարարության դիմաց, ինչպես նաև այցելել տարբեր մարզեր` մոնիթորինգ իրականացնելու:
Նախաձեռնության ակտիվիստները նախատեսում են նաև մարզերից տրանսպորտի բացակայության վերաբերյալ գրավոր տեսքով պարզաբանումներ ստանալ Տրանսպորտի և կապի նախարարությունից ու «Հայավտոկայարան» ՓԲԸ-ից:
«Արժանապատիվ տրանսպորտ» քաղաքացիական նախաձեռնություն
Լուսանկարը՝ mtc.am կայքից
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել