«ԱԼՄ»-ն այլևս եթերում չէ
«Առանց եթեր էլ ես ձեզ կգտնեմ ամենուր»,- քիչ առաջ այս խոսքերով «ԱԼՄ» հեռուստաընկերության հիմնադիր, «Ժողովրդական կուսակցության» ղեկավար Տիգրան Կարապետյանը հրաժեշտ տվեց իր հեռուստադիտողներին: Հիշեցնենք, որ հունվարի 20-ը «ԱԼՄ» հեռուստաընկերության եթերի վերջին օրն էր:
Տիգրան Կարապետյանը եթերից դուրս հեռուստադիտողնրի հետ հանդիպման նոր վայրը հիշեցրեց` փետրվարի 28-ին Մատենադարանի հարակից տարածքում կայանալիք հանրահավաքը:
«Մենք, իրոք, պատասխանատվության ենք հրավիրելու իրենց: Մենք պահանջ ենք ներկայացնելու, լուրջ պահանջ` արտահերթ ընտրությունների: Չեն անի, մենք դուրս չենք գա այն տեղերից, որտեղ կմատնանշեն որպես արդարության հրապարակ կամ արդարության նստավայր: Պետք լինի, ես քարի վրա էլ կնստեմ, բայց ժողովուրդը կտեսնի, որ կամ պետք է մեզ սպանեն, կամ պետք է արդար ընտրություններ լինեն, որտեղ իշխանության նորմալ մարդիկ կլինեն, և իշխանությունը չի լինի օտարաված ժողովրդից: Այսօր դուք, մենք, բոլորս մեղք ենք: Հարգելիներս, մենք ձեզ սիրում ենք, մենք միասին ենք, ոչ մեկը չի կարող պառակտել մեզ»,- ավարտեց Տիգրան Կարապետյանը` հերթական անգամ հիշեցնելով մինչև փետրվարի 28-ը իշխանություններին տված ժամանակը:
«ԱԼՄ» հեռուստաընկերության վերջին` կենդանի եթերին հրավիրված էին նաև ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանը և «Ժողովրդի իշխանություն» հասարակական-քաղաքական նախաձեռնության անդամ, ՀԱԿ անդամ Զոյա Թադևոսյանը: Իսկ վերջին 30 րոպեն եթեր հեռարձակվեց «ԺԿ»-ի ղեկավարի վերջին հանրահավաքի ձայնագրությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել